Եվ երեկ ԵՊՀ-ում ներկայացրեց իրավիճակը փոխելու իր սցենարները
Երեկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր ներկայիս կարգավիճակում վերջին անգամ հանդիպեց ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության հետ: Նա ներածական խոսքի սկզբում հաճոյախոսեց դահլիճին՝ ասելով, թե դեմքերը պայծառացել են, հետո էլ նշեց, որ երեւի ինքն է ծերացել: Բնութագրելով ներքաղաքական իրավիճակը եւ, իր խոսքով, դժգոհների պահվածքը, նա նկատեց. «Երկրում վատ ավանդույթ է ձեւավորվել: Պարտված կողմը չի կարողանում հաղթահարել իր ամբիցիաները ու շնորհավորել հաղթած կողմին՝ ընդունելով ընտրությունների արդյունքները: 2 անգամ էլ ընտրվել եմ 2 փուլով, եւ երբեք 2-րդ տեղը գրաված թեկնածուն չի ընդունել ընտրությունների արդյունքները»:
Ռ. Քոչարյանը երեկ հանդիպման էր եկել իր քաղաքական սցենարներով, որոնցից 4-ը վերաբերում էր ընդդիմության հետագա գործողություններին, 2-ը՝ իշխանության քայլերին: Ընդդիմության համար «նախատեսված» սցենարներից առաջինի համաձայն, Թատերական հրապարակի զանգվածային միջոցառումները նույն ձեւով կշարունակվեն՝ փորձելով ներգրավել նորանոր մարդկանց: «Ինչքան շատ փորձեն մարդկանց պահել Թատերական հրապարակում, հետո այնքան մեծ է լինելու հիասթափությունը: Մանավանդ որ, այս փորձն ունենք անցյալից: Մարդիկ սթրես են ապրում, որից հետո չեն ներում այդ ապրումները առաջացնողներին»,- մեկնաբանեց Ռ. Քոչարյանը: 2-րդ սցենարը հետեւյալն է. «Հուսահատության պատճառով տեղի կունենա այն, ինչ 1996-ին՝ կգրոհեն պետական մարմինները: Այդ դեպքում կազմակերպիչները հայտնվելու են օրենքից դուրս: Իրավապահներն ունեն բավարար ուժ, հնարավորություն՝ սահմանադրական կարգը պահպանելու համար: Դրանից հետո հարթակում կանգնած շատերը երկար տարիներ անցկացնելու են բանտերում եւ բավարար ժամանակ են ունենալու մտորելու եւ վերլուծելու անցած ճանապարհը»: Հետո էլ, ըստ իր սցենարի՝ նախագահը ներկայացրեց իշխանության գործողությունները: «Ոստիկանական գործողություններ կիրառելով՝ մաքրել հրապարակը: Ժողովրդին հնարավորություն տալ ավելի հանգիստ կյանքով ապրել: Սա մեծ աջակցություն կլինի այն մարդկանց, ովքեր մոլորված եւ ինչ-ինչ ապրումներով գտնվում են այդ հրապարակում»,- նախազգուշացրեց նախագահը: Հետո էլ հավելեց. «Ի դեպ, հարթակի վրա կանգնած հռետորների պահվածքը ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի լաբորատոր դասընթացների համար կարող է լավ նյութ ծառայել: Ամենից հետաքրքիրն էլ այն է, որ Թատերական հրապարակում կերակրում են, մինչդեռ ՀՀՇ-ն միշտ հակառակն էր անում: Գոնե այս ամենի մեջ ինչ-որ դրական երեւույթներ կան»:
Նրա նախընտրելի սցենարներից մեկն այս է. «Շնորհակալություն է հայտնվում զանգվածին՝ աջակցության համար, մարդկանց ուղարկում են տուն՝ պահպանելով նրանց վրա ազդեցությունը, կոշտ ընդդիմություն լինելու կեցվածքը եւ պատրաստվում են հաջորդ ընտրություններին: Պետք է գնահատել իրավիճակը եւ մտածել, որ քաղաքական պայքարը 100 մետրանոց վազք չէ, այլ երկար եւ դժվար աշխատանք»: 4-րդ սցենարը, թերեւս, Ռ. Քոչարյանի ամենասիրելին էր: Այն հեղինակը ներկայացրեց հեգնական ժպիտը դեմքին. «Մարդկանց շնորհակալություն են հայտնում, ուղարկում տուն, շնորհավորում նորընտիր նախագահին, խնդրում են մեղմ վերաբերվել օրինախախտներին եւ գնում են իրենց հերթական գիտական աշխատանքը գրելու»:
Նախագահական սցենարների «շնորհանդեսից» հետո ուսանողները հարցեր ուղղեցին Ռ. Քոչարյանին: Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Ցոլակ Հակոբյանը հետաքրքրվեց, թե Լեւոն Տեր -Պետրոսյանի մասին սենսացիոն բացահայտումներ Ռ. Քոչարյանը ինչո՞ւ չէր անում՝ մինչեւ ընտրությունների նախորդ օրը 4 հեռուստաընկերություններին տված հարզացրույցը. գուցե դա ոչ թե արդարության բացահայտման համար էր, այլ քաղաքական դիվիդենդներ շահելո՞ւ: «Չկար անհրաժեշտություն, մյուս կողմից էլ Ղարաբաղի պատերազմի հետ կապված հաղթանակները չէին օգտագործվում թեկնածուների կողմից: Հենց սկսվեց շահարկվել այս թեման, ես պարտավորված զգացի պատմել այդ իրադարձությունների մասին: Սակայն այդ տարիների ճշմարտության մասին պատմել եմ ընդամենը 10-15 տոկոսը: Երբ նախագահ չլինեմ, ավելի ազատ ոճով միգուցե խոսեմ»,- պատասխանեց նախագահը: Մի ուսանող էլ հետաքրքրվեց, թե լինելով երիտասարդ եւ եռանդով լի՝ նախագահի պաշտոնը թողնելուց հետո ինչո՞վ է զբաղվելու եւ արդյո՞ք հանգիստ խղճով է հեռանում. «Լինելով երիտասարդ եւ եռանդով լի՝ դեռ չգիտեմ ինչ եմ անելու: Վերջերս Սոչիում այս թեմայով խոսում էի Պուտինի հետ: Նրան ասացի, որ մի փոքր ընդմիջում կտամ, բայց հետո մտածում եմ, որ կարող է 3 ամիս հետո աչքերս բացեմ եւ մտածեմ, թե ի՞նչ կյանք է, որ աշխատանքի չեմ գնում, որոշումներ չեմ կայացնում: Բայց կարող է նաեւ 3 ամիս հետո ասեմ՝ լսիր, Ռոբերտ, որ սենց կյանք կա, բա էդ տարիների ընթացքում ինչո՞վ էիր զբաղված: Իսկ պաշտոնից հանգիստ խղճով եմ հեռանում, քանի որ այդ 10 տարիների ընթացքում շատ գործ է արվել…»:
Մի ուսանողուհի էլ ասաց՝ եթե Լ. Տեր-Պետրոսյանի հանրահավաքները խանգարում են մարդկանց, ինչո՞ւ նրան եթեր չեն տալիս՝ ասելիքը ժողովրդին ներկայացնելու համար: «Քարոզարշավի ժամանակ 7 հեռուստաընկերություններից ուղիղ եթերի հրավեր է ստացել, որոնք մերժել է: Իսկ հիմա ինչո՞ւ պիտի եթեր տան չարտոնված հանրահավաքներ կազմակերպողներին: Իսկ եթե կան հեռուստաընկերություններ, որոնք ուզում են հրավիրել, թող հրավիրեն: Միայն Հանրայինի համար կարող եմ ինչ-որ բան ասել: Սակայն այստեղ էլ աշխատակազմն իր սուբյեկտիվ վերաբերմունքն ունի, քանի որ համարում են, որ ՀՀՌԽ խորհրդի նախկին նախագահ Տիգրան Նաղդալյանին սպանելու որոշման կայացմանը մասնակցել է այդ հարթակում կանգնածներից մեկը, թեկուզ այսօր նստած է նրա եղբայրը»,- հայտարարեց Ռ. Քոչարյանը: