Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՒԺԵԼ ԵՆ ՖԻԶԻԿԱՊԵՍ ԵՎ ՀՈԳԵՊԵՍ

Մարտ 21,2008 00:00

Բազմաթիվ խաղաղ ցուցարարներ, ոստիկաններ ու զինվորներ լուրջ վնասվածքներ են ստացել

\"\"Քաջիկ Հարությունյանն այս վիճակին է ընկել նստացույցին մասնակցելու համար:

 

\"\"Ոստիկաններն Արթուրին ծեծել են՝ առանց իմանալու, որ նա պարզապես անցորդ է։

\"\"Սերգեյը գլխին հարված է «կերել», հանուն զորամասի մեքենան փրկելու:

 

Մարտի 1-ի առավոտյան եւ երեկոյան Ազատության հրապարակում եւ Ֆրանսիական դեսպանատան մերձակայքում ոստիկանների, զինվորների եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների միջեւ տեղի ունեցած հայտնի իրադարձությունների հետեւանքով հարյուրավոր մարդիկ տեղափոխվել էին հիվանդանոց: Մարտի 1-ին, 2-ին եւ 3-ին «Առավոտն» այցելեց բուժհիմնարկներ, որտեղ տուժածներ կային: Բախման հետեւանքով տասնյակ վիրավորներ բուժօգնություն էին ստանում Նոր Նորքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Նշենք, որ տուժածների թվում կային մարդիկ, ովքեր որեւէ առնչություն չեն ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքների հետ եւ պատահաբար են ոստիկանների մահակներին արժանացել: Արթուր Միրումյանը հիվանդանոց էր տեղափոխվել գլխի վնասվածքով: Բժիշկների ախտորոշմամբ, նա ուղեղի ցնցում է ստացել: Արթուրին խնամում էր մայրը՝ Զեմֆիրա Ղազարյանը: Նա պատմեց. «Առավոտյան ամուսինս դուրս էր եկել գնումների, երբ լսեցինք, որ դրսում վիճակը խառն է, ես ու տղաս գնացինք ամուսնուս փնտրելու: Ժամը 9-ին 15 պակաս գտնվում էինք Աբովյան փողոցում՝ «Միլանո» խանութի մոտ: Հանկարծ տեսանք, որ համազգեստով մոտ 50 ոստիկան զինված Հյուսիսային պողոտայից դեպի մեզ էր գալիս, հարձակվեցին նաեւ մեզ վրա ու սկսեցին ծեծել, ես գոռում եմ, ասում եմ՝ ինչ եք անում, սպասեք, մենք ընդամենը անցորդ ենք, սակայն մեզ ոչ ոք չէր լսում: Տղաս տեսնելով, որ ինձ վրա են հարձակվել, եկավ ինձ պաշտպանելու: Ինձ խփեցին գցեցին մայթին ու տղայիս տարան: Այդ պահին Աբովյան փողոցով մարշրուտկա էր անցնում, այդ ոստիկանները դրան էլ կանգնեցրին, ուղեւորներին մեջից մեկ-մեկ հանում էին ու ծեծում: Հավանաբար՝ հրապարակում հավաքվածներն էին»:

Արթուր Միրումյանի պատմելով էլ. «Ոստիկանությունից մի մայոր հարձակվեց մորս վրա, ես կանգնեցի, որ մորս պաշտպանեմ, ինձ գետնին տապալեցին ու մի քանի անգամ հարվածելուց հետո ձեռնաշղթաներ հագցրին ու տարան Կենտրոնի ոստիկանություն: Ճանապարհին արդեն վատ էի, սրտխառնոց զգացի: Ոստիկանության բաժանմունքում զգացի, որ ուշագնաց եմ լինում: Գլուխս արյունահոսում էր: Ինձ փսխումներով հիվանդանոց տեղափոխեցին»:

Արթուրի մոր խոսքերով. «Տղաս երբեւէ նման ոչ մի միջոցառման, միտինգի չի մասնակցել, ոչ մի կուսակցության անդամ չենք եղել»:

Մարտի 1-ին գլխի վնասվածք է ստացել նաեւ արցախյան պատերազմի մասնակից Քաջիկ Հարությունյանը: Նա նստացույցի մասնակից է եղել: Քաջիկի պատմելով. «Մենք մեր վրանի մոտ նստած էինք, մարդկանց կեսն էլ վրանների մեջ էին, ոստիկանները շրջապատել էին մեզ, այդ ժամանակ մենք արդեն հասկացանք, որ ինչ-որ բան այն չէ: Մեր վրանը գտնվում էր Ալեքսանդր Սպենդիարյանի արձանի մոտ: Մեկ էլ ոստիկանները միանգամից, առանց զգուշացնելու հարձակվեցին ու ջարդը սկսվեց: Մենք դիմադրություն ցույց չենք տվել, ընդամենը փախել ենք: Մեզ հետ նաեւ անչափահաս երեխաներ կային, նրանց բռնեցին ու ոստիկանության բաժանմունք տարան: Մեզ էլ քշեցին Ֆրանսիական դեսպանատան մոտ: Հարվածել են դեմքիս, երիկամներիս»: Հարվածների հետեւանքով Ք. Հարությունյանի աջ ձեռքը կոտրվել է, ձախն էլ՝ ամբողջությամբ սալջարդ էր եղել:

Այդուհանդերձ, «Առավոտի» հետ զրույցում Նոր Նորքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նեյրովիրաբուժական բաժանմունքի վարիչ Ռոբերտ Գաբոյանը վստահեցրեց, որ մարտի 1-ին իրենց հիվանդանոց տեղափոխված որեւէ հիվանդ առողջական լուրջ վնասներ չի կրել, նրա խոսքերով. «Այդ հիվանդներն ավելի շատ հոգեպես են տուժել»: Ռ. Գաբոյանը նաեւ ասաց, որ այն տուժածները, որոնք թունավորվել էին գազից, առաջին բուժօգնություն ստանալուց հետո լավ վիճակում են եղել եւ դուրս են գրվել:

Մարտի 3-ի դրությամբ դեռ գիտակցության չէր եկել նույն հիվանդանոցի վերակենդանացման բաժնում գտնվող ծանր վիրավոր՝ 28-ամյա Ռուբեն Թորոսյանը: Նա հիվանդանոց էր տեղափոխվել գանգուղեղի հրազենային վնասվածքով: Ռ. Գաբոյանի ներկայացմամբ, Ռուբենը նույնպես պատահական զոհ է, քանի որ վիրավորվել է իր պատշգամբում. «Նա բնակվում է Լեոյի փողոցում եւ հանկարծ ձայներ լսելով դուրս է եկել պատշգամբ ու վիրավորվել»:

ՀՀ ներքին զորքերում ծառայող Սերգեյ Սարգսյանը նույնպես այդ հիվանդանոցում էր բուժվում: Նա այստեղ է տեղափոխվել գլխի վնասվածքով: Սերգեյի պատմելով. «Ձկան խանութի հարեւանությամբ մեքենայի մոտ կանգնած էինք: Մեզ նահանջ հրամայեցին: Այդ պահին տեսա, որ մեր վրա կատաղած ամբոխ է գալիս: Նստեցի մեքենան, որպեսզի հեռանամ: Քարով խփեցին, ապակին կոտրվեց ու քարը կպավ գլխիս: Երկրորդ անգամ էլ սալահատակի քարով հարված ստացա գլխիս ու արդեն կիսաուշաթափ ոտքս դրել եմ գազին, որ մի կերպ հեռանամ այդտեղից: Եթե թողնեի մեքենան ու փախչեի, գուցե վնասվածքներ չստանայի, բայց քանի որ վարորդ էի եւ մեքենայի պատասխանատվությունն ինձ վրա էր դրված, մտածեցի մեքենան էլ փրկեմ: Բավարար ուժ ունեինք այդ մարդկանց կասեցնելու եւ դիմակայելու համար: Բայց նրանց վրա ուժ գործ դնելու հրաման չի եղել: Զինվորները շիտերով փակվել են, կանգնել նրանց ճանապարհին ու հարվածների տակ ընկել: Նրանք մեզ վրա հարձակվում էին, անվայել բառեր էին ասում, հայհոյում էին, ասում էին՝ դուք թուրք եք, ազգի դավաճան ու պիտի սատկեք, էս գիշեր չլուսացնեք: Ժողովրդի վրա կրակող չի եղել, կրակել են միայն օդում՝ նախազգուշացնելու համար: Մեր զորամասի 4 «վիլիսներից» միայն իմն եմ հետ տարել»:

Սերգեյի հոր՝ Մկրտիչ Սարգսյանի խոսքերով էլ. «Ոչ մեկին չեմ մեղադրում: Չհաջողվեց այնպես անել, որ բոլոր խավերն այսպես տարանջատված չլինեն: Իրոք, կային մարդիկ, որոնք դժգոհ էին այս վիճակից: Ոմանք օգտագործեցին այս փաստը: Բայց, որ կար կայունություն ու կյանքի որակն էլ ինչ-որ չափով լավացել էր, դա փաստ էր: Կարծում եմ, իշխանությունները սրանից որոշ հետեւություններ կանեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել