Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարող են հայհոյել, հետո էլ համագործակցել»

Մարտ 01,2008 00:00

Քաղաքական ուժերի մասին ասում է քաղաքագետ Գարիկ Քեռյանը

Մամուլի ազգային ակումբի (ՄԱԱ) երեկվա հյուրը քաղաքական գիտությունների դոկտոր, ԵՊՀ միջազգային հարաբերությունների, դիվանագիտության ամբիոնի պրոֆեսոր Գարիկ Քեռյանն էր, թեման՝ հասարակական-քաղաքական գործընթացները հետընտրական Հայաստանում, դրանց արդյունքներն ու հետեւանքները: Գ. Քեռյանի խոսքերով, Հայաստանում տեղի են ունեցել հինգ նախագահական ընտրություններ, որոնք ուղեկցվել են նաեւ խորհրդարանականով ու այս բոլոր ընտրությունների ընթացքում ամենամեծ ձեռքբերումը տոտալիտար համակարգից ժողովրդավարություն, բազմակուսակցություն անցումն է եղել:

Քաղաքագետի խոսքերով, 2007թ. խորհրդարանական եւ 2008թ. նախագահական ընտրությունները հնարավորություն ունեցան մրցապայքար մղել, իրենց քարոզչությունն իրականացնել, ինչն էլ, ըստ Գ. Քեռյանի, մեր քաղաքական մշակույթի լուրջ ձեռքբերումներից է: Դառնալով ստեղծված իրավիճակին՝ իշխանամետությամբ հայտնի քաղաքագետը նշեց. «Լավն այն է, որ բոլոր քաղաքական ուժերը կարողացան ազատորեն արտահայտել իրենց կամքը, քարոզարշավների ժամանակ խոչընդոտներ չեղան, թեկնածուները կարողացան իրենց ձայնը հասցնել մասսաներին: Այս նախագահական ընտրություններում դրական առաջընթաց է համարվում այն, որ եթե մինչ այդ ընտրողները քվեարկում էին՝ որոշակի գաղափարական ազդեցությունների տակ, ապա այս անգամ քվեարկությունը ընտրողների կողմից կրում էր պրագմատիկ բնույթ՝ իրավիճակի սթափ գնահատման առումով: Ընտրությունների արդյունքներն էլ ցույց տվեցին, որ ընտրազանգվածը գերադասում է կայունությունը՝ նախորդ քաղաքականության շարունակությունը եւ երկրի անվտանգությունը: Վատն էլ այն է, որ նախագահական ընտրություններից հետո սկսեց գերակշռել կոմպրոմատների պատերազմը: Թեկնածուներից շատերը, որոնք նախկինում եղել էին իշխանական կոալիցիայում, ընտրողների առջեւ հանդես եկան ոչ թե իրենց արած կոնկրետ գործերի հաշվետվությամբ, այլ իշխանության քննադատությամբ: Մեր քաղաքական մշակույթի մեջ դեռեւս արմատավորված չէ պատասխանատվության մեխանիզմը»:

Գ. Քեռյանը քաղաքական իրավիճակի բ ացասական կողմերից մեկը համարեց նաեւ այն, որ ընդդիմությունը ինչպես 96, 98, 2003 թվերին, այնպես էլ հիմա, չի ընդունում քվեարկության արդյունքները: Ըստ նրա, երեք դեպքում էլ ընդդիմությունը չի շնորհավորել հաղթած թեկնածուին, ինչը եւս քաղաքական մշակույթի բացերից է. «Այս երեւույթների անմիջական հետեւանք է նաեւ այն, որ այսօր չընդունելով քվեարկության արդյունքները՝ ընդդիմության մի մասը եւ հատկապես Լեւոն Տեր-Պետրոսյանը կասկածի տակ է դնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակած տվյալները: Իսկ արդյունքները չընդունելը հասարակության մեջ ծնում է լուրջ առճակատում»:

Քաղաքագետի խոսքերով՝ Ազատության հրապարակում հավաքվածների համար դեռեւս շարունակվում է քվեարկության պրոցեսը, վերջիններս իրենց կամքի արտահայտությունը պնդում են միտինգային ձեւով. «Չեմ կարող ասել, սա հասարակական ճգնաժա՞մ է, թե՝ ոչ, որովհետեւ առջեւում մենք դեռ ունենք ՍԴ-ի կողմից ընտրության արդյունքների գնահատականը: Գուցե ՍԴ-ի որոշումից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանին պաշտպանող ուժերը համակերպվեն իրադրությանը: Վարչապետի կոչը, որն ուղղված էր ընդդիմությանը՝ մասնակցություն ունենալ նոր կառավարության կազմմանը, կարող է լծակ հանդիսանալ ճգնաժամի մարման համար»: Ըստ Գ. Քեռյանի, ճգնաժամից դուրս գալու հարմար տարբերակ է երկխոսությունը: Ըստ նրա, միտինգային տրամադրությունը, ի վերջո, կամաց-կամաց կմարի: Անդրադառնալով ՍԴ-ի կայացնելիք որոշմանը, քաղաքագետը նշեց, որ չնայած ինքը չի ուզում կանխատեսել, սակայն. «Թեկնածուների ձայների միջեւ տարբերությունը ոչ թե հինգ-վեց տոկոս է, այլ կես միլիոն: Ընդդիմության համար շատ դժվար կլինի ապացուցել, որ այդ կես միլիոն ձայնը կեղծված է»:

Գ. Քեռյանը կրկին դառնալով իշխանության եւ ընդդիմության հնարավոր երկխոսությանը, ասաց, որ քաղաքականությունը անբարոյականություն է, ու չնայած Լ. Տեր-Պետրոսյանը իշխանության հասցեին հաճախ ասել է ավազակապետություն, սակայն. «Բանակցությունների ժամանակ ելնելով հասարակության մեջ առաջացած ճգնաժամը մարելու անհրաժեշտությունից, չի բացառվում, որ քաղաքական ուժերը անտեսեն դա»: Ըստ նրա, բոլոր ընտրությունների ժամանակ էլ քաղաքական ուժերը միմյանց հասցեին բազմաթիվ մեղադրանքներ են հնչեցնում, իսկ ընտրություններից հետո համագործակցում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել