Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծում եմ՝ ամեն ինչ կգնա նորմալ հունով»

Մարտ 21,2008 00:00

\"\"ՀՀԿ մամուլի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը կարեւոր է համարում, որ ԶԼՄ-ների գործունեությունը արգելող որոշ սահմանափակումներ հանվեցին:

– Մոտ երկու շաբաթ հանրապետությունում չեն տպագրվում մի շարք թերթեր, փակ են բազմաթիվ էլեկտրոնային կայքեր, փոխարենը մի քանի թերթ եւ բոլոր հեռուստաընկերությունները անարգել ու միակողմանի տեղեկատվություն են տարածում: Փաստորեն, այսպիսով ոտնահարված է մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը, ինչը բոլոր միջազգային կառույցները դատապարտում են: Արդյոք ճի՞շտ եք համարում այս իրավիճակը:

– Նախ, հստակ պետք է գիտակցենք, որ նորընտիր նախագահը եւ նրա թիմը իրենց գործունեության ընթացքում ապացուցել են, որ մարդու իրավունքների եւ խոսքի ազատության ջատագովներ են, եւ որեւէ հետընթաց այս ոլորտում չի լինելու: Բայց իշխանությունները պատասխանատու են երկրում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների համար, այդ թվում՝ նաեւ անվտանգության եւ հասարակական կարգի պահպանման համար: Եթե իրավիճակը հասնում է ծայրահեղության, իշխանությունները պարտավոր են օրենքով սահմանված պայմաններում իրականացնել իրենց լիազորությունները, եւ ՀՀ նախագահ Քոչարյանը մարտի 1-ից հենց այդ պատճառով էլ արտակարգ դրություն հայտարարեց: Կարծում եմ՝ շիկացման մթնոլորտի ստեղծման գործում իրենց վատ դերակատարությունն ունեցան որոշ լրատվամիջոցներ, որոնք ամիսներ շարունակ միայն կեղծիք, սուտ եւ հայհոյանք էին տարածում այն բոլոր գործիչների, քաղաքական դեմքերի հասցեին, ովքեր իրենց հետ համամիտ չէին: Այս իրավիճակում պետք է տարբերակել խոսքի ազատությունը անկարգությունից: Բայց արդեն իսկ որոշ սահմանափակումներ հանված են, դուք, օրինակ, արդեն աշխատում եք, եւ այսուհետեւ, կարծում եմ, ամեն ինչ կգնա նորմալ հունով. քաղաքական գործիչները եւ դուք՝ որպես չորրորդ իշխանություն, պետք է խոսքի ազատությունը շատ բարձր գիտակցենք, եւ ազատությունը պետք է տեղավորվի օրենքի շրջանակներում: Ես չեմ կարծում, թե այն սուտը, որ կար որոշ թերթերի էջերում՝ ազատության հետ որեւէ կապ ունի: Ես համոզված եմ, որ մեր նորընտիր նախագահը՝ պարոն Սերժ Սարգսյանն իր թիմով, ամբողջ հասարակությունը եւ քաղաքական ուժերը կանեն ամեն ինչ, որ Հայաստանում խոսքի ազատությունը իրոք լինի նորմալ բարձրության վրա:

– Ստացվում է, որ այն լրատվամիջոցները, որոնք տպագրում են տեղեկություններ, որոնք հաճո չեն իշխանությունների քիմքին, չպետք է տպագրվեն, իսկ այն ԶԼՄ-ները, որոնք առավոտից իրիկուն միայն իշխանահաճո բաներ են տարածում, պետք է գործեն անարգել: Վերջին երկու շաբաթվա միակողմանի տեղեկատվությունն ուրեմն տեղավորվո՞ւմ էր օրենքի շրջանակներում:

– Կարծում եմ՝ արտակարգ դրության պայմաններում նման գործելաոճն արդարացված է, եւ ամենակարեւորն այն է, որ որոշակի սահմանափակումներն այսօր արդեն հանվեցին եւ ամեն ինչ իր հունով կգնա:

– Նախընտրական շրջանում ձեր կուսակցությունը եւ ձեր թեկնածուի թիմն արդյոք ենթադրո՞ւմ էին հետընտրական նման զարգացումներ, արդյոք այս իրավիճակը ձեզ թո՞ւյլ է տալիս վայելել հաղթանակի բերկրանքը:

– Ոչ միայն ՀՀԿ ներկայացուցիչները, այլեւ հասարակությունը դեռ սեպտեմբերից, երբ ականատես եղան քաղաքական գործիչներից մեկի հայհոյանքին, հասկացան, որ նրանց նպատակը ոչ թե ընտրություններում հաղթելն էր, այլ պետական հեղաշրջում իրականացնելը կամ, համենայնդեպս, ընտրությունները «հարամ անելը», ինչը եւ արեցին: Որպես պատմաբան՝ ասեմ, որ իրավիճակը նման էր 17 թվականի լենինյան իրավիճակին, կոչերն էլ նույնն են: Իսկ ինչ վերաբերում է մեր հաղթանակին, ապա ժողովուրդը մեզ վստահել է, եւ ինչպես ուսանողների հետ հանդիպմանը ասաց Սերժ Սարգսյանը՝ եղել է այն, ինչ որ եղել է: Հիմա հիմնական խնդիրը ազգի համախմբումն է: Այսօր հիմնական խնդիրը նոր կառավարության եւ բոլոր քաղաքական ուժերի տքնաջան աշխատանքն է եւ տեսանելի հաջողությունները, որ կլինեն բոլոր բնագավառներում: Կարճ ժամանակահատվածում բոլորը կտեսնեն, որ Սերժ Սարգսյանը իր խոսքի տերն է, եւ ինքը իր աշխատանքով ամեն ինչ կանի, որ Հայաստանը դառնա հզոր, կայուն եւ ժողովրդավար պետություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել