Մարտի 1-ին հաջորդած օրերին միջազգային հանրությունը մեկը մյուսից կոշտ հայտարարություններ էր անում Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Այսօր արդեն կարելի է արձանագրել, որ այդ հայտարարություններն ու կոչերն անտեսվեցին: Ավելին՝ միջազգային կառույցների եւ նրանց ղեկավարների այդ գնահատականները գերազանցապես չէին էլ հաղորդվում այն լրատվամիջոցներով, որոնք շարունակում էին գործունեությունն արտակարգ դրության պայմաններում: Փոխարենը հաղորդվում էր այդ հայտարարություններին պաշտոնական մարմինների, զանազան խոսնակների հեգնախառն արձագանքը: Որոշ մեջբերումներ ներկայացնենք, թե այդ ինչ հայտարարությունների էին նրանք հակահարված տալիս:
2-ը մարտի
Հրապարակվեց ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Շոն ՄաքՔորմաքի հայտարարությունը, որում խորը ափսոսանք էր հայտնված Երեւանում տեղի ունեցած հուզումների կապակցությամբ, եւ մասնավորապես ասված էր. «Հուսով ենք, որ այսօր հայտարարված արտակարգ դրությունը արագ կվերացվի, եւ քաղաքական երկխոսությունը կվերականգնվի»:
Հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Լուիզ Արբորը՝ մտահոգություն հայտնելով խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման հաղորդումների եւ ընդդիմադիր ցուցարարների կալանավորման առիթով:
3-ը մարտի
ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուիգի հայտարարության մեջ նշված էր. «Հայտարարված արտակարգ իրադրությունը ծայրահեղ միջոց է եւ պետք է վերացվի հնարավորինս շուտ՝ խաղաղ ցուցարարների շրջափակումը եւ լրատվամիջոցների սահմանափակումը իսկական ժողովրդավարների լավագույն պատասխանը չէ այլախոհ հայացքներին»:
Հայտարարություն տարածեց ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը՝ նշելով. «Հորդորում եմ իշխանություններին հետաքննել մահվան բոլոր դեպքերը եւ ուժի կիրառման չարաշահման վերաբերյալ մեղադրանքները: Ակնհայտ է, որ հետաքննությունը պետք է կենտրոնանա հանցագործությունները կատարողներին հայտնաբերելու վրա եւ ոչ թե օգտագործվի քաղաքական ընդդիմախոսներին հետապնդելու համար»: Նա եւս հույս էր հայտնել, թե արտակարգ իրադրությունը կվերացվի շատ շուտով. «Մինչ այդ հորդորում եմ իշխանություններին քննարկել սահմանված սահմանափակումների արդարացվածության հարցը, հատկապես զանգվածային լրատվության, քաղաքական կուսակցությունների եւ ոչ կառավարական կազմակերպությունների դեպքում: Այս սահմանափակումները խոչընդոտում են քաղաքական երկխոսությանը, որը ներկա իրավիճակում քաղաքական լուծում գտնելու միակ ճանապարհն է»: Ըստ Թերի Դեւիսի՝ «Արտակարգ իրավիճակը սահմանափակում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով պաշտպանվող մի շարք իրավունքների եւ ազատությունների իրագործումը»:
4-ը մարտի
Հրապարակվեց Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների հայտարարությունը, որում ասված էր. «Հորդորում եմ Հայաստանի կառավարությանը վերացնել մարտի 1-ին հայտարարված արտակարգ իրադրությունը: Ես նաեւ կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին վերացնել նախագահության նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը եւ ազատ արձակել բոլոր քաղաքացիներին, որոնք ձերբակալվել են խաղաղ հավաքներ կազմակերպելու իրենց իրավունքը իրականացնելու համար»:
Այդ օրը հայտնի դարձավ նաեւ ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտիի հայտարարությունը. «Արտակարգ դրությունը չպետք է կառավարության կողմից կիրառվի որպես այլընտրանքային աղբյուրներից տեղեկություն ստանալու հասարակության իրավունքը սահմանափակելու միջոց: Բազմակարծությունը ապահովող տեղեկատվությունը ապահովում է իշխանությունների գործողությունների թափանցիկությունը նույնիսկ ամենածայրահեղ ժամանակաշրջանում»:
5-ը մարտի
Հրապարակվեց Եվրամիության նախագահության հայտարարությունը (նրանք մի հայտարարություն էլ արեցին մարտի 13-ին), որում Հայաստանի իշխանություններին կոչ էր արված «ազատ արձակել բոլոր քաղաքացիներին, ովքեր ձերբակալվել են խաղաղ հավաքների իրենց իրավունքը իրականացնելու համար, եւ վերացնել արտակարգ դրությունը, որով սահմանափակումներ են մտցվել մամուլի ազատության, հավաքների ազատության եւ քաղաքական կուսակցությունների նկատմամբ»: Եվ Եվրամիությունը Հայաստանին առաջարկեց իրականացնել մարտի 1-ի իրադարձությունների եւ դրանց հանգեցրած հանգամանքների անկախ հետաքննություն:
Նույն օրը նաեւ Կանադայի արտգործնախարար Մաքսիմ Բերնիեն կոչ արեց Հայաստանի իշխանություններին. «Ամենուրեք մարդկանց ժողովրդավարական իրավունքն է՝ հավաքվել եւ հայտնել իրենց տեսակետները, քանի դեռ դա արվում է խաղաղ ճանապարհով: Մենք հորդորում ենք Հայաստանի կառավարությանը հարգել այդ հիմնարար ազատությունները` հնարավորինս շուտ վերացնելով արտակարգ իրադրությունը»:
7-ը մարտի
Եվրոպայի խորհրդի տեղական եւ շրջանային իշխանությունների համագումարի նախագահ Հալվդան Սքարդը հայտարարեց. «Ես խիստ մտահոգված եմ Հայաստանի ներքաղաքական ճգնաժամով եւ մայրաքաղաք Երեւանում արտակարգ դրություն սահմանելու փաստով, ինչը ազդեցություն կգործի նաեւ տեղական մարմինների վրա՝ երկրի ամբողջ տարածքում»: Նա հույս հայտնեց, որ արտակարգ դրությունը շուտով չեղյալ կհայտարարվի, քանի որ գոյություն ունեցող իրավիճակը կարող է ազդեցություն գործել նաեւ այս տարի նախատեսված տեղական իշխանության ընտրությունների վրա:
11-ը մարտի
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան մեր երկրից վերադառնալուց հետո խստորեն դատապարտեց ընդդիմադիր ցուցարարների նկատմամբ Հայաստանի իշխանությունների գործադրած բռնությունները, նշելով, թե ակնհայտ է, որ կառավարական ուժերի արձագանքը «կոպիտ եւ վայրագ էր»: Մեթյու Բրայզան նաեւ մտահոգություն հայտնեց անկախ մամուլի նկատմամբ գործադրվող սահմանափակումների վերաբերյալ: Հորդորեց վերացնել արտակարգ դրությունը եւ վերջ տալ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ առնչություն ունեցող ընդդիմության ակտիվիստների ձերբակալություններին:
13-ը մարտի
«Ազատություն» ռ/կ-ն տարածեց Սպիտակ տան խոսնակ Թոնի Ֆրատոյի հայտարարությունը, որով մտահոգություն էր հայտնված Հայաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ. «Հայաստանի կառավարությունը պետք է ապահովի օրենքի գերակայությունը, վերացնի արտակարգ դրությունը եւ վերականգնի մամուլի ազատությունը: Մենք հորդորում ենք քաղաքական երկխոսություն սկսել կառավարության եւ ընդդիմության միջեւ՝ իրավիճակը հնարավորինս արագ կարգավորելու համար»:
Հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն ԵԱՀԿ մշտական խորհրդի ներկայացուցիչներին զեկուցելով Հայաստան կատարած իր վերջին երկու այցերի մասին՝ կոչ է արել Հայաստանի իշխանություններին դադարեցնել արտակարգ դրությունը եւ սկսել երկխոսություն ընդդիմության հետ: Նա նշել է, որ Հայաստանի իշխանությունների շահերից է բխում այսօր քայլեր ձեռնարկել ճգնաժամը կարգավորելու ուղղությամբ:
Այդ օրը նաեւ հայտնի դարձավ, որ «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը նամակով պաշտոնապես զգուշացրել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որ վերջին իրադարձությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրով Հայաստանի ֆինանսավորման վրա. Դանիլովիչը նաեւ հայտնել էր, որ կորպորացիան վերանայում է Հայաստանում իր աշխատանքի գործառնական տեսանկյունները այդ իրադարձությունների լույսի ներքո, ներառյալ լրատվամիջոցների ազատության սահմանափակումը եւ արտակարգ դրության հայտարարումը:
Երեկ ասուլիսում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտնեց, որ Դանիլովիչին իր պատասխան նամակում ափսոսանք է հայտնել եւ խնդրել վերջնական որոշում կայացնելու պարագայում նախօրոք տեղեկացնել իրեն` հետագա անելիքը ծրագրելու համար: Հիշեցնենք, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան նախատեսել էր Հայաստանում գյուղական վայրերի զարգացման համար տրամադրել ընդհանուր առմամբ 235 միլիոն դոլար:
14-ը մարտի
Հայտնի դարձավ, որ Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում բանաձեւ է ընդունել, որում Հայաստանի կառավարությանը մասնավորապես կոչ է արված վերացնել արտակարգ դրությունը, վերականգնել լրատվամիջոցների ազատությունը, ինչպես նաեւ ազատել բոլոր այն մարդկանց, ովքեր ձերբակալվել են «հավաքների ազատության իրենց իրավունքից օգտվելու պատճառով»: Եվրախորհրդարանը նաեւ դիմել էր Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին՝ կոչ անելով զսպվածություն ցուցաբերել, հրապարակային հայտարարությունների ավելի հանդարտ տոնայնություն որդեգրել՝ ներգրավվելով արդյունավետ ու կառուցողական երկխոսության մեջ:
18-ը մարտի
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը Հայաստան կատարած եռօրյա այցից հետո մասնավորապես հայտարարեց. «Ցուցարարները, ովքեր բռնի գործողություններ են իրականացրել, պետք է պատասխանատվության կանչվեն, ինչպես պետք է պատասխանատվության կանչվեն ոստիկանները, ովքեր թույլատրելի մակարդակը գերազանցող ուժ են կիրառել։ Սակայն ձերբակալություններ եւ հետապնդումներ չպետք է իրականացվեն մարդկանց նկատմամբ զուտ ցույցերին մասնակցելու կամ կառավարության դեմ ուղղված կարծիքներ արտահայտելու համար»:
Նա նաեւ շեշտեց. «Գրաքննությունը, որը ներմուծվել է արտակարգ իրավիճակի հետ միասին, նպաստել է բնակչության շրջանում կատարվածի շուրջ ասեկոսեներին եւ անհանգստությանը այն ժամանակ, երբ վստահության վերականգնման միջոցառումների խթանման կարիք կար։ Այն փաստը, որ որոշ կառավարամետ լրատվամիջոցներ հակված էին պախարակել ընդդիմությանը, մինչ ընդդիմադիր մամուլը չէր շրջանառվում, չի նպաստել կառուցողական մթնոլորտին»։
Ի դեպ, Թոմաս Համմարբերգն իր ամբողջական զեկույցը հրապարակեց երեկ՝ մարտի 20-ին: Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ նա Հայաստանի իշխանություններին նաեւ կոչ է արել հավաքների վերաբերյալ օրենքում փոփոխությունները ուժի մեջ մտցնել միայն այն բանից հետո, երբ կպարզվի դրանց համապատասխանությունը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային:
19-ը մարտի
ԵԽ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությամբ հայտնի դարձավ, որ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը Փարիզում կայացած հանդիպման ժամանակ իր խորին մտահոգությունն է հայտնել Հայաստանում ավելի քան 100 մարդու կալանավորման եւ այդ կալանքների իրականացման պայմանների առնչությամբ: Հանձնաժողովի կարծիքով, ընդդիմության մեծ թվով առաջնորդների եւ խորհրդարանի երեք պատգամավորների կալանավորումը անխուսափելիորեն ընկալվում է որպես իշխանությունների կողմից ընդդիմության նկատմամբ բռնություններ եւ չի նպաստի Հայաստանում լարվածության թուլացմանը:
20-ը մարտի
Երեկ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում՝ արձագանքելով դիտարկմանը, թե չնայած Արեւմուտքի եւ Միացյալ Նահանգների հորդորներին՝ Հայաստանի իշխանություններն ավելի քան 100 մարդ են ձերբակալել եւ օրենք է ընդունվել, որը սահմանափակում է հանրահավաքներն ու զանգվածային միջոցառումները նույնիսկ արտակարգ դրության վերացումից հետո, եւ պատասխանելով հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները որեւէ ազդեցության լծակ ունի՞, հնարավո՞ր են արդյոք պատժամիջոցներ՝ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդն ասաց. «Ես չեմ խոսի պատժամիջոցների մասին: Ես կխոսեմ այն մասին, թե ինչպես պետք է Հայաստանը կարգավորի իրադրությունը եւ վերադառնա ժողովրդավարական ուղի: Ցույցերը եւ անմիջապես ընտրություններից հետո ծագած խնդիրները մեկ բան են, բայց ահագնացող ճնշումները լուրջ մտահոգություն են առաջացնում: Մենք ողջունում ենք արտակարգ դրության վերացումը, բայց կան այլ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Բռնությունների կամ բռնարարքների համար ձերբակալված մարդիկ մեկ բան են, բայց մարդիկ, որոնք ձերբակալվել են կասկածելի պատճառներով, պետք է ազատ արձակվեն: Պետք է երկխոսություն լինի ընդդիմության հետ: Սա մտահոգիչ իրադրություն է Հայաստանի բոլոր բարեկամների համար»:
Հ. Գ. Այս հրապարակման մեջ չենք ներառել արտերկրում լույս տեսած բազմաթիվ հրապարակումներ: Մեջբերենք միայն մարտի 7-ին «Նյու Յորք Թայմս»-ի խմբագրականից. «Ժողովրդավարությունը, ինչի մասին հայերը երազել են տասնամյակներ շարունակ Մոսկվայի լծի տակ, ձեռքից գնում է», եւ ընդգծված է, թե «շատ կարեւոր է կանգնեցնել ավտորիտարիզմին նման անցումը»: Իսկ Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպայի ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը «Ուոլ Սթրիթ Ջոռնըլ» պարբերականում մարտի 13-ին հրապարակած հոդվածում նշել է, թե կատարվածում մեղքի իր բաժինն ունի նաեւ միջազգային հանրությունը, քանի որ միջազգային հաստատությունները ներկայացնող դիտորդները սովորաբար հակված են շատ արագ հավանություն տալ ընտրություններին՝ «առաջնորդվելով քաղաքական նպատակներով. աջակցել կառավարության թեկնածուին հանուն «տարածաշրջանային կայունության», կամ էլ պարզապես նպաստել առանձին դաշնակիցների՝ իշխանության մնալուն»: