Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՐԲ ԽԵԼՈՔ ՄԱՐԴԸ ՆՈՐԻՑ ՄՈԴԱՅԻ ՄԵՋ ԼԻՆԻ»

Մարտ 01,2008 00:00

Ռոք երաժիշտ Վարդան Գրիգորյանի կարծիքով՝ միայն այդ դեպքում ռոքի սիրահարների բանակը կմեծանա

Փետրվարի 29-ին Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում կայացավ նորաստեղծ «Դոգմա» ռոք խմբի անդրանիկ համերգը: Անդամներից Հենո եւ Վարդան Գրիգորյանները նախկին «ՄԴՊ»-ից են: «Դոգմայի» բասկիթառահար Վարդան Գրիգորյանի ձեւակերպմամբ, իրենց մատուցածը մաքուր երաժշտություն է՝ էթնիկ տարրերով, ծանր ռոքի լավագույն ավանդույթներով: «Դեռ այն երկրում չենք ապրում, որ ռոք համերգները հաճախակի լինեն: Ռոք լսողների թիվն է պակասել, որովհետեւ ռոք համերգները զվարճանքի տեղ չեն: Ռոք գալիս են լսելու ոչ թե պատահական մարդիկ, այլ գիտակից, «դրայվը» զգալու ունակ կոնկրետ մասսան……Ռոքը նորից ունկնդիրների հզոր բանակ կունենա, երբ խելոք մարդը մոդայի մեջ կլինի»,- կարծում է մեր զրուցակիցը:

Հայաստանում ովքե՞ր են ռոքի երկրպագուները: Վ. Գրիգորյանի խոսքերով. «Տարբեր տարիքի մարդիկ՝ միջին սերնդի ներկայացուցիչներ, երիտասարդներ, անգամ տարեցներ: Ռոքը 50 տարուց ավելի պատմություն ունի, այնպես որ, կարող ենք ունենալ 70-ամյա ունկնդիրներ, որոնք ջահել ժամանակ սիրել են ռոք: Կարեւորն այն է, որ մեր ունկնդիրը կիրթ է, ինտելեկտուալ է, երիտասարդներն էլ ամենաառաջադեմ երեխեքն են»: «Առավոտը» հետաքրքրվեց՝ ինչո՞ւ տեսահոլովակներ չեն նկարահանում այլ խմբերի նման: «Մեր առաջ հատուկ խնդիր չենք դրել՝ նոր ալբոմ, նոր տեսահոլովակ նկարահանելու առումով: Ավելի կոնցեպտուալ ենք մոտենում այդ հարցին, մեր պրոպագանդած երաժշտության տեսակին: Եթե ասելիք ունենք՝ ասում ենք, ու ձեւն էական չէ: Հայկական հեռուստաալիքները դիտելիս այսօր այնպիսի տհաճություն ենք ստանում, որ վիդեոկլիպ անելու ցանկությունն էլ է կորչում, ուր մնաց եթերում երեւանք: Ինչ վերաբերում է ձայնագրություններին, մ եզ համար անում ենք ու էլի անելու ենք: Իսկ տիրաժով պիտի ուրիշ մարդ կամ որեւէ կազմակերպություն զբաղվի, ում իրոք կհետաքրքրի ռոքը: Հայաստանում չգիտես ինչ սկզբունքով են կլիպ նկարում, դիսկ արտադրում: Իսկ եթե որեւէ մեկի համար անում են, ապա մի նպատակով, որ նրանց տեսնեն ու հրավիրեն հերթական նոր բացվող օբյեկտում երգելու: Մենք, բնականաբար, այդ շուկայից չենք»,- հայտնեց «Դոգմայի» բասկիթառահարը: Խոսելով Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունից ու նման այլ նախագծերից, երաժիշտն ասաց. «Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը եւ մյուս նման հիմարություններն ինձ քիչ են հետաքրքրում: Ոչ միայն երաժշտության, այլեւ արվեստի մյուս տեսակներում ժյուրի եւ գնահատական դնելը տխմարություն է: Լավ բանը երբեք չի կարող մասսայական լինել ու բոլորի հավանությանն արժանանալ, իսկ ինչ-որ բանի շատերը եթե նախընտրություն են տալիս, դա արդեն կասկածելի է: Կամ էլ շատ հանճարեղ պիտի լինի, որ բոլորին դուր գա, իսկ Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում դժվար թե այդպիսի բան լինի»:

Վարդանից հետաքրքրվեցինք, թե ինչու է խմբի անունը «Դոգմա», այն էլ՝ հարցականով: «Ընդհանրապես մենք հակված ենք կասկածելու ամեն ինչին, որովհետեւ ամեն ինչը ունի երկու երես, երկու կողմ, երկու ճշմարտություն…»,- պատասխանեց նա: Դառնալով այն մտայնությանը, որ երբեմն թյուրիմացաբար բացասական երեւույթները, օրինակ, թեկուզ սատանայապաշտությունը, ասոցացվում է ռոքի հետ, Վ. Գիգորյանը նշեց. «Վերցնենք ոչ ռոքը, այլ փոփը՝ կիսամերկ աղջիկներ, երգերի խայտառակ տեքստեր: Դրանց ի՞նչն է քրիստոնեական, որ ռոքն էլ իբր սատանիստական է: Եթե ուզում եք իմանալ՝ ռոքի լսարանը կազմում են ամենաորակյալ, ամենախելացի մարդիկ, որոնք ամեն երկրի համար վտանգավոր են: Իսկ միջակություններին միշտ էլ հեշտ է ուղղորդելն ու հաղթելը»:

Մեր հաջորդ հարցին՝ ո՞րն է պատճառը, որ Հայաստանում ռոքը կոմերցիոն չէ, Վ. Գրիգորյանը պատասխանեց. «Երեւանում ոչ մի բանն էլ կոմերցիոն չէ արվեստում, բացի նրանից, ինչը արվում է օբյեկտի համար: Իսկ ռոքի՝ կոմերցիոն դառնալու համար երեւի պետք է մի քանի սերունդ փոխվի, նոր մտածողություն ձեւավորվի……Վրաստանում մի քիչ ավելի լավ է վիճակը, կոլորիտը շատ է երիտասարդության մոտ: Ի դեպ, ամենեւին հակված չեմ կարծելու, թե վրացիները մեզանից լավն են ու խելոք, ուղղակի սիրում են իրենց ունեցած ամեն ինչին մեծ տեղ տալ, թիթիզանալ: Օրինակ, եթե որեւէ երկրում Վրաստանի օրեր անցկացվեն, Վրաստանը ջանք չի խնայի դրսում եղածից ավելի լավ ներկայանալու համար: Հայաստանում այդպես չէ՝ ներքին կանալներով են ինչ-ինչ հարցեր լուծում»:

Խոսելով անցյալ տարի Հայաստանում եւ Արցախում կայացած միջազգային ռոք փառատոնի մասին, Վարդանը հայտնեց, որ այս տարվա ապրիլի կեսերին էլ վրացական 4 ռոք խումբ է ժամանելու Հայաստան: Այն հարցին, թե ինչո՞ւ, ի տարբերություն ջազմենների, հայ ռոքերներն իրենց ադրբեջանցի կոլեգաների հետ համատեղ նախագծեր չեն իրականացնում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ամռանը մի մեծամասշտաբ նախագիծ ունենք, որին կմասնակցեն ռոք երաժիշտներ ողջ տարածաշրջանից, նաեւ Թուրքիայից: Որոշել ենք ավելի հեռուն գնալ, անգամ Ղազախստանից լավագույններին հրավիրել: Ինչ վերաբերում է ադրբեջանցիներին, դա մի քիչ բարդ խնդիր է: Եթե, օրինակ, ջազ համերգները կամերային են եւ մոտավորապես գիտես, թե ով է գալու քեզ լսելու, ապա ռոքը հիմնականում բացօթյա է եւ ավելի շատ հանդիսատես է լինում: Պատկերացրեք՝ հանկարծ Ադրբեջանի խումբը դուրս գա, ու ինչ-որ բան այնպես չլինի: Իմաստ չունի մարդկանց բերել ու ծիծաղի առարկա դարձնել: Մյուս կողմից էլ, մեծ բան կորցրած չենք լինի՝ ադրբեջանական ռոք չլսելով: Իրենց մոտ ռոքը մի տեսակ չի ստացվում: Եթե Վրաստանում կան ընտիր խմբեր, նույնը չես կարող ասել Ադրբեջանի մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել