Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՀԱԳՆՎՈՒՄ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Մարտ 01,2008 00:00

\"\"«Մինին», բարակ ուսակապերն ու նկարազարդ եղունգները շատ հաստատություններում «ընդունված» են:

Ողջ աշխարհում ընդունված բան է face-control կոչվածը. պետական ծառայողները, գերատեսչությունների մամուլի քարտուղարները եւ էլի շատերը, ընդունված է, որ զուսպ հագնվեն: Հայաստանում, սակայն, միշտ չէ, որ այդպես է: Եվ խոսքը հատկապես տարբեր ոլորտներում աշխատող կանանց է վերաբերում: Մինչդեռ «գրագետ» հագուստը ճիշտ տպավորություն է ստեղծում, ընդգծում ոչ միայն պրոֆեսիոնալիզմը, այլեւ մարդկային հատկանիշները: Օրինակ, ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանը միշտ դասական ոճի հագուստ է կրում, նույնը կարելի է ասել նաեւ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անժելա Մարտիրոսյանի, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանի եւ այլոց մասին:

Հայ «չինովնիկուհիները», նախարարների օգնականներն ու մամուլի քարտուղարները պիտի մոռանան սեքսուալության մասին եւ, օրինակ, ի ցույց չդնեն իրենց կուրծքը, ոտքերը…Սակայն որոշ նախարարությունների մամուլի քարտուղարներ ասուլիսներին կամ իրենց գերատեսչության այս կամ այն միջոցառմանը ներկայանում են «մինի» կիսաշրջազգեստով, ոսկեփայլ գոտիով, վառվռուն հագուստներով, երեկոյան՝ երբեմն կարնավալային արդուզարդով, նկարազարդ, մագիլային եղունգներով…Օրինակ, Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալ Արմինե Վարդանյանը՝ մայրաքաղաքի կրթության ոլորտի պատասխանատուներից մեկը, կարող է աշխատանքի ժամանել բարակ ուսակապերով բլուզով եւ կարճ փեշով: Նույն հագուկապը «ընդունված» է նաեւ ԿԳ ու մշակույթի նախարարություններում: Հիշում եմ, մի անգամ, երբ ԱՄԷ-ից շեյխեր էին եկել Հայաստան, ու մշակույթի նախարար Հովիկ Հովեյանի հետ երկկողմ համաձայնագիր ստորագրելուց հետո պիտի շամպայն մատոցվեր այդ առիթով, մատուցարանը ձեռքին հայտնվեց զուգագուլպայի բարակությամբ ու թափանցիկությամբ՝ խիստ «անկեղծ» բլուզով մի օրիորդ… Այդ ավանդույթները այսօր էլ շարունակվում են նույն նախարարությունում:

Աշխատանքային զուսպ հագուստի համար ամենահարմար գույներն են ոչ վառ կապույտը, մոխրագույնը, սպիտակը, սեւը, դարչնագույնը: Խորհուրդ չի տրվում կրել կարմիր, դեղին, արծաթագույն եւ ոսկեփայլ կտորներից հագուստներ: Մասնագետների համոզմամբ, օրինակ, մուգ դարչնագույնը՝ կապույտի հետ, խոսում է նպատակասլացության մասին, դարչնագույնը կանաչի հետ՝ պրագմատիզմի ու գործնականության, կապույտը մոխրագույնի եւ սեւի հետ՝ չեզոքության ու հավասարակշռության մասին եւ այլն: Կոնկրետ պիջակի համար ցանկալի չեն մուգ ճահճային կանաչի, մուգ մանուշակագույնի, մուգ փիրուզագույնի երանգները, ծաղկավոր, նախշավոր գործվածքները: Ամենաօպտիմալը համարվում են ավազագույնը, կանաչն ու դարչնագույնը: Աշխարհում շատ ընդունված են պիջակները՝ համապատասխան վերնաշապիկների հետ, պլատինից, ոսկուց եւ արծաթից զարդերը՝ յաշմայով, լազուրիտով, ագաթով ու փիրուզով, ամենադասականը, սակայն, եղել եւ մնում են մարգարիտները:

Հետազոտությունները փաստում են, որ պիջակը շալվարով պակաս ազդեցիկ է, քան պիջակը՝ կիսաշրջազգեստով (բնականաբար՝ ոչ «մինի»): Օրինակ, մոսկվացի տղամարդկանց մեծամասնությունը գտնում է, որ պիջակ՝ ջինսով կարող են կրել լրագրողուհիները եւ կին հարկային տեսուչները, բայց ոչ երբեք՝ չինովնիկներն ու գործարար կանայք:

Ամուսնացածների համար նախընտրելի է ամուսնական մատանին, որը խոսում է կնոջ կյանքի փորձի եւ հուսալիության մասին՝ նաեւ աշխատանքում: Պետք է հեռու մնալ շատ փայլփլուն, չխկչխկան, էժանագին կամ ընդհակառակը՝ անտիկվար զարդերից:

Եղունգների լաքը պետք է լինի թեթեւ, պաստելային երանգների եւ անպայման սազի մակիաժի ու հագուստի հետ: Պետք չէ գրել դպրոցական գրիչներով կամ սեփական կուսակցությունը ներկայացնող գրենական պիտույքներ օգտագործել, մի բան, որ խիստ տարածված է մեզ մոտ: Դիմահարդարումը պետք է լինի զուսպ, բայց արտահայտիչ, թաքցնի թերությունները, ընդգծի առավելությունները եւ, որ ամենակարեւորն է, վստահություն ներշնչի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել