Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ Վազգեն Մանուկյանին

Մարտ 01,2008 00:00

Լեւոն Տեր-Պետրոսյանի բոլոր գաղափարական հակառակորդ ազնիվ հայերին

Մեծարգո Վազգեն Մանուկյան, ազատ եւ անկախ Հայաստանի առաջին ընտրություններում ես սպասում էի տեսնել Ձեր թեկնածությունը: Երբ Ձեր փոխարեն առաջադրվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, ես որպես բողոք իմ ձայնը տվեցի Սոս Սարգսյանին: Այդ ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը ձայների ջախջախիչ մեծամասնությամբ անցավ: Նա հիրավի ազգովին ընտրված նախագահ էր: Ոչ ոք չի կարող վիճարկել այն փաստը, որ մեր նորագույն պատմության մեջ կատարված ընտրություններում ամենաշատ ձայները հավաքելու առումով նա 1991-ին ռեկորդ սահմանեց, որը թերեւս երբեք չգերազանցվի: Հետագայում, երբ Դուք նախագահի թեկնածու էիք, ես ուրախությամբ ձայնս տվեցի Ձեզ: Ցավոք սրտի, ժողովուրդն այն ժամանակ չկարողացավ հասնել արդար ընտրությունների, եւ իրական պատկերն այդպես էլ պարզ չեղավ: Պատմությունը չերկարացնելու նպատակով միայն նշեմ, որ իմ ձայնը երբեք չեմ տվել Լեւոն Տեր-Պետրոսյանին, Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին: Հավելեմ, որ վերջին ընտրություններում ձայնս տվել եմ Ձեզ, թեեւ վստահ էի, որ չեք անցնելու, եւ երկրորդ փուլ են անցնելու Սերժ Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այդ դեպքում ձայնս միանշանակ տալու էի Տեր-Պետրոսյանին: Առաջին անգամ:

Բացատրեմ, թե ինչու: Ես քաջ գիտակցում եմ նրա բոլոր սխալները: Ունեմ նրա հետ գաղափարական լուրջ տարաձայնություններ: Բայց նախ չմոռանանք, որ նրա աշխատանքներն, ըստ էության, պարալիզված էին (վկա՝ նրա հրաժարականը), ապա՝ մենք բոլորս քաջ գիտակցում ենք, որ մեր ժողովրդի մեծամասնությունը ցանկանում է նրան վերստին տեսնել նախագահի պաշտոնում, ինչը, արդար ընտրությունների դեպքում, կարձանագրվեր առաջին իսկ փուլում:

Մեր ազգի մեջ մինչեւ վերջերս կար թյուր համոզմունք, որ 88-ին մենք կարողացանք համախմբվել եւ դառնալ մեկ մարդ, որովհետեւ դա ազգային հարցի շուրջ էր, բայց անհատապաշտ հայը երբեք չի կարող միավորվել քաղաքական կամ սոցիալական հարցերի շուրջ: Այս համոզմունքն անարդարացիորեն հիմնավորվել է այն պատճառով, որ մենք, անկախ պետականության բացակայության պայմաններում, ստիպված ենք եղել վերապրել որպես անհատապաշտներ: Վերջին իրադարձությունները հիմնովին խարխլում են այդ անհիմն համոզմունքը: Ազգի հանդեպ պատասխանատվություն ունեցող ցանկացած անձ իր դիրքորոշումներում այս պահին պետք է ելնի ոչ թե իր անձնական կողմնորոշումներից կամ հակակրանքներից, այլ մի գերագույն վեհ նպատակից. պետք է ամեն գնով սատար կանգնել ժողովրդին (ոչ թե կոնկրետ անձին) եւ անել ամեն բան, որ նա կարողանա տեսնել նախագահական աթոռին այն անձնավորությանը, որի համար իրոք ձայն է տվել եւ անդուլ պայքարում է: Մեր ազգի համար այս վճռորոշ պահին մեր գերագույն խնդիրը ոչ թե լավագույն նախագահ ընտրելն է, այլ պայքարելը, որ մեր ժողովուրդը կարողանա վերջապես կատարել իշխանափոխություն՝ իր կամքի համաձայն: Դուք նշել եք, որ Տեր-Պետրոսյանի եւ ներկա իշխանությունների միջեւ տարբերություն չկա: Գուցե Դուք ճիշտ եք՝ անցյալի Ձեր գնահատականում եւ գուցե ճիշտ դուրս գաք ապագայի մասին ձեր կանխատեսումներում: Գուցե կյանքը հաջորդ տարիներին ավելի վատ լինի, քան հիմա է: Սակայն ամենակարեւորն այն է, որ մենք վտանգում ենք ազգի մեջ սերմանել համոզմունք, որ նա երբեք չի կարող խաղաղ ճանապարհով իշխանափոխություն իրականացնել: Դա կհանգեցնի նրան, որ մեր ժողովրդի մեջ իսպառ կարող է սպանվել իր քաղաքական կամքը դրսեւորելու եւ այն պաշտպանելու կորովը: Արդյունքում կունենանք հավիտենական կեղծ ընտրություններ եւ կիսախանական պետություն, որը երբեք ժամանակակից հասարակություն չի դառնա: Հակառակը, եթե ժողովրդին հաջողվի հասնել իր քաղաքական կամքի դրսեւորմանը, անգամ եթե արդյունքները լինեն ամենեւին ոչ այնպիսին, ինչպիսին նա ակնկալում էր, մեր ժողովրդի հավաքական գիտակցության մեջ մնայուն նվաճում կդառնա իր ուժերի հանդեպ վստահության զգացումը, որը նրան կօգնի ապագայում լինել ավելի եռանդուն եւ վստահ, որ նրան կհաջողվի նաեւ հետագայում, նույնիսկ եթե՝ ոչ միշտ, հասնել իր կամքի դրսեւորման ընդունմանը: Այս ճանապարհը թեեւ կարող է լինել քարքարոտ եւ խոչընդոտներով լի, սակայն կլինի հնարավոր, եթե մենք միահամուռ օգտագործենք այս առիթը, որ տրվել է մեզ պատմության կողմից՝ սատարելու մեր ժողովրդին՝ հասնելու իր նպատակին, եւ օգնելու, որ նրա մեջ ամրանա իր ուժերի հանդեպ վստահությունը եւ մերժումը՝ այլեւս ճորտ լինելու:

Ես Ձեզ կոչ չեմ անում միանալ Լե ւոն Տեր-Պետրոսյանին: Բայց ի սրտե աղերսում եմ միանալ այս բացառիկ ժողովրդական շարժմանը եւ հարթակ բարձրանալով՝ Ձեր ազնիվ հայի աջակցությունը հայտնելով հայ ժողովրդին, որպես ազգային առանցքային գործիչ սատար եք կանգնելու, որպեսզի ժողովուրդը հասնի իր արդարացի պահանջի կատարմանը, թեկուզ կարող է ընդդիմություն լինեք այս նոր կառավարությանը: Ժողովրդի այս պայքարն այլեւս պետք չէ ընդունել որպես պայքար Լեւոն Տեր-Պետրոսյանի համար, այլ անզիջում պայքար, որ ժողովրդի ձայնը վերջապես հաշվի առնվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել