Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԻ ԽՈՍՔԵՐՈՎ

Մարտ 21,2008 00:00

\"\"Խոշտանգումների մասին մոնիտորինգ իրականացնող Դավիթ Հակոբյանը անձնական օրինակով կհամեմի իր զեկույցը:

«Եկել էր մարդու իրավունքների պաշտպանը՝ ով ինձ ժամանակին դաս է տվել եւ որի գրասենյակում էլ մի ծրագրով աշխատում եմ` որպես Միավորված ազգերի կազմակերպության փորձագետ: Աշխատում եմ ՄԱԿ-ի գրասենյակում եւ զուտ հետաքրքրության համար եկա, որ տեսնեմ… Մոտեցա Արմեն Հարությունյանին, որպես իմ նախկին դասախոսի՝ ասացի՝ էս ի՞նչ է կատարվում, էդ պահին ինձ քաշեցին, գցեցին ու սկսեցին դուբինկաներով հարվածել: Հետաքրքիր է, ինքս իրականացնում եմ մոնիտորինգ՝ խոշտանգումների գծով ու ինքս ենթարկվեցի խոշտանգման: Ի դեպ, ցույցերի եմ մասնակցել Փարիզում, ուսանողական ցույց էր, երբ որ էնտեղ սովորել եմ. ֆրանսիացին մեզ էս օրը չի գցել, ինչ որ իմ հայ ժողովրդի զինվորը… հասան ու 20-30 հոգով խփում էին դուբինկաներով»,- մարտի մեկին, ժամը 11-30- 12.00-ի սահմաններում, ՀՀ-ում ֆրանսիական դեսպանատանը հարող տարածքում «Առավոտի» հետ զրույցում իր գլխին եկածի մասին պատմեց Դավիթ Հակոբյանը: Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում վաղ առավոտյան տեղի ունեցած իրադարձություններից հետո ցուցարարները հավաքվել էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Նրանց հսկում էին ոստիկանները, ներքին զորքերի զինծառայողները եւ հատուկ նշանակության ջոկատը: «Հսկիչների» թիվն անընդհատ ավելանում էր եւ նրանք զինված էին, ժամը 13.00-ի սահմաններում զրահամեքենա ու ջրցան մեքենաներ էլ բերվեցին: Ցուցարարները վանկարկում էին՝ «Լեւ-ոն, Լեւ-ոն», «մի-ա-ցում», «Ար-թուր, դա-վա ճան», «Սեր-ժիկ, հեռա-ցիր»:

Ժամը 11.00-ի սահմաններում ահազանգեր ստացվեցին, որ հատուկ նշանակության ջոկատի զինվորները եւ ոստիկանները ծեծի են ենթարկում ցուցարարներին: Երբ ես տեղ հասա, այսպես կոչված, միջադեպն արդեն ավարտվել էր, բայց տուժածները եւ ականատեսները մեզ հետ զրույցում պատմում էին կատարվածի մասին: Ծեծի արդյունքում Դավիթ Հակոբյանն ամբողջովին արնաթաթախ էր, կեղտոտ եւ պատառոտված հագուստով: «Առավոտի» հարցին՝ ի՞նչն էր պատճառը, որ զինվորները հարձակվել եւ ծեծել են իրեն, նա պատասխանեց. «Ոչինչ: Մոտեցա օմբուդսմենին՝ զուտ զրուցելու, որպես իմ դասախոսի եւ ասեմ, որ պարոն Հարությունյան, թող մարդկանց չհարվածեն ու…»: Մինչ այդ, դեսպանատան հարեւանությամբ գտնվող «Գլաձոր» համալսարանի բակում համալսարանի բժշկուհի Վալենտինա Օխիկյանը (բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ) «Առավոտի» հետ զրույցում պատմեց հետեւյալը. «12-ին տաս պակաս զանգը տվեց, երեխաները ելան դուրս՝ նայելու: Էստեղ կանգնած էին, հանգիստ՝ ուսանողները ոչինչ չէին անում, կլինեին մի 50 հոգի՝ դուբինկաներով, մասկաներով, հարձակվեցին ուսանողների վրա՝ ծեծեցին, խփեցին… գլխապտույտներով, ուշագնացությամբ երեխաներին ես էլ օգնություն ցուցաբերեցի: Հիմա մի մասը վերեւում է՝ սառույց ենք դրել, մի մասն էլ կաբինետում է»: Այնուհետեւ բժշկուհին ինձ ուղեկցեց համալսարանի երրորդ հարկի լսարաններից մեկը, որտեղ նստարաններին մի կերպ՝ ինչքան որ հնարավոր էր փայտե նստարանին պառկեցնել, պառկեցրել էին ծեծի ենթարկված ուսանողներին: Իրենք՝ տուժածները, սարսափած տեսք ունեին եւ վախվորած ձայներով ասում էին, որ հիմա չեն կարող կամ չեն ուզում խոսել:

Գերագույն խորհրդի նախկին պատգամավորներ Մկրտիչ (Սոս) Գիմիշյանը եւ Արմեն Կիրակոսյանն էլ, ովքեր հանրահավաքների ակտիվ մասնակիցներ էին, «Առավոտի» հետ զրույցում պատմեցին, որ առավոտյան 9.00-ի սահմաններում Թումանյան-Մաշտոցի պողոտա խաչմերուկում ոստիկանները եւ զինվորները համատարած խուզարկում էին հավաքված կամ անցորդ մարդկանց. «Բռնություններ էին կիրառում, դուբինկաներով քշում էին: Ինձ եւ Կիրակոսյան Արմենին էլ խուզարկեցին, զենք էին ման գալիս. զենք չկար՝ թողին գնացին»: Իսկ «Սուրբ Աստվածածին» բժշկական կենտրոնի աշխատակից, բժշկուհի Անահիտ Հակոբյանը, ով վաղ առավոտյան եղել էր Ազատության հրապարակում, պատմեց. «Ես առավոտյան 8-8.30-ի սահմաններում եմ եղել օպերայում, արդեն էդ ծեծված ժողովրդին… արյունը գետնին թափված… Թումանյան փողոցում էր հավաքված բազմությունը՝ հարձակվեցին գազանաբար, վերջին հայհոյանքներով, ծեծով-ջարդով՝ տանելով ժողովրդին մինչեւ պրոսպեկտի շուկա: Մարդը արյունաքամ էր լինում՝ ես չէի հասցնում, որ էդ վերքերի վրա գոնե ձեռքերս դնեի, մինչեւ պրոսպեկտի շուկա քարշ տվեցին: Ժողովուրդը տներից խնդրում էր՝ անաստվածներ, մի սպանեք, մեր ժողովուրդն ա… բացարձակ հայեցի մոտեցում չկար: Եթե ապրեմ Հայաստանում՝ տասը տարի ինձ պետք ա, որ էդ դեմքերը մոռանամ՝ «օմոնի» զինվորների ու էդ ծեծված տղաների: Գիտեք, ստեղ հարցը մեկը կամ մյուսը չի. ամբողջ մի ազգի արժանապատվություն ոտնահարվեց, բռնաբարվեց: Խի՞, կես միլիոն ժողովրդի կյանքի ու ճակատագրի, որոշման հետ խաղ ե՞ն անում»: Ի դեպ, նա այն երեք կամավոր բժշկուհիներից մեկն էր, ովքեր իրենց վրա էին վերցրել Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած ցուցարարների խնամքը եւ հսկողությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել