Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական հեղաշրջման փորձ չի եղել

Մարտ 21,2008 00:00

Ինչո՞վ էր զբաղված ՀՀ ԱԳՆ-ն 20 տարի

«Անմարդկային վերաբերմունք ժողովրդի այն մի հատվածի նկատմամբ, որոնց «մեղքն» էր՝ ընդամենը տեղյակ լինել ընտրությունների ճշմարիտ արդյունքներին: Դա դարձնել ժողովրդի ծեծ ու ջարդ, շինծու ձեւով վերաբերվել մարդկանց հետ եւ այլն՝ ապացույցն են նրա, որ այս համակարգն այլեւս անելիք չունի մեր երկրում: Այն, ինչ տեղի ունեցավ այդ ինը օրերի ընթացքում՝ 18 տարվա կուտակված սոցիալական անարդարության, գործազրկության, աղքատության լեռնացած պոռթկումն էր»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն այսպես բնութագրեց հետընտրական զարգացումները, մասնավորապես՝ մարտի 1-ի վաղ առավոտյան Օպերայի հրապարակում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք իրենց շարունակությունն ունեցան Ֆրանսիական դեսպանատանը հարող տարածքում, ապա՝ Գրիգոր Լուսավորչի, Մաշտոցի եւ Լեոյի փողոցներում: Իշխանական թեւն անընդհատ թմբկահարում է՝ թե տեղի էր ունենում պետական հեղաշրջում եւ նման բաներ, մեր զրուցակիցը հակադարձում է. «ՀԿԿ-ն միշտ էլ դատապարտել է Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀՀՇ-ի ղեկավարման ժամանակաշրջանը, հիմա էլ դատապարտում է նրանց ղեկավարած շարժումից ստացած արդյունքները, բայց եթե դա պետական հեղաշրջում էր՝ հավաքված ժողովուրդը կհարձակվեր պետական օբյեկտների վրա՝ հեռուստատեսություն, կառավարություն, նախագահի նստավայր եւ այլն: Այնպես որ, այդ բազմահազարանոց միտինգների ժամանակ երբեւէ որեւէ ավելորդ բան տեղի չի ունեցել: Կարիք չկա այսօր շինծու ձեւով մեր ժողովրդի մի հատվածին վերագրել «արյունարբու» պիտակը»: Դատապարտելով մարտի 1-ի իրադարձությունները, ընկեր Թովմասյանը կոչ է անում արդարամիտ լինել եւ խոստովանել, որ «Իշխանությունները շատ բան արեցին՝ հրահրելու այդ երեւույթները եւ այսօր հպարտանում են մասսայական ձերբակալություններով: Ո՞վ է թույլ տվել այդ ձերբակալումները, մարդկանց տեղի-անտեղի տներից տանելը, իբր հարցաքննում են եւ այլն. սա պատիվ չի բերում մեր ժողովրդին: Նայեք մեր պատմությունը. հայ ժողովուրդը միշտ եղել է ստեղծագործ եւ ազգային արժանապատվությունը գնահատող»: Այս ամենում ՀԿԿ առաջնորդը հատուկ է ընդգծում նախագահի այն թեկնածուների բացասական դերակատարումը՝ «Ովքեր իբր ընդդիմադիրներ հանդես էին գալիս ժողովրդի անունից, ժողովրդին լարում իշխանության դեմ՝ դրա հետ միասին բանակցում էին, իսկ այսօր էլ կոալիցիոն կառավարության անդամի կարգավիճակով են խոսում: Այդ մարդիկ եւս պատասխանատու են պատմության առջեւ»:

Մեր զրուցակիցը դատապարտում է «մայրաքաղաքը կասկածամտությամբ լցնելու մոլուցքը. տեսեք, թե ինչ է կատարվում դպրոցներում, ընտանիքներում… չեք գտնի մի երեխա, որը իր բջջայինի վրա չունենա թուրքալեզու, մեր երկիրը խայտառակող ինչ-որ տեսարաններ, ինչ-որ DVD-ներ. ո՞վ պիտի սրա պատասխանը տա, չէ՞ որ սերունդ է մեծանում: Ավելին, ամեն ինչ արվում է այդ ամենը սքողելու, փոխարենը համերաշխության մթնոլորտ ստեղծելու»: ՀԿԿ-ն պահանջում է, որ վերջ տրվի անօրինական ձերբակալություններին, հարուցված գործերին արագ ընթացք տրվի եւ անմեղ մարդիկ չդատապարտվեն. «Եվ բավական է մեր ժողովրդին զինված ազգի պիտակ կպցնել, անմատնահետք զենքեր ցուցադրել… »: Ստեղծված իրավիճակում ապագա կառավարության մասով էլ ՀԿԿ առաջին քարտուղարն ասում է. «Եթե Քրիստոսն իր 12 առաքյալներին իջեցնի եւ ասի՝ ահա ազնվագույնները, նշանակեք, եթե անգամ մեկ արատավորված, մականունավոր մարդ մնաց այդ կառավարությունում՝ այն դատապարտված է լինելու: Այսօր էլ կան մարդիկ՝ նախկիններ, որ արդեն քարոզարշավ են մղում ազատված պատգամավորական տեղերի համար եւ իրենց ելույթներով էլ արջի ծառայություններ են մատուցում իշխանությանը: ՀԿԿ-ի բացասական կարծիքը իշխանության մասին հայտնի է, բայց կարիք չկա իշխանության գլխի տակ փափուկ բարձ դնել՝ թե ամեն ինչ լավ եք արել, էդպես էլ շարունակեք: Ժողովուրդն այսօր ուզում է ճշմարտության ձայնը լսել: Կարիք չկա ժողովրդին անընդհատ ստով գրգռել, բոլորս էլ ականատես ենք եղել եւ տեսել ենք՝ ինչ է կատարվել: Չի կարելի ժողովրդին այսպես խեղճացած եւ նսեմացած վիճակում պահել: 18 տարի նույն բացերի մասին խոսում ենք, ազատ-արդար-թափանցիկ գոռալով՝ գնում հակառակն ենք անում»: Ցավակցելով զոհվածների ընտանիքներին եւ հարազատներին, ընկեր Թովմասյանը համոզված է, որ եթե քաղաքական այրերը, հատկապես իշխանական, ողջամիտ գտնվեին, հնարավոր կլիներ կատարվածից խուսափել: Նա նաեւ կարծում է, որ զինվորին մենք պետք է մեր հավատքի պես պահենք եւ պահպանեք. «Կարիք չկա կեղծ, դեկորատիվ բաներով հեղինակազրկել նաեւ զինվորներին՝ նրանց փողոցներում շարելով: Հայ ժողովուրդը, մանավանդ մայրաքաղաքի, բարձր գիտակցություն ունի եւ դրանով է նաեւ բացատրվում, որ մինչ օրս որեւէ ավելորդ բան մայրաքաղաքում չի եղել: Եթե զինվորները չլինեին, ես համոզված եմ, որ դարձյալ որեւէ ավելորդ բան չէր լինի»:

Ստեղծված իրավիճակում, մեր զրուցակիցը կարծում է, որ բացասական դերակատարում ունեցան նաեւ ընդդիմադիր եւ ազատ ԶԼՄ-ների սահմանափակումները եւ ժողովրդին միայն իշխանական կարծիքի պարտադրումը, ինչը նույնպես լուրջ ընդվզում ծնեց: Մեր զրուցակիցը ընդվզում է նաեւ ԼՂՀ-ի վերաբերյալ օրերս ՄԱԿ-ում ընդունված բանաձեւի առիթով. «Փոխարեն ասենք, որ պարոն Օսկանյանը ձախողել է ամբողջությամբ՝ սվաղում ենք: Ասում են՝ 100 երկիր ձեռնպահ է մնացել. դուք ասեք՝ քանի՞սն են «դեմ» եղել, ընդամենը 7-ը: Այս 100-ը վաղը հակառակը կասեն: Ինչքան ՄԱԿ-ը ընդունենք, թե՝ ոչ, ասենք՝ դա իրավական փաստաթուղթ չի՝ այն անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուր երկիր կօգտագործի: Ինչո՞վ էր զբաղված իշխանությունը 20 տարի, եթե Օսկանյանն այսօր ասում է՝ մեզ չհաջողվեց ՄԱԿ-ի անդամ երկրներին ճշմարտությունը բացատրել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել