Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՄԵՐՑԻՈ՞Ն, ԹԵ՞ ՈՉ ԿՈՄԵՐՑԻՈՆ ԱՐՎԵՍՏ

Մարտ 01,2008 00:00

\"\"«Արամե» պատկերասրահի տնօրեն Արամ Սարգսյանի մեկնաբանությունները

Այս տարի լրանում է «Արամե» պատկերասրահի հիմնադրման 5 տարին: Տնօրեն Արամ Սարգսյանի խոսքով, մասնավոր պատկերասրահի հիմնումը ամենեւին էլ տնտեսական անհրաժեշտությամբ չի պայմանավորված. «Դա այն ուղղությունը չէ, որից կարելի է մեծ եկամուտներ ակնկալել: Պատկերասրահ հիմնողը պիտի նախ մեծ արվեստասեր լինի, այսինքն՝ արվեստի ու մեկ էլ քաղաքի հանդեպ սիրուց է ծնվել այս ցանկությունը: Երեւանին պետք են ոչ միայն ռեստորաններ, գիշերային ակումբներ, այլեւ պատկերասրահներ: Եվրոպայում, ԱՄՆ-ում ամբողջ փողոցներ ծայրից ծայր պատկերասրահներն են զբաղեցնում, ինչու նույնը մեզ մոտ չլինի»: Տնօրենի կարծիքով, մեր հասարակության մեջ դեռ պատշաճ ուշադրություն չկա արվեստի հանդեպ, դրա համար էլ ընդամենը 6-7 մասնավոր պատկերասրահ կա ու բոլորն էլ՝ կենտրոնացած մայրաքաղաքում: «Արվեստի հանդեպ առանձնապես մեծ չէ հետաքրքրությունը, եւ դա ամենեւին էլ սոցիալական գործոններով չի պայմանավորված: Ի վերջո, մուտքն անվճար է, մարդիկ ցանկության դեպքում կարող են այցելել, բայց չեն անում: Մենք նաեւ կուլտուրայի խնդիր ունենք, ոչ թե փողի: Վերջին հաշվով մեր հասարակության մեջ էլ շատ հարուստ մարդիկ կան, որոնք եթե մի քիչ արվեստ սիրեին եւ համապատասխան կուլտուրա ձեւավորված լիներ՝ արվեստի գործեր ձեռք բերելու, ինչը կա Արեւմուտքում եւ ողջ աշխարհում, հաստատ վիճակն այլ կլիներ: Դրսում իրեն հարգող մեծահարուստը, բիզնեսմենը պարտադիր ունի արվեստի գործերի հարուստ հավաքածու»,- փաստեց «Արամեի» հիմնադիրը: Հարցին՝ ինչո՞վ է տարբերվում իրենց պատկերասրահը մյուս նման մասնավոր օջախներից, Ա. Սարգսյանը պատասխանեց. «Նախ պատկերասրահը որոշակի չափանիշների պիտի համապատասխանի, այնպես որ, ես ոչ բոլոր պատկերասրահները կհամարեի այդպիսին: Օրինակ, մենք երբեք տարածքը վարձով չենք տալիս: Պատկերասրահը խանութ չէ, որտեղ ընդամենը արվեստի գործեր են վաճառվում, այն մշակութային հաստատություն է, որտեղ որոշակի մակարդակի արվեստ է քարոզվում եւ գեղագիտական ճաշակ ձեւավորվում: Անգամ այն այցելուն, որ արվեստից խորը գիտելիքներ չունի, մտնելով, օրինակ, «Արամե», վստահ պիտի լինի, որ կարող է ձեռք բերել ճանաչման հասած գեղանկարիչների գործեր: 5 տարում հաջողություններ ենք ունեցել, այսօր էլ համագործակցում ենք դրսի պատկերասրահների հետ, երկու անգամ մասնակցել ենք Նյու Յորքի արտ-էքսպոյին, նպաստել ենք մեզ մոտ պրոպագանդվող նկարիչների միջազգային ճանաչմանը: Մի խոսքով՝ մասնավոր պատկերասրահի խնդիրը նաեւ նկարիչների «ռասկրուտկան» է»: Մեր դիտարկմանը, որ, որոշ արվեստաբանների գնահատմամբ՝ մասնավոր պատկերասրահներում միայն կոմերցիոն արվեստ է ներկայացվում, Ա. Սարգսյանը պատասխանեց. «Վերջերս քաղաքական մի գործչի հետ զրույցում էլ էր շոշափվում կոմերցիոն արվեստի խնդիրը: Հստակ սահմանազատումներ չկան կոմերցիոնի եւ ոչ կոմերցիոնի միջեւ: Դրանց տարբերությունը դեռ ոչ մի արվեստաբան հստակ չի բնորոշել: Կարծում եմ՝ ժամանակն է դատավորը: Եթե նկարիչը հաջողակ է՝ վաճառվում է, մարդիկ գնահատում են նրա արվեստը, ուրեմն կոմերցիո՞ն է, կամ այն հեղինակի գործերն են իսկական արվեստի նմուշներ, ինչ է թե անուշադրությա՞ն են մատնված…Դա անհեթեթություն է: Չմոռանանք, որ համաշխարհային կերպարվեստում բազմաթիվ գլուխգործոցներ հենց պատվերի արդյունք են, թագավորները, իշխանները թելադրել են, թե ինչ են ուզում տեսնել նկարներում եւ այդպես գլուխգործոցներ են ծնվել: Կոմերցիոն չեն եղել ո՛չ Միքելանջելոն, ո՛չ Ռեմբրանդտը ու մյուսները, որոնք պատվերներ են ընդունել»:

Ա. Սարգսյանին հարցրինք՝ ընդլայնվե՞լ է իրենց մոտ ցուցադրվող արվեստագետների ցանկը: «5 տարիների ընթացքում ընդլայնվել է մեր կազմը՝ 7-8 հեղինակից հասնելով 17-ի: Հայաստանում շատ են շնորհալի նկարիչները, որոնք մեզ հաճախ են դիմում, բայց ստիպված ենք մերժել, որովհետեւ հնարավորություն չունենք բոլորին ընդգրկելու: Հետո կարեւորը քանակը չէ, եւ պատկերասրահի խնդիրը սոսկ վաճառքը չէ, այն պետք է զբաղվի իր նկարիչներով, որոշակի քարոզչական աշխատանք տանի՝ գրքեր, կատալոգներ հրատարակի, ցուցահանդեսներ կազմակերպի եւ այլն»,- պատասխանեց նա: Նաեւ հավելեց, որ «Արամեում» ցուցադրվող արվեստագետների զգալի մասը ներկայացված է նաեւ Ժամանակակից արվեստի թանգարանում, Ազգային պատկերասրահում (Սարգիս Համալբաշյան, Ռուբեն Աբովյան, Տարոն Մուրադյան, Արմեն Գեւորգյան, Գաբրիել Մանուկյան եւ այլք):

Մեր զրուցակիցը գտնում է, որ Հայաստանում պատկերասրահների վիճակը կլավանա այն ժամանակ, երբ գործարար շրջանակներում ձեւավորվի այն համոզումը, որ արվեստը ներդրումների հիանալի դաշտ է: Այդպես քչերն են մտածում:

Սարգսյանի ձեւակերպմամբ, մեր երկրում արվեստի գործերի մի քանի տեսակի գնորդներ կան. ոմանք հնարավորություն ունեն եւ գնում են, մի մասը պարզապես սիրելով է արվեստի գործեր ձեռք բերում, եւ կա մի խումբ եւս՝ դեկորատիվ մտածողությամբ մարդիկ, ովքեր նկարը հարմարեցնում են իրենց տան կահույքին կամ վարագույրի գույնին: «Շատերը պատմության մեջ մնացել են իրենց հավաքածուներով, օրինակ՝ խոշորագույն նավթարդյունաբերող, մեծահարուստ Գալուստ Գյուլբենկյանի բացառիկ հավաքածուի հիման վրա ստեղծվեց «Գալուստ Գյուլբենկյան» թանգարանը՝ Լիսաբոնում, որը ամենահայտնիներից է: Ժամանակակիցների մեջ էլ խոշոր կոլեկցիոներներ են Գաֆեսճյանը, Ալեք Մանուկյանի որդին՝ Ռիչարդ Մանուկյանը… Հայաստանում էլ ունենք արվեստի հավաքորդներ… Մեր օրերում մի դրական միտում է նկատվում, ի տարբերություն ԽՍՀՄ շրջանի, երբ մեր դասականների լավագույն գործերը գրոշներով դուրս էին հանվում, հիմա վերդառնում են Հայաստան»,- փաստեց նա:

«Արամեի» տնօրենը հայտնեց, որ Ամստերդամում տարին մեկ անգամ լույս տեսնող «Երեւակայական ռեալիզմի ընտրանի» հանրահայտ կատալոգում իրենց ջանքերով անցյալ տարի ներկայացվել էր գեղանկարիչ Տարոն Մուրադյանը, այս տարի՝ Ռուբեն Աբովյանը. «Ո՞րն է այս կատալոգում հայտնվելու առավելությունը: Սա արվեստագետին միջազգայնացնելու փորձ է, նման հրատարակությունները մտնում են եվրոպական եւ ամերիկյան գրավաճառ ցանց եւ քարոզչության իմաստով հսկայական դեր կատարում: Ցավոք, մեզ մոտ լույս տեսած նման գրքերը երբեք գրավաճառ ցանց չեն մտնում: Այնպես որ, պետք է շանսը օգտագործել մեր արվեստը դրսում քարոզելու համար»: Մի ակնարկ էլ մեր զրուցակիցը արեց հայաստանցի մեծահարուստներին. «Աշխարհում բազմաթիվ հեղինակավոր արտ-էքսպոներ կան, դրանք նույն նշանակությունն ունեն, ինչպես սպորտում՝ աշխարհի, Եվրոպայի առաջնությունները: Հայտնիներից է, օրինակ, Շվեյցարիայի Բազել քաղաքի արտ-էքսպոն: Ցավոք, մասնակցությունը լուրջ խնդիր է, միայն մեկ տաղավարի վարձակալությունը 60-70 հազար դոլար է, եւ հայաստանյան պատկերասրահները նման շռայլությունների հնարավորություն չունեն: Այդ միջոցառումների ժամանակ մոլորակի ճանաչված թանգարանների տերերը, մենեջերները ժամանում են՝ տեսնելու, թե աշխարհում ինչ պրոցեսներ կան կերպարվեստի ոլորտում եւ նման ֆորումներին էլ համալրում են իրենց ֆոնդերը: Հայաստանը երբեւէ չի մասնակցել նման արտ-էքսպոների: Ա՛յ այստեղ է, որ զգացվում է արվեստասեր մեծահարուստների կարիքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել