Աերոգրաֆիստ Սամվել Ղազարյանի մասնագիտական գաղտնիքները
Աերոգրաֆիան արվեստի տեսակ է, զանազան իրերի վրա՝ ավտոմեքենա, մոտոցիկլետ, համակարգիչ, հեռախոս եւ այլն, գեղարվեստական պատկեր ստանալու տեխնիկա: Այն առաջինը կիրառել են ամերիկացի բայքերները՝ ինքնատիպ պատկերներ նկարելով իրենց մոտոցիկլետներին ու մեքենաներին: 2-3 տարի է, ինչ աերոգրաֆիան մուտք է գործել նաեւ Հայաստան: «Կնքահայրն» էլ Գեղարվեստի պետական ակադեմիայի 5-րդ կուրսի ուսանող Սամվել Ղազարյանն է: «Առավոտի» հետ զրույցում նա նշեց, որ մասնագիտությամբ քանդակագործ է, ինչը նրան օգնում է զբաղվել ոչ միայն աերոգրաֆիայով, այլեւ ավտոմեքենաների «տյունինգավորմամբ»: Իսկ թե ինչպես է ամեն ինչ սկսվել, պատմում է Սամվելը. «Առաջին գործս եղբորս մեքենայի վրա եմ արել, շատ հաջող ստացվեց, մարդիկ տեսան-հավանեցին ու հետո սկսեցին հետաքրքրվել: Ծնողներս միշտ նեղսրտում էին, թե կփչացնեմ ուրիշների մեքենաները, բայց ես վստահ էի գործում, որովհետեւ ուզում եմ աերոգրաֆիայում առաջինը լինել: Ինչ վերաբերում է «տյունինգավորմանը», այն լրիվ քանդակագործություն է»: Իսկ մինչ մեքենաների վրա նկարելը, երիտասարդը «Այրարատ» կինոթատրոնի դիմացի այգու՝ Լունապարկի կարուսելների վրա է ուժերը փորձել ու համոզվել, որ ավելիին է ընդունակ: Հետաքրքրվեցինք, իրենից բացի ուրիշներն է՞լ են Հայաստանում զբաղվում աեորգրաֆիայով: Սամվելը պատասխանեց. «Գուցե որոշ ինքնուսներ ինչ-որ բաներ անում են, բայց դրանք ոչ թե պատվերներ են, այլ իրենց ու ընկերների մեքենաների վրա արված փորձեր: Ի տարբերություն նրանց, ես լուսանկարի որակի պատկերներ եմ ստանում: Իմ տեղեկություններով, ընդհանրապես Կովկասի մասշտաբով էլ աեոգրաֆ չկա, ո՛չ Թուրքիայում, ո՛չ Վրաստանում»: Նա նաեւ տեղեկացրեց, որ առայժմ Հայաստանում էլ պահանջարկը մեծ չէ, բայց կարծես գնալով աճում է հետաքրքրությունը. «Նախ ռիսկի հարց է, մեքենայի վրա պահանջվում է պրոֆեսիոնալ գործ, որովհետեւ այն արժեքավոր իր է, նրա վրա բարդ է աշխատելը՝ մեքենան կտավ կամ թուղթ չէ: Շատերն են ուզում, բայց գումարի խնդիր կա՝ աերոգրաֆիան թանկ հաճույք է: Գները սկսվում են 500 դոլարից ու բարձրանում…»: Հետաքրքրվեցինք՝ ովքե՞ր են իր հաճախորդները: Պարզվեց՝ ավելի շատ երիտասարդներն են աերոգրաֆի սիրահարներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչները, որոնց անունները չհայտնեց: «Աղջիկներն ու կանայք էլ տղաներին չեն զիջում: Ջահել աղջիկները պատվիրում են թիթեռներ, երիտասարդները՝ վագրեր, «D&G», կենդանակերպի նշաններ, իրենց հետաքրքրած նկարները: Ունեմ հաճախորդ, որ 50-ն անց տղամարդ է, ունի սովետական արտադրության մեքենա: Երիտասարդ տարիներին երազել է նման բան անել, հիմա է այդ բացը լրացնում: Հայաստանում վատն այն է, որ մարդիկ ամաչում են տարբերվել, ու մինչեւ կողքինը նման բան չանի՝ իրենք չեն համարձակվի: Օրինակ, Մոսկվայում, ուր 50-ից ավելի աերոգրաֆիական կենտրոններ կան, այդպես չէ: Տեսա՞ն, հավանեցի՞ն՝ իրականացնում են իրենց ցանկությունը: Ի դեպ, այնտեղ քառապատիկ թանկ է այդ հաճույքը Հայաստանի համեմատ»,- նշեց մեր զրուցակիցը: Հետո էլ հավելեց. «Շատերը կողմնորոշված չեն լինում, նկարներ եմ ցույց տալիս, թեմաներ առաջարկում, ու եթե մեկի մեքենայի վրա մի բան նկարեցի, նույնը չի կարող կրկնվել ուրիշ մեքենայի վրա: Դա իմ սկզբունքն է»: Սամվելին հարցրինք, իր պրակտիկայում զվարճալի դեպքեր պատահո՞ւմ են: «Օրինակ, մի մեքենայի ծալովի կափարիչի (կապոտի) վրա ջրի կաթիլներ էի նկարել: Երբ տերը մեքենան տարել էր լվանալու, ավտոլվացման կետերում շատ էին չարչարվել դրանք մաքրել-չորացնելու համար, մտածել էին՝ իսկական կաթիլներ են: Կամ մի մեքենայից բոթաս եմ ստացել: Ով տեսնում է, կատակում է՝ թե էս ի՜նչ մեծ համար է»,- պատմեց երիտասարդ աերոգրաֆիստը: Նա նաեւ ասաց, որ պատրաստվում է առաջիկայում աերոգրաֆիայի մասին հեռուստահաղորդում անել, որի ընթացքում կիրականացվի խաղարկություն ու հաղթողները հնարավորություն կունենան գեղեցկացնել իրենց մեքենաները: «Երիտասարդների մի խումբ էլ կա, որ հետաքրքրված է աերոգրաֆիայով, սակայն իր գումարը չունի: Շատերի ծնողները գումար ունեն, բայց խորհրդային մտածողությամբ մարդիկ են՝ չեն ցանկանում նման բաների վրա փող ծախսել»,- կարծում է Սամվելը: