Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԵՏՔ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարտ 01,2008 00:00

Ընտրված սատանան ավելի գերադասելի է, քան չընտրված սուրբը

Լեւոն Տեր-Պետրոսյանի արեւով չեմ երդվում (չնայած, որ նա իմ պատանեկան տարիների ընկերն է եղել…): Հենց միայն 1996 թ. խայտառակ ընտրությունները բավական են, որ ես չներեմ նրան: Առավել եւս, Վազգեն Սարգսյանի՝ նույն թվի սեպտեմբերի 26-ի հայտարարության համար, ըստ որի, եթե ընդդիմությունը 100% ձայն հավաքեր, միեւնույն է, իրենք թույլ չէին տա, որ նա գա իշխանության: Այդ հակասահմանադրական (ավելի շուտ՝ բռնապետական) հայտարարությանը Տեր-Պետրոսյանը, լինելով հանրապետության նախագահ, ոչ մի գնահատական չտվեց… Մենք՝ թվով 14 մտավորականներ, երջանկահիշատակ Սիլվա Կապուտիկյանի նախաձեռնությամբ, «Իրավունք» թերթի միջոցով դիմեցինք հանրապետության գլխավոր դատախազ Արտավազդ Գեւորգյանին, որում մասնավորապես ասված էր. «Պահանջում ենք, որ Դուք՝ որպես ՀՀ գլխավոր դատախազ, պաշտպանության նախարարի վերոհիշյալ հայտարարությանը տաք Ձեր գնահատականը եւ ձեռնարկեք համապատասխան գործողություններ»:

Ցավոք, այս իրավացի պահանջը նույնպես մնաց անպատասխան:

Այդ տխրահռչակ հայտարարության օրը մեր Երկրում, վերջնականապես, տապալվեց դեռ սաղմնային վիճակում գտնվող ժողովրդավարությունը, որը ձեռք էր բերվել հազարավոր զոհերի եւ զրկանքների գնով:

Մնացածը, ինչպես ասում են, «տեխնիկայի» խնդիր էր: 1998 թ., նույն Վ. Սարգսյանի անմիջական մասնակցությամբ եւ Սահմանադրական դատարանի ոչ սահմանադրական հովանավորությամբ (Ռ. Քոչարյանը, չլինելով հանրապետության առնվազն 10 տարվա քաղաքացի, իրավունք չուներ իր թեկնածությունը դնել որպես հանրապետության նախագահի) տեղի ունեցան նախագահական նույնպես (գուցե եւ ավելի) խայտառակ ընտրություններ:

Դրան հաջորդեցին տխրահռչակ 2003-ը եւ 2008-ը:

Այսքանն ասելով, ես, իհարկե, մազաչափ անգամ չեմ ցանկանում նսեմացնել Վազգեն Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ծառայությունները Ղարաբաղյան ազատամարտի գործում:

Չնայած կա մի բան, որը ես երբեք չեմ կարող ներել Ռ. Քոչարյանին՝ դա «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած եղեռնական սպանությունն է եւ այն իրականացրած սափրագլուխների ձեւական դատավարությունը:

Տեղին է իշխանություններին զգուշացնել, որ մի թքեք մարդկանց հոգու մեջ, ժողովուրդը այդ բանը երբեք չի մոռանում ու չի ներում: Ապացույցը՝ հանրության այսօրվա բարոյահոգեբանական վիճակն է:

Ակամայից ինքս ինձ հարց եմ տալիս. իշխանության մեր մոլուցքը չէ՞, արդյոք, պատճառը, որ մենք, դարեր շարունակ, հաղթելով՝ պարտվում ենք, մինչդեռ, մեր հողին տիրացած քոչվորը, ամեն անգամ, պարտվելով՝ հաղթում է: Մի՞թե մեր մտավորականությունը չէր կարող ուսումնասիրել մեր հազարավոր տարիների պատմությունը եւ ուղղություն տար մեր ժողովրդին, հատկապես՝ իշխանատենչ քաղաքական եւ հասարակական էլիտային:

Պարզվում է, որ, այնուամենայնիվ, այս կամ այն չափով, այդ արվել է: Իմ սեղանին է մեր Մեծերի՝ Խորենացու, Նալբանդյանի, Պատկանյանի, Կոմիտասի, Պռոշյանի, Խրիմյան Հայրիկի, Րաֆֆու, Պարոնյանի, Տերյանի, Թումանյանի, Մուշեղ Իշխանի, Իսահակյանի, Շահան Շահնուրի, Պարույր Սեւակի եւ այլոց՝ ազգային շահի կողմնորոշմանը նվիրված մտքերի մի ողջ ծաղկաքաղ, որը բավական է՝ այսօր ճիշտ կողմնորոշվելու եւ առաջնորդվելու համար:

Սակայն՝ ասողին լսող է պետք……

Ցավոք, Երրորդ Հանրապետության այս տարիներին, մերօրյա վայմտավորականների անմիջական աջակցությամբ, իշխանավորներին հաջողվեց բարոյահոգեբանական մեթոդներով վերացնել մտավորականությունը մեզանում՝ դրանով իսկ կոտրեցին ժողովրդի միասնական կամքը: Ունենալով գրողների, լրագրողների, թատերական գործիչների, ճարտարապետների, նկարիչների, կոմպոզիտորների եւ այլ միություններ, Ազգային ակադեմիա, բազմաթիվ համալսարանական կոլեկտիվներ եւ այլն, եւ այլն, դրանցից եւ ոչ մեկը հանդես չի գալիս այսօրվա ճգնաժամային (ես կասեի՝ հայ ժողովրդի համար ճակատագրական) պահի վերլուծությամբ եւ հայտարարությամբ: Նույնիսկ այն բանից հետո, երբ իրենց չափն ու սահմանը կորցրած իշխանությունները՝ իրականության հետ չհաշտվող տասնյակ հազարավոր հայորդիներին պիտակավորում են որպես թմրամոլներ: Որտե՞ղ են այդ միությունների նախագահները, ակադեմիկոսներն ու համալսարանի ռեկտորները, պրոֆեսորները… Ինչո՞ւ են լռում՝ մի՞թե իրենց մի կտոր հացը չկորցնելու համար: Այդ դեպքում ինչպե՞ս են նրանք նայում իրենց զավակների աչքերին:

Վերադառնանք իշխանություններին:

Մի՞թե նրանք չեն տեսնում, որ ժողովրդի մի զգալի հատվածի ատելությունը ներկա իշխանությունների նկատմամբ այնքան մեծ է, որ այն, չունենալով այլ ընտրանք, իր ձայնը տվեց Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ հուսալով, որ գուցե… Իսկ մի այլ, նույնպես, զգալի մասը բոլոր ընտրությունների ժամանակ պատրաստ է իր ձայնը տալ թեկուզ վատագույնին, միայն թե պահպանի իր իշխանական կամ իշխանության կողմից երաշխավորված կերակրատաշտը:

Մի՞թե հնարավոր է, որ անմարդկային տառապանքներ տեսած մեր մի թիզ հողի վրա, որի գլխին կախված են Աշխարհի բոլոր սպառնալիքները, կառչել իշխանությունից՝ միայն ու միայն իրենց անբարոյական ճոխ բարեկեցությունը պահելու համար:

Մինչեւ ե՞րբ…

Կոչ եմ անում Սահմանադրական դատարանին, ժողովրդի եւ պետության նկատմամբ պատասխանատվության բարձր գիտակցությամբ՝ չկայացած ճանաչել 2008 թ. փետրվարի 19 -ի ընտրությունները:

Կոչ եմ անում ժողովրդին եւ իշխանությանը՝ գիտակցել պահի ճակատա-գրական նշանակությունը մեր պետության կայացման եւ ազգի արժանապատիվ գոյատեւման գործում, հրաժարվել մեկը մյուսի հաշվին ապրելու անբարոյական բնազդից՝ գնալ նախագահական նոր ընտրությունների եւ տանել իրոք ազգային հաղթանակ:

Ժողովրդի մի խմբի հաղթանակը մյուսների նկատմամբ՝ անփառունակ պարտություն է: Արդար ճանապարհով ընտրված Սատանան ավելի նախընտրելի է, քան սուրբը՝ ընտրված կեղծիքներով եւ բռնություններով… Միայն այս ճանապարհով ողջ ժողովուրդն ու նրա յուրաքանչյուր անդամը կգիտակցի, որ այս Երկիրը ի՛ր Երկիրն է ու ինքն է Տե՛րը իր Երկրի՝ պարտավոր է Տիրոջ նման այն պահել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել