Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՆԽԵԼՈՒ ԵՆ ՉԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ

Մարտ 21,2008 00:00

\"\"ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իրավապահ մարմինները կանխելու են չարտոնված հանրահավաքները եւ երթերը:

Քանի որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ մեր թերթին չէր հրավիրել իր մամուլի ասուլիսին, իսկ «Առավոտը», ինչպես միշտ, շահագրգիռ է, որ ընթերցողը ստանա համակողմանի տեղեկություն, վերոհիշյալ ասուլիսի մասին տեղեկատվություն ենք հաղորդում այլ լրատվամիջոցների նյութերից:

Մամուլի ասուլիսում Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ ընդդիմության հետ երկխոսության հեռանկարը հիմնականում կախված է կողմերի՝ ԵԽԽՎ-ի առաջին առաջարկն ընդունելու պատրաստակամությունից, այն է՝ նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման ճանաչումը: Հայաստանի նախագահի խոսքով, եթե բոլոր կողմերը համաձայնեն այդ առաջարկի հետ, «իրավիճակը կտեղափոխվի մեկ այլ հարթություն, եւ դա թույլ կտա քննարկում սկսել»: Մեկնաբանելով ծանր հանցագործություններ չկատարած ձերբակալված անձանց ազատման մասին եվրոպական կազմակերպությունների առաջարկները՝ Ռոբերտ Քոչարյանը նկատել է, «որ դա կլիներ քաղաքական որոշում»:

«Ես չեմ բացառում, որ նորընտիր նախագահը կարող է ընդունել ձերբակալվածների որոշակի մասին ներում շնորհելու իրավական որոշում, սակայն դա կարող է լինել միայն գործերի դատական ուսումնասիրություններից հետո: Կարծում եմ, որ եվրոպական գործընկերները հենց դա նկատի ունեն»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը: Վերջինս նաեւ հայտարարել է, որ գլխավոր դատախազությունը մարտի 1-2-ի իրադարձությունների հետաքննության համար արտասահմանցի անկախ փորձագետներ է ներգրավում: Նախագահն ասել է, որ անկախ հետաքննություն անցկացնելու եվրոպական կազմակերպությունների՝ մասնավորապես Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կոչերը միշտ չեն ճիշտ ընկալվում Հայաստանում, խոսքը չի գնում պաշտոնական հետաքննության փոխարինման մասին. «Հայաստանի գլխավոր դատախազությունն անկախ մարմին է: Նախաքննությունը վարում է հատուկ քննչական մարմինը, որը չի ենթարկվում ոստիկանությանը կամ գլխավոր դատախազությանը: Մեկ այլ հարց է, որ կա հետաքննության հանդեպ վստահության բարձրացման անհրաժեշտություն, եւ այդ նպատակով գլխավոր դատախազությունը ներգրավում է արտասահմանցի անկախ փորձագետների: Զոհվել են մարդիկ, եւ մենք բոլորից շատ ենք շահագրգռված բոլոր պատճառների բացահայտման մեջ»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը, նշելով, որ բոլոր դատավարությունները բաց են լինելու մամուլի եւ հասարակության համար: Ասել է նաեւ. «Բոլորը հասկանում են, որ ոչ օբյեկտիվ հետաքննության եւ դատավճիռների դեպքում դիմումներ կլինեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- նկատել է Հայաստանի նախագահը:

ԱԺ հերթական քառօրյայի ընթացքում անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, ի թիվս իր կողմից արված մի շարք այլ առաջարկների, առաջարկել էր ստեղծված իրավիճակի լարվածությունը թուլացնելու նպատակով ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով՝ մարտի 1-2-ի դեպքերի քննության նպատակով: Ռոբերտ Քոչարյանը երեկվա ասուլիսում չի բացառել հատուկ խորհրդարանական հանձնաժողովի ստեղծման հեռանկարը. «Ես դեմ չեմ խորհրդարանի մասնակցությանը, սակայն հարկավոր է հասկանալ, որ պատգամավորների ներգրավումը չի նշանակի պաշտոնական հետաքննության փոխարինում: Կա քրեական գործ, որի հետաքննությամբ պետք է զբաղվեն համապատասխան մարմինները»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել