Ի՞նչ է համազգային շարժումը: Դա այն է, երբ միասին հավաքվում են օլիգարխներն ու գործազուրկները, չինովնիկներն ու դիսիդենտները, ինժեներներն ու գործարարները, մանկավարժներն ու ուսանողները, գողերն ու իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Այդպես էր Հայաստանում 1988-ին: Նմանատիպ մի բան էլ կատարվում է մեր երկրում այսօր:
– Ի՞նչ ես կարծում, ճշմարիտ իրավիճակը կներկայացնե՞ն մեր ընտրությունների մասին օտարերկրյա դիտորդներն իրենց վերջնական զեկույցի մեջ:
– Չգիտեմ, բայց դա ինձ առանձնապես չի հետաքրքրում: Ինձ ավելի շատ ոգեւորում է փողոց դուրս եկած մարդկանց այս քանակությունը: Չէ՞ որ նրանց ոչ ոք չի կանչել, նրանք իրենք են թողել իրենց տներն ու եկել այստեղ, եւ դա չի կարող անհետեւանք անցնել:
Այս խոսակցությունը կայանում էր Երեւանի կենտրոնական փողոցներով ընթացող եւ «Լե՛-վո՛ն, Լե՛-վո՛ն» վանկարկող բազմահազարանոց ցույցի երկու մասնակիցների միջեւ: Փողոց դուրս եկած քաղաքացիների նման քանակություն չէր եղել անկախության համար պայքարի օրերից ի վեր:
Դեռ մեկ ամիս առաջ դժվար էր ենթադրել նման միահամուռություն: Ազգաբնակչությունը տարանջատված էր, քաղաքացիների կուսակցական համակրանքները՝ միահյուսվելով շահի եւ անձնական բարեկեցության հետ, տալիս էին ոչ միանշանակ պատկեր, եւ նույնիսկ փորձված սոցիոլոգները չէին համարձակվում նախագահի ընտրությունների արդյունքներին վերաբերող լուրջ կանխատեսումներ անել: Այո, Թատերական հրապարակում կայանում էին ամենշաբաթյա բազմամարդ հանրահավաքներ՝ հանուն Տեր-Պետրոսյանի, բայց դրանց հակադրվում էր պետական չինովնիկների եւ ԱԺ-ում մեծամասնություն կազմող կուսակցությունների համախմբումը: Այո, շատ շրջաններում հիացմունքով էին ընդունում Արթուր Բաղդասարյանին, բայց նույնպիսի ուրախությամբ էլ լսում էին Վահան Հովհաննիսյանի հանգիստ եւ վստահ ելույթները: Փետրվարի 19-ին ողջ բնակչությունը սպասում էր անհամբերությամբ եւ հույսով, թեեւ՝ հույսերը տարբեր էին: Բոլորի համար կարեւոր էր իմանալ՝ համընկնո՞ւմ է իր տեսակետը մեծամասնության դիրքորոշման հետ: Եվ դա, թերեւս, նորմալ անհանգստություն է ցանկացած նախընտրական կամպանիայի ժամանակ: Բայց ազգաբնակչության հույսերը չարդարացան, ավելի ճիշտ՝ նրան թույլ չտվեցին արտահայտել իր վերաբերմունքը, մարդկանց վերաբերվեցին ինչպես անլեզու կենդանիների, անպատկառորեն եւ բացահայտորեն արհամարհելով նրանց կարծիքը:
Խախտումների, բռնությունների, սադրանքների եւ լցոնված կեղծ քվեաթերթիկների նման առատություն Հայաստանը, որը երբեք չի առանձնացել արդար եւ ազնիվ ընտրություններով, առայսօր չէր տեսել:
Փետրվարի 19-ից հետո Ազատության հրապարակում հավաքված ժողովրդի գլխներից վեր տարածվում էին ազգային դրոշները եւ կեղծիքներն ու կառավարության քաղաքականությունը դատապարտող լոզունգները: Իրենց վրդովմունքն էին հայտնում ամենատարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, ապաքաղաքական մշակութային գործիչներ, ուսանողներ եւ գործազուրկներ:
Նրանց թվում էին նաեւ ԱԳՆ աշխատակիցներ: Այդ հիմնարկի շեֆը հաջորդ օրն իսկ համապատասխան հարցազրույց տվեց, որում խոսում էր դիվանագետների կողմից քաղաքական նախաձեռնության արտահայտման անթույլատրելիության մասին, քանի որ՝ «նրանք նախագահի ներկայացուցիչներն են»: Նա իր վաստակն էր համարում, որ ԱԳՆ-ում ոչ ոք երբեք չի տառապել սեփական համոզմունքների համար, եւ ահա՝ նման սեւ երախտամոռություն: Պետք չէ խոր վերլուծության ունակություն ունենալ, որպեսզի հասկանանք, որ եթե միջազգային հիմնարկի տասնյակ աշխատակիցների տեղեկացվում է իրենց պաշտոնաթողության մասին, նշանակում է, որ այդ հիմնարկում ամեն ինչ չէ, որ կարգին է, իսկ դա նշանակում է՝ երկրում էլ ամեն ինչ կարգին չէ:
Շատ հեշտ է նստել նախագահի աթոռին եւ, շուրջը հավաքելով իշխանությանը ենթակա հեռուստաալիքների լրագրողներին, ամբողջ երկրին պատմել Գյուլնազ տատի հեքիաթները, ինքնահավանորեն ներկայացնելով սեփական վճռականությունը՝ պատերազմի դժվարին պայմաններում, եւ ցույց տալ սեփական կարեւորությունը՝ այն ժամանակվա դեպքերում, հաստատ համոզված լինելով, որ նրանցից ոչ մեկը սխալ հարց չի տա: Նախագահի այդ անմոռաց հարցազրույցի հաջորդ օրը հանդիպեցի նրանց հետ, ովքեր պատերազմի այդ նույն ժամանակներում խրամատների մեջ էին, զբաղված էին բանակին զինամթերք մատակարարելով, մասնակցում էին ռազմավարական հարցերի լուծմանը… նրանք բոլորն ահավոր վրդովված էին նախագահի հրապարակային հեքիաթներից, բայց հնարավորություն չունեին իրենց անհամաձայնությունն արտահայտելու:
Ինձ ավելի հակակրելի են նրանք, ովքեր չեն կարողանում կամ չեն ուզում կողմնորոշվել իրենց նախընտրություններում: Ես հարգում եմ ցանկացած դիրքորոշում, պատրաստ եմ վիճել դրա հետ՝ իմը պնդելով, բայց չեմ հասկանում, երբ այդ դիրքորոշումն առհասարակ բացակայում է: Ես չեմ կարող տանել գլխի բազմանշանակ տմբտմբոցը եւ կյանքը լավ իմացողի խորը հայացքը, որը քմծիծաղով ասում է. «Ի՞նչ եք իրար անցել, միեւնույն է՝ նրանք կանեն այն, ինչ ուզում են, եւ ձեր կարծիքը ոչ մի նշանակություն չունի»: Այս սուբյեկտը, իմ կարծիքով, homo sapiens չէ, դա այլ կենսաբանական ցեղ է: Ամենեւին պարտադիր չէ հերոս լինել, կռվել բարիկադների վրա, հրապարակայնորեն արտահայտել անհամաձայնությունդ եւ այլն, բայց նա, ով իրեն համարում է գիտակից, մտածող, ազատ էակ, ինքն իր համար մի քանի հարցի պետք է պատասխանի: Նորմալ է, երբ ունես սեփական կարծիք եւ արտահայտում ես այն, երբ պետք է, եւ աննորմալ է՝ ընդհանրապես կարծիք չունենալը: Չէ՞ որ միայն մեր դիրքորոշման արտահայտման դեպքում կարող ենք եզրակացնել, թե ինչ է ուզում տվյալ ժողովուրդը: Դա, պարոնայք, կոչվում է ժողովրդավարություն: Իսկ ահա՝ արժե՞ այն, որ նրա համար պայքարեն՝ յուրաքանչյուրը որոշում է ինքնուրույն: