Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» աջակցությամբ իրականացնում է ծրագիր՝ «Հայաստանի եւ Թուրքիայի վերլուծաբանների եւ հասարակական գործիչների համագործակցությունը՝ որպես միավորող գործոն հայ-թուրքական հարաբերություններում»: Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել երկկողմանի շփումներն ու համագործակցությունը հայ եւ թուրք հասարակական գործիչների, վերլուծական կենտրոնների ղեկավարների, քաղաքագետների, պատմաբանների եւ լրագրողների միջեւ, ինչպես նաեւ բարձրացնել Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիների իրազեկման մակարդակը միմյանց եւ քաղաքացիական դաշտում տեղի ունեցող նախաձեռնությունների մասին:
Ծրագրի շրջանակներում անցկացվել են հարցազրույց-հարցումներ Հայաստանի եւ Թուրքիայի կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ վերլուծաբանների հետ, որոնք մենք սկսում ենք տպագրել «Հայ-թուրքական հարաբերություններն այսօր» ներդիրում (հարցազրույց-հարցումները անցկացվել են 2007 թ. նոյեմբեր-դեկտեմբերին): Կհրատարակվի վեց ներդիր՝ շաբաթը երկու անգամ հաճախությամբ:
«Հանրապետություն»
կուսակցություն
Կազմակերպության ղեկավարը՝ Արամ Զավենի Սարգսյան
Կազմակերպության կողմից պատասխանողի անունը՝ Սուրեն Սուրենյանց
– Ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս մակարդակը:
-Չկան այդպիսի հարաբերություններ ներկայիս մակարդակում, որովհետեւ մասամբ Անկարայում ու ավելի շատ Երեւանում այսօր իշխում են այնպիսի տրամադրություններ, որոնք հնարավորություն չեն տալիս այդ հարաբերությունները վերականգնելու:
– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի եւ Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումները՝ երկու երկրների միջեւ հարաբերություններ հաստատելու հարցում:
– Երկու կողմից էլ առաջ են քաշվում նախապայմաններ, որոնք հնարավորություն չեն տալիս հարաբերությունների կարգավորմանը:
– Ձեր կարծիքով, կա՞ տարբերություն Հայաստանի հասարակության եւ պաշտոնական դիրքորոշումների միջեւ:
– Հասարակություններն ուզում են խաղաղ, բարեկեցիկ կյանք: Իշխանություններն ավելի ագրեսիվ քաղաքականության կրող են:
– Ըստ Ձեզ, ո՞րն է պատճառը, որ մինչ օրս կողմերի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել:
– Պատճառն այն է, որ 1998թ- ից Հայաստանում իշխանության են եկել ուժեր, որոնք, այդպես կոչված՝ ավանդական հայ- քաղաքական մտքի կրող են, եւ նրանք շահագրգռված չեն հարեւանների հետ բնականոն հարաբերությունների հաստատմամբ: Ինչպես նաեւ Թուրքիայում չկա կայուն քաղաքական համակարգ, որը նման ուղեգիծ մշակելու կուրս որդեգրի: Երկուստեք են սխալները:
– Ձեր կարծիքով, հայկական կողմի՝ առանց նախապայմանների սահմանի բացման վերաբերյալ նոր դիրքորոշումը որքանո՞վ է նպաստում հարաբերությունների զարգացմանը:
– Հայկական կողմը իրականում նախապայմաններ դնում է: Որոշակի բլեֆ է, որ նախապայմաններ չի դնում: Նախապայմաններ չդնելու առաջին նախապայմանը այն կլիներ, եթե ցեղասպանության ճանաչման հարցը արտաքին քաղաքականության օրակարգում առաջնահերթություն չլիներ:
– Ձեր կարծիքով, ո՞ւմ է վնաս կամ ձեռնտու հայ-թուրքական սահմանի փակ լինելը:
– Ձեռնտու է երկու երկրների հասարակություններին, ձեռնտու է Հայաստանին եւ Թուրքիային, առավել եւս Հայաստանին, որովհետեւ Եվրոպա տանող մեր ճանապարհը անցնելու է Թուրքիայով: Թուրքիայի մարդկանց մասին, ում ձեռնտու չէ, չեմ ուզում խոսել, իսկ Հայաստանում փակ սահմանի առկայությունը ձեռնտու է այն մարդկանց, որոնք մոնոպոլ տնտեսության կողմնակից են:
– Ի՞նչ կտա կողմերին հայ- թուրքական սահմանի բացումը (տնտեսական, քաղաքական, մշակութային, սոցիալական եւ այլ ոլորտներում):
– Հայաստանը կմոտենա Եվրոպային, տնտեսության մեջ ներդրումների ծավալը եւ ընդհանրապես տնտեսության զարգացումը կխթանվի, որը, բնականաբար, դրական է ազդելու մարդկանց սոցիալական վիճակի վրա: Բայց, որ ամենակարեւորն է՝ երկու ժողովուրդների միջեւ կվերանա թշնամանքը:
– Ի՞նչ բացասական հետեւանքներ կարող է ունենալ հայ-թուրքական սահմանի բացումը կողմերի համար:
– Ոչ, ես չեմ տեսնում բացասական հետեւանքներ, որովհետեւ ամբողջ աշխարհն ապրում է բաց սահմաններով եւ զարգանում է:
– Ձեր կարծիքով, ո՞ր ոլորտներից պետք է սկսել հայ- թուրքական հարաբերությունների զարգացումը:
– Եթե չկան քաղաքական լուծումներ, տնտեսական եւ այլ կարգի հարաբերությունները կոնյունկտիվային են եւ ընդգծված բնույթ չեն կրում:
– Մշակութային երկխոսությունը կարո՞ղ է նպաստել դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը (օրինակ՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգումը):
– Մշակութային հարաբերությունները չեն կարող քաղաքական ֆունդամենտ լինել:
– Ի՞նչ եք կարծում՝ երկու ժողովուրդների դավանանքի տարբերությունը կարո՞ղ է խոչընդոտել կամ նպաստել հայ- թուրքական հարաբերությունների հաստատմանը:
– Որեւէ խնդիր չկա. ժամանակակից աշխարհում դավանանքը քաղաքական տարաձայնությունների տեղիք տալ չի կարող: Օրինակ՝ մենք համագործակցում ենք Իրանի հետ. ունենք տարբեր դավանանք, բայց դա որեւէ խնդիր չի առաջացրել:
– Երկու երկրների օրենսդիր մարմինները կարո՞ղ են նպաստել պաշտոնական հարաբերությունների հաստատմանը:
– Օրենսդիր մարմնի մասին չեմ ուզում խոսել. Հայաստանի օրենսդիր մարմնի որակը թույլ չի տալիս, որպեսզի նա ինչ-որ բանի նպաստի:
– Ի՞նչ դեր կարող են ունենալ հասարակական կազմակերպությունները եւ ԶԼՄ-ները հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հարցում:
– ԶԼՄ-ները կարող են կեղծ հայրենասիրությունը մի կողմ թողնել եւ ավելի խորքային վերլուծություններ անել հայ- թուրքական հարաբերությունների մասով: Հ/կ- ները ավելի ազատ են եւ ավելի մեծ հնարավորություններ ունեն:
– Ձեր կարծիքով, 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առկայությունը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում նպաստո՞ւմ, թե՞ խոչընդոտում է հայ- թուրքական հարաբերությունների զարգացմանը:
– Հայոց ցեղասպանության հարցը պետք է քննարկվի հայ- թուրքական հարաբերությունների կոնտեքստում, եւ ոչ թե այլ երկրներ այդ հարցը անընդհատ խաղարկեն իրենց շահերի համար:
– Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն են եղել հայ-թուրքական հարաբերությունները մինչեւ 1915թ.-ը, ինչպիսի՞ դիրք են զբաղեցրել եւ ի՞նչ ազդեցություն են ունեցել հայերը Օսմանյան կայսրությունում:
– Հայերը ազդեցիկ դիրք են գրավել: Իհարկե, եղել են միջադեպեր, Աբդուլ Համիդի ժամանակ եղել են կոտորածներ ու այդ դատապարտելի է, բայց ասել, որ ամբողջ պատմության ընթացքում հայ-թուրքական հարաբերությունները թշնամական են եղել՝ մի քիչ չափազանցված կլինի:
– Ձեր կարծիքով, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը ինչպե՞ս է անդրադառնում հայ-թուրքական հարաբերությունների վրա:
– ԼՂՀ հիմնախնդրի կարգավորումը ավելի դյուրին կդարձնի հայ- թուրքական հարաբերությունները: Միեւնույն ժամանակ, կա նաեւ հակառակ ճշմարտությունը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է նպաստել հիմնախնդրի ավելի արագ կարգավորմանը:
– Ինչպիսի՞ ազդեցություն ունեն հայ-թուրքական հարաբերությունները տարածաշրջանային զարգացումների վրա:
– Այդ հարաբերությունների բացակայությունը շատ վատ ազդեցություն ունի: Քանի որ դրանք չկան, Հայաստանը, ըստ էության, դուրս է մնացել այդ զարգացումներից:
– Կա՞ն, արդյոք, տարածաշրջանային հիմնահարցեր, որտեղ հայ- թուրքական շահերը համընկնում են:
– Բազմաթիվ այդպիսի հարցեր կան, օրինակ՝ ընդհանուր ձգտումը համաեվրոպական ընտանիքի մաս դառնալու:
– Կա՞ն գլոբալ մարտահրավերներ, որտեղ Հայաստան- Թուրքիա շահերը համընկնում են: Եթե այո, որո՞նք են:
– Ներկայումս՝ ոչ:
– Ձեր կարծիքով, միջազգային կառույցները կարո՞ղ են ազդել հայ- թուրքական հարաբերությունների բարելավման վրա:
– Այո, կարող են երկխոսության քաղաքական միջավայր ձեւավորել:
– Ինչպե՞ս եք վերաբերվում ԵՄ- ին Թուրքիայի անդամակցությանը:
– Շատ դրական:
– Ինչպե՞ս կանդրադառնա հայ- թուրքական հարաբերությունների վրա ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը:
– Եթե ԵՄ անդամ դառնա Թուրքիան, մենք կունենանք շատ ավելի քաղաքակիրթ հարեւան: Ի վերջո, Հայաստանը կդառնա Եվրոպայի հարեւան:
– Ի՞նչ եք կարծում՝ այսօր Թուրքիայում եւ Հայաստանում կա՞ «թշնամու» կերպար:
– Ցավոք սրտի, այո, երկու երկրներում էլ պետական քարոզչությունը նպաստում է, որպեսզի երկրներում էլ փոխադարձ թշնամանքի մթնոլորտ ձեւավորվի:
– Ձեր կարծիքով, անհրաժե՞շտ է ձերբազատվել «թշնամու» կերպարից:
– Միանշանակ:
– Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար:
– Տարիների խնդիր է:
Հարցազրույցը՝
ԿԱՐԻՆԵ ԱՍԱՏՐՅԱՆԻ
ՀՀ ԱԺ, «Ժառանգություն»
խմբակցություն
Կազմակերպության ղեկավարը՝ Խմբակցության ղեկավար՝ Րաֆֆի Հովհաննիսյան
Կազմակերպության կողմից պատասխանողի անունը՝ Ստյոպա Սաֆարյան, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար
Ձեր կազմակերպության գործունեության ոլորտը. Օրենսդիր կուսակցություն
– Ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս մակարդակը:
– Պաշտոնական հարաբերությունները՝ զրոյական եւ անհուսալի, հասարակական հարաբերությունները՝ դինամիկ զարգանալուն հակված, սակայն միջպետական հարաբերությունների ու ազգամիջյան կնճռոտ խնդիրների չկարգավորվածության պատճառով՝ ռիսկերի ենթակա:
– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի եւ Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումները՝ երկու երկրների միջեւ հարաբերություններ հաստատելու հարցում:
– Ոչ կառուցողական, լավագույն դեպքում՝ հարաբերությունները կարգավորելուն ուղղված քաղաքական կամքի ու շահագրգռվածության իմիտացիոն ցուցադրությամբ: Ի համեմատություն հայկական կողմի, թուրքական կողմի համառությունն ու հարաբերությունները կարգավորելու ոչշահագրգռությունն ավելի մեծ է:
– Ձեր կարծիքով, կա՞ տարբերություն Հայաստանի հասարակության եւ պաշտոնական դիրքորոշումների միջեւ:
– Այո: Հասարակությունն ավելի շատ է շա հագրգռված հարաբերությունները կարգավորելու իմաստով: Հայկական հարցի լուծման առումով հասարակության օրակարգն ավելի խայտաբղետ ու բազմազան է՝ սկսած նվազագույնը սոսկ Թուրքիայի կողմից Ցեղասպանությունը ճանաչելու ու ներողություն հայցելու պահանջից, վերջացրած տարատեսակ փոխհատուցումներով (ֆինանսական, տարածքային): Պաշտոնական որոշ շրջանակներ դեմ են հարաբերությունների կարգավորմանը նաեւ այլ պետությունների շահերից ելնելով, որոնք ոչ միշտ են հասկանալի: Մինչդեռ հասարակությունը խնդրին նայում է բացառապես սեփական երկրի շահերից ելնելով:
– Ըստ Ձեզ, ո՞րն է պատճառը, որ մինչ օրս կողմերի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել:
– Երկու կողմերի, եւ առաջին հերթին ու առավելապես Թուրքիայի մոտ ցանկության բացակայությամբ, չարդարացված մեծ վախերով: Բացի այդ, 1998թ.- ից հետո հայկական կողմի դիրքորոշումը կարծրացավ եւ միայն վերջին տարիներին փոխվեց, այն դեպքում, երբ թուրքական կողմի դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը:
– Ձեր կարծիքով, հայկական կողմի՝ առանց նախապայմանների սահմանի բացման վերաբերյալ նոր դիրքորոշումը որքանո՞վ է նպաստում հարաբերությունների զարգացմանը:
– Կարող է միանգամայն նպաստել, եթե հայտարարությունների հետ մեկտեղ լինեն նաեւ քայլեր: Բացի այդ, դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է նաեւ թուրքական կողմի դիրքորոշման փոփոխություն:
– Ձեր կարծիքով, ո՞ւմ է վնաս կամ ձեռնտու հայ-թուրքական սահմանի փակ լինելը:
– Ձեռնտու է երկու երկրների իշխանություններին, որոնք ադապտացվել ու վարժվել են հարաբերությունների ներկայիս ստատուս-քվոն պահպանելուն եւ մնացյալ քաղաքականությունները դրան հարմարեցնելուն: Մինչդեռ հայ-թուրքական սահմանի բացվելը կարող է նոր իրողություններ ստեղծել, նոր մարտահրավերներ (ներքին ու արտաքին) պայմանավորել եւ հարկադրել վերանայել մնացյալ քաղաքականությունները, որոնց նախկին բովանդակությունը կկորցնի իր իմաստը: Այդ սահմանի փակ լինելը ձեռնտու է Ադրբեջանին, ով այդ փաստն օգտագործում է Բաքու- Անկարա առանցքի օգնությամբ Հայաստանը տարածաշրջանային ծրագրերից մեկուսացնելու ծրագրերում, Վրաստանին, ով Արեւմուտք- Արեւելք հաղորդակցական միջանցքում ձեռք է բերում միակ կապող օղակի նշանակություն եւ Ռուսաստանին, ով դրա օգնությամբ պահպանում է Հարավային Կովկասում իր ներկայության հիմնավորումը: Վնասում է երկու երկրների հասարակություններին, Եվրամիությանը, ԱՄՆ-ին, ովքեր շահագրգռված են կարգավորված հարաբերությունների ու բաց սահմանների հարցերում:
– Ձեր կարծիքով, այսօր ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն կողմերը՝ հայ- թուրքական սահմանի բացման համար:
– Բազմամակարդակ երկխոսություն, անհատական, հասարակական, նաեւ՝ միջպետական շփումների խրախուսման, բարի կամքի դրսեւորման, վստահության վերականգնման քայլեր:
– Ի՞նչ կտա կողմերին հայ- թուրքական սահմանի բացումը (տնտեսական, քաղաքական, մշակութային, սոցիալական եւ այլ ոլորտներում):
– Կշահեն երկու երկրների հասարակական բոլոր համակարգերը՝ տնտեսությունից մինչեւ մշակույթ: Սահմանի բացումը կփոխի աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական իրավիճակը տարածաշրջանում՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:
– Ի՞նչ բացասական հետեւանքներ կարող է ունենալ հայ-թուրքական սահմանի բացումը կողմերի համար:
– Բաց սահմաններին ադապտացվելու խնդիրներ (մինչ այժմ սովոր են ապրել փակ սահմանի երկու կողմերում), հատկապես, երբ վախերը երկու կողմերում մեկ օրում չեն վերանալու եւ նաեւ նորմատիվ առումով (օրենսդրություն, կիրարկման պրակտիկա) պետությունները որոշ դեպքերում պատրաստ չեն եւ չեն նախապատրաստվում: Քանի որ, ինչպես վերը նշվեց, որոշակիորեն փոփոխվում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական իրավիճակը, բնական է, հնարավոր են նաեւ որոշակի լարվածություններ: Այսպես հնարավոր է թուրք- ադրբեջանական հարաբերություններում լարվածության առաջացում: Չի բացառված հայ-ռուսական հարաբերություններում որոշակի փոփոխություն: Այս ամբողջն առնչվում է երկու կողմերի քաղաքական համակարգերին, որոնց միջազգային հարաբերություններում վերը նշված բաղկացուցիչները ներառված են:
– Ձեր կարծիքով, ո՞ր ոլորտներից պետք է սկսել հայ- թուրքական հարաբերությունների զարգացումը:
– Բոլոր ոլորտներից միաժամանակ: Անհնար է առանց քաղաքական խնդիրները քննարկելու անցնել այլ խնդիրների, քանի որ այդ հարցերը կամա թե ակամա օրակարգում են եւ դրանց անտեսումն անհնար է:
– Մշակութային երկխոսությունը կարո՞ղ է նպաստել դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը (օրինակ՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգումը):
– Միանշանակ, բայց դա կաթիլ է ծովում: Թուրքական կողմը հայկական կողմի վստահությունը վաստակելու համար շատ ավելի մեծաթիվ եւ համալիր քայլեր պետք է ձեռնարկի: Հայկական կողմը առաջին հերթին սպասում է ներողության հայցում 20-րդ դարասկզբի վայրագությունների համար:
– Ի՞նչ եք կարծում՝ երկու ժողովուրդների դավանանքի տարբերությունը կարո՞ղ է խոչընդոտել կամ նպաստել հայ- թուրքական հարաբերությունների հաստատմանը:
– Այո, եթե անցյալի վախերը հաղթահարված չեն, ճշմարտությունը բացահայտված ու ընդունված չէ երկու կողմից: Հատկապես, երբ Հայոց եղեռնը ունեցել է նաեւ դավանանքի ասպեկտ: Թեպետ հայ ժողովուրդը մուսուլմանական դավանանք ունեցող հանրությունների հետ ներդաշնակ հարաբերվելու բազմադարյա մեծ կենսափորձ ունի:
– Երկու երկրների օրենսդիր մարմինները կարո՞ղ են նպաստել պաշտոնական հարաբերությունների հաստատմանը:
– Միանգամայն: Դա երկխոսության հարթություններից մեկը կարող է լինել: Եվ առաջին հերթին ցանկալի է, որ նրանք ձեռնամուխ լինեն երկու երկրների օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համատեղ համապատասխանեցնելու եւ ներդաշնակելու գործին:
– Ի՞նչ դեր կարող են ունենալ հասարակական կազմակերպությունները եւ ԶԼՄ- ները հայ- թուրքական հարաբերությունների զարգացման հարցում:
– Շատ մեծ եւ որոշ առումներով շատ ավելի կենսական, քան պետական մարմինները: Տարաբնույթ խնդիրներ քննարկելու ու ծրագրեր իրականացնելու հարցում նրանց ազատության աստիճանն ավելի բարձր է, սակայն նրանք չպետք է խոչընդոտվեն երկու երկրների իշխանությունների կողմից: ԶԼՄ- ներն է, որ կարող են երկու հասարակություններին օբյեկտիվորեն տեղեկացնել կողմերի, նրանց իրական մտահոգությունների, կարիքների ու նպատակների մասին, կրճատեն անվստահության մակարդակը:
– Ձեր կարծիքով, 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առկայությունը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում նպաստո՞ւմ, թե՞ խոչընդոտում է հայ- թուրքական հարաբերությունների զարգացմանը:
– Ամենակարեւորը՝ այդ հարցն առկա է երկու ժողովուրդների օրակարգում (ճիշտ է՝ տարբեր դրվածքներով): Հետեւաբար, պաշտոնական օրակարգը ներառի, թե չներառի, այն առկա է: Հետեւաբար, ցանկալի է, որ երկու երկրների պաշտոնական օրակարգերը ներառելով այն՝ փորձեն լուծումներ առաջարկել: Վերջին հաշվով՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը արտաքին քաղաքականության օրակարգում հայտնվեց այն ժամանակ, երբ հայկական կողմի մեղմ դիրքորոշումը ոչ մի արձագանք չգտավ թուրքական կողմում. ՀՀ անկախության 16 տարիների փորձը ցույց տվեց, որ ինչպիսին էլ լինի հայկական կողմի դիրքորոշումը՝ թուրքական կողմի արձագանքը նույնն է: Այդ իսկ պատճառով, մասամբ հարցը դարձավ այլ պետությունների սեփականությունը՝ Թուրքիայի վրա ճնշում բանեցնելու նպատակով, մասամբ էլ դրա տեղափոխումը միջազգային բեմահարթակ համընկավ հայկական շահերի հետ, ինչը թույլ է տալիս Թուրքիային կանչել պատասխանատվության ու ներողություն խնդրել աշխարհասփյուռ հայությունից դարասկզբի ոճրագործության համար:
– Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն են եղել հայ- թուրքական հարաբերությունները մինչեւ 1915թ.-ն, ինչպիսի՞ դիրք են զբաղեցրել եւ ի՞նչ ազդեցություն են ունեցել հայերը Օսմանյան կայսրությունում:
– Որքան ինձ հայտնի է՝ ժողովուրդների միջեւ հարաբերությունները եղել են նորմալ: Հայերը իրենց աշխատանքի արդյունքում կարողացել են բավականին բարձր հասարակական ու պետական դիրքեր զբաղեցնել: Տեղյակ եմ, որ մեծաթիվ հայեր զբաղեցրել են բարձր պետական պաշտոններ: Հայտնի է նաեւ, որ Եղեռնի տարիներին հազարավոր թուրքեր փրկել են հայերի կյանքեր: Սակայն թուրքական իշխանություններին (թե Օսմանյան կայսրության, թե երիտթուրքական կառավարության) հաջողվել է հայերի նկատմամբ միջինացված հաշվով թշնամության դրդել թուրք ժողովրդին:
– Ձեր կարծիքով, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը ինչպե՞ս է անդրադառնում հայ-թուրքական հարաբերությունների վրա:
– Հայ- թուրքական հարաբերությունները, եւ առաջին հերթին Թուրքիայի հայկական քաղաքականությունը դարձել է Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների պատանդը: Առանց այն էլ հայ- թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրը պարզերից չէ եւ դրա ծանրաբեռնումը մեկ այլ բարդագույն հակամարտությամբ չի կարող նպաստել հարաբերությունների կարգավորմանը: Հետեւաբար, Թուրքիան, եթե իսկապես ցանկանում է կարգավորել կնճռոտ հարցերը, ապա Հայաստանի հետ իր հարաբերությունները չպետք է պայմանավորի ղարաբաղյան խնդրով: Սա իսկապես ինդիկատոր է՝ գնահատելու համար Թուրքիայի իրական շահագրգռվածությունը:
– Ինչպիսի՞ ազդեցություն ունեն հայ-թուրքական հարաբերությունները տարածաշրջանային զարգացումների վրա:
– Ներկա պահին ավելի շատ ազդեցություն ունի հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորվածությունն իբրեւ գործոն: Այդ չկարգավորված հարաբերությունների պատճառներից հանդիսացող Հայոց եղեռնի չճանաչումը, Ցեղասպանության մերժման, Հայաստանի մեկուսացման քաղաքականությունը, հարաբերությունները կարգավորելուն ուղղված քայլերի բացակայությունը հանգեցնում են խնդիրը երրորդ երկրների կողմից օգտագործելուն, վերջիններիս կողմից տարածաշրջանում սեփական քաղաքական նպատակներն իրականացնելուն: Միաժամանակ, այդ հարաբերությունների չկարգավորվածությունը տարածաշրջանը պահում են պառակտված վիճակում:
– Կան գլոբալ մարտահրավերներ, որտեղ Հայաստան-Թուրքիա շահերը համընկնում են: Եթե այո, որո՞նք են:
– Գլոբալ մարտահրավերները (ահաբեկչություն, զանգվածային ոչնչացման զենքի տարածում, կազմակերպված հանցավորություն, ցեղասպանությունների կանխարգելում) սպառնում են բոլոր ժողովուրդներին, երկրներին: Հետեւապես, ընդհանրությունը մշտապես առկա է: Սակայն խոշոր հաշվով կողմերի մոտ առկա չէ դրանց գիտակցումը:
– Ձեր կարծիքով, միջազգային կառույցները կարո՞ղ են ազդել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման վրա:
– Այո: Այսօր հույսերից մեկը դա է, քանի որ կողմերը, եւ առաջին հերթին թուրքական կողմը վախենում են բարելավման ուղղությամբ սեփական նախաձեռնությամբ քայլեր կատարել: Հատկապես, երբ ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է եւ ներկայի ու ապագայի բոլոր ցեղասպանությունները կանխելու առումով միջազգային հանրությունը նույնպես պետք է իր վերաբերմունքն արտահայտի:
– Ինչպե՞ս եք վերաբերվում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը:
– Միանգամայն դրական: Դա բխում է Հայաստանի շահերից:
– Ինչպե՞ս կանդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների վրա ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը:
– Ակնկալվում է, որ Թուրքիան, թուրք հասարակությունը վաղ թե ուշ կդառնա եվրոպական արժեքային համակարգի կրող, որը խոշոր հաշվով ընդհանուր է հայկական արժեհամակարգի հետ:
– Ի՞նչ եք կարծում՝ այսօր Թուրքիայում եւ Հայաստանում կա՞ «թշնամու» կերպար:
– Այո՝ կա: Երկու երկրներում էլ հասարակական կարծիքի ուսումնասիրությունները դա փաստում են: Երկու ժողովուրդների թշնամիների ցուցակում էլ մեկը մյուսին տեսնում է:
– Ձեր կարծիքով, անհրաժե՞շտ է ձերբազատվել «թշնամու» կերպարից:
– Միանշանակ՝ այո: Դա խանգարում է առաջընթացին:
– Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ հայ- թուրքական դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար:
– Հավանաբար՝ շատ երկար: Բայց խնդիրն այն է, որ կարգավորման գործընթացն անշրջելի դառնա ու դրան ոչ մի բան չսպառնա: Մնացածը ժամանակի ընթացքում հաղթահարելի է:
Հարցազրույցը՝
ՎԻԿՏՈՐՅԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ
Լիբերալ-դեմոկրատական
կուսակցություն (Թուրքիա)
Կազմակերպության կողմից պատասխանողի անունը՝ Ջեմ Տոքեր, նախագահ
– Ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս մակարդակը:
– Դժբախտաբար, ներկայումս հարաբերությունները փոխադարձ ապակառուցողական բնույթ են կրում: Դրանք չեն արտացոլում հարյուրամյակների հարեւանությունը եւ բարեկամական հարաբերությունները:
– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի եւ Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումները՝ երկու երկրների միջեւ հարաբերություններ հաստատելու հարցում:
– Երկու պետություններն էլ անզիջում են եւ չեն ձգտում համաձայնության, ինչն անդրադառնում է հասարակությունների վրա: Թուրքիան խնդրի լուծումը կապում է ղարաբաղյան հարցի հետ եւ Հայաստանի նկատմամբ իր քաղաքականությունը համաձայնեցնում է Ադրբեջանի հետ: Մյուս կողմից, Հայաստանի ղեկավարությունը, կոշտ քաղաքականության կողմնակից լինելով, վնասում է հարաբերություններին՝ հայկական սփյուռքի միջոցով արծարծելով ցեղասպանության խնդիրը միջազգային ատյաններում: Թուրք հասարակության մեջ ստեղծվել է տպավորություն, որ Հայաստանը ներկայացնում է պահանջներ Թուրքիային՝ առանց փոխադարձ քայլերի դիմելու ցանկության: Հասկանալի չէ, ինչ պատասխան քայլեր կձեռնարկի Հայաստանը, եթե Թուրքիան կատարի նրա պահանջները. բացել սահմանը, վերացնել էմբարգոն, հաստատել դիվանագիտական հարաբերություններ եւ ճանաչել Ցեղասպանությունը:
– Ձեր կարծիքով, կա՞ տարբերություն Թուրքիայի հասարակության եւ պաշտոնական դիրքորոշումների միջեւ:
– Ընդհանուր առմամբ՝ ոչ: Թուրքիայում գոյություն ունի փոքրամասնություն, որը կարծում է, որ Հայաստանի հետ հարաբերությունները չպիտի կախված լինեն Ադրբեջանից: Սակայն Ցեղասպանության մասին պնդումների առումով մենք չենք նկատում տարբերություն պաշտոնական դիրքորոշման եւ հասարակական կարծիքի միջեւ:
– Ըստ Ձեզ, ո՞րն է պատճառը, որ մինչ օրս կողմերի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել:
– Քոչարյանի կոշտ դիրքորոշումները եւ Ադրբեջանի ճնշումը Թուրքիայի վրա:
– Ձեր կարծիքով, հայկական կողմի՝ առանց նախապայմանների սահմանի բացման վերաբերյալ նոր դիրքորոշումը որքանո՞վ է նպաստում հարաբերությունների զարգացմանը:
– Մենք էլ ենք հավատացած, որ անհրաժեշտ է բացել սահմանն առանց նախապայմանների: Սակայն անհրաժեշտ է մթնոլորտ նախապատրաստել, որպեսզի դրա անհրաժեշտությունն արդարացված համարվի թուրք ժողովրդի կողմից: Հեշտ չէ թուրք հասարակությանը համոզել դրանում, քանի դեռ հայկական սփյուռքն անընդհատ աշխատում է տարբեր երկրների խորհրդարանների կողմից ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերի ընդունման ուղղությամբ: Այնուամենայնիվ, մենք համոզված ենք, որ սահմանը պետք է բացվի՝ առանց հայկական սփյուռքի գործունեությանն ուշադրություն դարձնելու:
– Ձեր կարծիքով, ո՞ւմ է վնաս կամ ձեռնտու հայ- թուրքական սահմանի փակ լինելը:
– Շահում են նրանք, ովքեր օգտվում են լարված իրավիճակից, նաեւ՝ ովքեր ցանկանում են, որ միջազգային ոլորտում Թուրքիան ճնշումների ենթարկվի: Վնաս են կրում Թուրքիայի սահմանամերձ տարածքներում բնակվողները, ինչպես նաեւ ողջ հայ հասարակությունը:
– Ձեր կարծիքով, այսօր ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն կողմերը՝ հայ-թուրքական սահմանի բացման համար:
– Պետք է երաշխավորվի, որ սահմանի բացումը չի դիտվելու որպես Թուրքիայի կողմից կատարվող զիջում: Դրա ընկալումը պետք է փոխվի: Պետք է կատարվեն քայլեր՝ հասարակությունում առկա հետադիմության վերացման համար: Պետք է խնդիրը ներկայացնել ոչ որպես քաղաքական խնդիր, այլ որպես տնտեսական խնդիր՝ Թուրքիայի համար եւ մարդասիրական խնդիր՝ Հայաստանի համար:
– Ի՞նչ կտա կողմերին հայ- թուրքական սահմանի բացումը տնտեսական, քաղաքական, մշակութային, սոցիալական եւ այլ ոլորտներում:
– Առեւտուրը եւ մարդկանց համագործակցությունը զգալիորեն կնպաստեն քաղաքական խնդիրների լուծմանը: Ահա ինչու Թուրքիան պետք է բացի սահմանը՝ առանց նախապայմանների: Պետք է հիշել, որ «երբ մարդիկ եւ ապրանքները չեն կարող անցնել սահմանը՝ դա կանեն զինվորները»:
– Ձեր կարծիքով, ո՞ր ոլորտներից պետք է սկսել հայ- թուրքական հարաբերությունների զարգացումը:
– Այստեղ կարծես թե աստվածային միջամտություն է տեղի ունեցել, քանի որ երկու երկրները հայտնվել են 2010թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության նույն ընտրական խմբում: Այս զուգադիպությունը մեծ հնարավորություն է ընձեռում երկու երկրներին՝ իրենց ժողովուրդներին դրականորեն կողմնորոշելու համար:
– Ի՞նչ եք կարծում՝ երկու ժողովուրդների դավանանքի տարբերությունը կարո՞ղ է խոչընդոտել կամ նպաստել հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը:
– Կարծում եմ, երբ նպատակը քաղաքական կարգավորումն է, ավելի լավ է կրոնական տարբերությունները մի կողմ դնել:
– Երկու երկրների օրենսդիր մարմինները կարո՞ղ են նպաստել պաշտոնական հարաբերությունների հաստատմանը:
– Խորապես համոզված լինելով ժողովրդավարության առավելությունների մեջ՝ ես կարծում եմ, որ նախ անհրաժեշտ է կապ ապահովել ժողովրդի եւ հասարակական կարծիքի ձեւավորման միջեւ: Օրինակ, հասարակ թուրքը պետք է իմանա, ինչպես է փակ սահմանն ազդում հայ երեխաների կյանքի վրա: Կարող է պահանջվել, որ օրենսդիրները նմանատիպ քայլեր նախաձեռնեն, սակայն կարծում եմ, որ քաղաքացիական հասարակության ակտիվությունն ավելի արդյունավետ կլինի:
– Ի՞նչ դեր կարող են ունենալ հասարակական կազմակերպությունները եւ ԶԼՄ-ները հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հարցում:
– Նախքան քաղաքական կառույցները նախաձեռնություն ցուցաբերեն, ոչկառավարական կառույցները կարող են ավելի արդյունավետ եւ համոզիչ դեր խաղալ:
– Ձեր կարծիքով, 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առկայությունը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում նպաստո՞ւմ, թե՞ խոչընդոտում է հայ- թուրքական հարաբերությունների զարգացմանը:
– Անշուշտ, դա մի խոչընդոտ է:
– Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն են եղել հայ-թուրքական հարաբերությունները մինչեւ 1915թ., ինչպիսի՞ դիրք են զբաղեցրել եւ ի՞նչ ազդեցություն են ունեցել հայերը Օսմանյան կայսրությունում:
– Երկու հարցերին էլ կարող եմ պատասխանել, քանի որ ուսումնասիրել եմ խնդիրը եւ այլ տեղեկություններ չեմ լսել: Որքան ինձ հայտնի է, հարաբերությունները ներդաշնակ էին, հիմնված՝ ժողովուրդների փոխադարձ հարգանքի եւ հանդուրժողականության վրա: Թե պետական կառավարման մարմիններում, թե այլ ոլորտներում՝ արվեստների, արհեստի, առեւտրի եւ այլն, ազդեցիկ հայեր կային:
– Ձեր կարծիքով, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը ինչպե՞ս է անդրադառնում հայ-թուրքական հարաբերությունների վրա:
– Դա մեկն է երկու հիմնախնդիրներից, որոնք մինչ օրս սահմանափակում են մեր հարաբերությունները: Այդ խնդրի պատճառով Թուրքիան քայլեր չի ձեռնարկում:
– Ինչպիսի՞ ազդեցություն ունեն հայ- թուրքական հարաբերությունները տարածաշրջանային զարգացումնների վրա:
– Դժբախտաբար, տարածաշրջանի երկրները չեն կարող, հնարավորություն չունեն օգտվել իրենց յուրահատուկ էներգետիկ ռեսուրսներից, աշխարհաքաղաքական դիրքից, մարդկային ռեսուրսներից, իրենց ժողովուրդների նախաձեռնող մտքից եւ պատմական կապերից՝ անկարեւոր պատճառներով:
– Կա՞ն, արդյոք, տարածաշրջանային հիմնահարցեր, որտեղ հայ-թուրքական շահերը համընկնում են:
– Կտամ կարճ պատասխան՝ որպես ազատական ժողովրդավար: Իմ եւ մեր կուսակցության համոզմամբ, պետական ծառայողների միակ առաքելությունն է՝ մի կողմ դնել իրենց էգոն, բարդույթներն ու հույզերը եւ ուղղորդել ողջ էներգիան դեպի իրենց ժողովրդի ազատություն, իրավունքներ, բարեկեցություն, արդարություն եւ երջանկություն: Համագործակցությունն ընդդեմ բռնատիրական վարչակարգերի, որոնք ձգտում են տարածաշրջանում հակառակ գաղափարներ տարածել, բոլորիս շահերից է բխում:
– Կա՞ն գլոբալ մարտահրավերներ, որտեղ Հայաստան-Թուրքիա շահերը համընկնում են: Եթե այո, որո՞նք են:
– Նախորդ հարցին տրված պատասխանս կարող եք դիտել նաեւ գլոբալ կոնտեքստում: Համատեղ պայքարը հանուն մեր արժեքների եւ մեր ազատությանը սպառնացող վտանգների դեմ բխում է մեր շահերից:
– Ինչպե՞ս եք վերաբերվում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը:
– ԵՄ-ն քաղաքակրթական նախագիծ է եւ Թուրքիան պետք է դրանում զբաղեցնի իր տեղը: Սակայն թուրք հասարակությունում ի հայտ են եկել ԵՄ-ի կերպարի եւ նրա նկատմամբ վստահության հետ կապված խնդիրներ: Այդ կերպարի խնդիրն է, որ Թուրքիայում բարեփոխումների գործընթացը տարավ դեպի փակուղի: Թուրքիան պետք է շարունակի բարեփոխումները՝ ինչպես, եթե հենց վաղն էր միանալու ԵՄ-ին:
– Ինչպե՞ս կանդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների վրա ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը:
– Կարծում եմ, Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ առկա խնդիրները կապված չեն ԵՄ անդամակցության չափանիշների հետ: Այս պատճառով չեմ կարծում, որ ԵՄ անդամակցությունը կվերացներ բոլոր առկա խնդիրները:
– Ի՞նչ եք կարծում՝ այսօր Թուրքիայում եւ Հայաստանում կա՞ «թշնամու» կերպար:
– «Թշնամի» բառը չափազանցություն է: Պետք է մտածել, որ կան եղբայրներ, որոնք լուրջ տարաձայնություններ ունեն նուրբ խնդիրների վերաբերյալ, չեն վստահում միմյանց, սակայն կապված են հզոր պատմական կապերով:
– Ձեր կարծիքով, անհրաժե՞շտ է ձերբազատվել «թշնամու» կերպարից:
– Որպես դեռ դպրոցական տարիներից մի քանի տասնյակ ազգությամբ հայ մտերիմ ընկերներ ունեցող մարդ, ամենախիստ կերպով դատապարտած լինելով Հրանտ Դինքի սպանությունը, մասնակցած լինելով նրա թաղման արարողությանը՝ երբեք չեմ համակերպվի «թշնամի» որակման հետ:
– Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ հայ- թուրքական դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար:
– Գործընթացը կսկսվի այն պահին, երբ իշխանության գան իրատես, կառուցողական կառավարիչներ, որոնք ավելի իրատեսական կերպով կձեւակերպեն առաջնահերթությունները: Որքան ինձ հայտնի է, Տեր- Պետրոսյանի կառավարման շրջանում մեր հարաբերություններն ավելի դրական էին, քան այժմ:
– Ունե՞ք որեւէ լրացում:
– Հուսով եմ, որ ձեր աշխատանքը կնպաստի մեր պատմական մերձավորության վերականգնմանը եւ մեր երկրների միջեւ անհամաձայնությունների վերացմանը:
Հարցազրույցը՝ ՉԻՉԵՔ ՋՈՇՔՈՒՆԻ
Սույն հրատարակությունը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի նվիրատվության շնորհիվ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ, որի բովանդակության համար պատասխանատու է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը: Այստեղ արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ համընկնեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետներին: