Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՍԵԼՈՎ՝ ՀԱՅՀՈՅԱՆՔ ԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ»

Մարտ 01,2008 00:00

Հարցազրույց ՀԳՄ քարտուղար Հովհաննես Գրիգորյանի հետ

– Գլոբալացման գործընթաց եւ ազգային գրականություն: Համատեղելի՞ են, արդյոք, դրանք:

– Գլոբալիզացիան եղել է բոլոր ժամանակներում, ի՞նչ էր քրիստոնեության կամ մյուս համաշխարհային կրոնների տարածումը, եթե ոչ՝ գլոբալիզացիայի դրսեւորում: Մենք պիտի նայենք աշխարհին, հատկապես այն երկրներին, որտեղ լույսը շատ է, եւ վերցնենք այդ լույսը: Պիտի բացենք մեր դուռը աշխարհի առաջ եւ քաղաքակիրթ ժողովուրդների հետ մտնենք 21-րդ դար: Համաշխարհայինն օգնում է բարձրանալուն: Երբ Միսաք Մեծարենցը սոնետներ էր գրում, այդ ժանրը մեր գրականության մեջ չկար: Բայց հետո այն մերվեց մեր դասական քնարերգության հետ ու դարձավ մերը: Չենք ունեցել նաեւ ֆաբուլային գրականություն, վեպի ժանր եւ ներմուծել ենք այն համաշխարհային գրականությունից, նշանակում է՝ դե՞մ ենք գնացել ազգայինին, ոտնահարե՞լ այն: Այսօր ջութակով «Կռունկ» ենք նվագում, դրանից ազգային բան կա՞: Բայց ջութակը հո մե՞նք չենք ստեղծել…

– Ինչպե՞ս կգնահատեք հայ գրականության արդի փուլը, միջանկյալ շրջա՞ն, թե՞ արդեն ձեւավորված նորագույն փուլ:

– Այն նորագույն որոնումները, որ ունենք այսօր, եւ նոր ձեռքբերումները երկարատեւ ու համառ պայքարի արդյունք են: Նոր սերունդը նոր խոսք է ասում, եւ դա միանգամայն բնական է: Եթե Տերյանը ծնվեր մեր օրերում՝ նա էլ ուրիշ կերպ կգրեր: Ժամանակաշրջանն է թելադրում իր գրականության ձեւն ու նոր բովանդակությունը: Ուրիշ հարց է, որ հաճախ ժամանակակից ասելով՝ հայհոյանքներ են հասկանում: Սա էլ ուշադրություն գրավելու միջոց է: Եթե գրողը չի կարողանում էապես նոր բան ասել, որը կառանձնացնի ու կտարբերի իրեն մյուսներից, ընտրում է այս ճանապարհը: Բայց դա չի նշանակում, որ հայհոյանքը նրա հոգուն հարազատ է: Վերցնում են իմ ու իմ սերնդի բանաստեղծության կառույցը, հայհոյանքներ են ավելացնում եւ երեւակայում են, որ նոր գրականություն են ստեղծում: Բայց ինչպես տկլոր ման գալը չի նշանակում պոպուլյար դառնալ, այնպես էլ հայհոյելն է շատ քիչ՝ գրականությանն իսկապես լուրջ հայտ ներկայացնելու համար: Եվրոպայում սա մոտ 30 տարի առաջ է անցել: Մեզ մոտ էլ կանցնի: Նոր շրջանում շատ են հետաքրքիր որոնումները, ես չեմ ասում տաղանդները: Մեր այսօրվա գրականությունը արդեն որոշ ձեռքբերումներ ու նվաճումներ ունի, օրինակ՝ Լեւոն Խեչոյանի, Գուրգեն Խանջյանի եւ այլոց ստեղծագործությունները, բայց զարգացումը, բնականաբար, շարունակվում է:

– Նորագույն գրականություն, այսինքն՝ անցյալի ժխտու՞մ, թե՞ հավելում եղած ավանդների վրա:

– Միակը բոլոր ժամանակների համար միայն Նարեկացին է: Զարգացումը գալիս է ժխտելով, ինչպես հեգելյան բացասման բացասումը: Եթե ես ժխտում եմ, ասենք, Տերյանին, չի նշանակում, որ չեմ ընդունում նրան: Բոլոր մեծերի անուններն էլ կան գրականության զարգացման շղթայում, ամեն մի նոր օղակ գումարվում է նախորդի վրա:

– Խմբային մտածողությա՞ն, համաշխարհային փոփոխությունների՞, թե՞ անհատների գրականություն է մեր նորօրյա գրականությունը:

– Շատ դժվար է խոսել նոր գրականության մասին, որն առանձնապես մեծ աստղերով լցված չէ: Վերջերս Ֆրանսիայում էի՝ իմ գրքի շնորհանդեսին, եւ այնտեղ հարցրի շատերին, թե ինչ են կարդում: Նույն գրողների անունները տվեցին, որոնց արդեն վաղուց ճանաչում ենք: Երեւի դեռ մի 10 տարի պիտի անցնի, մինչեւ նոր համաշխարհային մեծության անուններ կունենա ժամանակակից հայ գրականությունը:

– Արդյո՞ք մերօրյա գրականությունը մեր կյանքի հայելին է:

– Այս հարցադրման համար պետք է ուսումնասիրել արձակը, քանի որ պոեզիան ավելի հոգեւոր է ու ընդհանուր: Մեր գրականությունը բազմաձայն է, ինչպես եւ մեր կյանքը, բայց այն նաեւ շատ ավելի լայն է, քան կոնկրետ ժամանակաշրջանը: Չէ՞ որ գրականությունը արդիական է բոլոր ժամանակների համար:

– Ժամանակակից հայ գրականության տեղը համաշխարհային գրականության մեջ…

– Այդ հարցին պատասխանելու համար պետք է ժամանակների հեռվից նայել: Գրական նոր սերունդ դեռ չի ձեւավորվել, այդ պատճառով էլ դժվար է հստակ ինչ-որ բան ասել:

– Կարո՞ղ եք նշել անուններ, որոնք իրենց հետեւից կտանեն գրողների, գրական նոր դպրոց կստեղծեն, կուղղորդեն արդի հայ գրականության զարգացումը:

– Հիմա շատ են «վայ» գրողները, եւ Աստված չտա, որ նրանք դպրոց ստեղծեն: Տիտանները 100 տարին մեկ են ծնվում: Ամեն մի գրող Չարենց չէ, որ իր հետեւից տանի՝ հեղաշրջելով ու նորացնելով գրականությունը:

– Ըստ Ձեզ՝ ի՞նչ պետք է անել ընթերցողին գրքի հետ կապելու համար:

– Այն, ինչ պարտադիր էր նախկինում, այժմ կամավոր է դարձել: Սա չկարդալու պատճառներից մեկն է: Ընթերցողն այժմ իր հարցերի պատասխանները չի որոնում գրքում: Կարծես դա քիչ է, գրականությունն է դիմում հեռուստատեսությանը եւ ժամանակակից կյանքի նորագույն միջոցներին՝ նոր գրականություն ստեղծելու համար: Նորի չափանիշ է ընկալվում այն, ինչ ցույց են տալիս հեռուստատեսությամբ: Խոսենք թեկուզ լեզվի մասին: Գրականությունն արդեն չի ձգտում կրթել ընթերցողին, ընդհակառակը, իր լեզուն հեռուստառադիոլեզվին է նմանեցնում՝ ընթերցողի հետ ավելի մտերմիկ զրույց ծավալելու համար: Բացի այդ, մեր վերջին 60 տարվա գրականությունը բացակայում է դասագրքերից: Պետք է հաշվի առնել այս հանգամանքը նոր դասագրքեր կազմելիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել