Այս անգամ հեռուստաալիք փակելու «քաջագործությունը» վերապահված էր «ամենահավատարիմ» հանրապետականին՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին:
Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Գյումրիի քաղաքապետարանի ու ԳԱԼԱ հեռուստաընկերության միջեւ հեռուստաաշտարակի համար ծագած վեճի քննությունը: Ինչպես եւ պատվիրված էր, դատավոր Արմեն Խաչատրյանը վճռեց Գյումրիի անկախ լրատվական ալիքին զրկել հեռուստաաշտարակից եւ այն հանձնել նորահայտ տիրոջը՝ քաղաքապետարանին: Այսինքն՝ մի վճիռ, որը օրեր առաջ Գյումրիի թատերական հրապարակում արդեն իսկ հրապարակել էր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Սերժ Սարգսյանի պատվին «հավատարմության» հանրահավաք կազմակերպելիս քաղաքապետը ամբողջ ժողովրդի առջեւ բացեիբաց հայտարարեց, որ Գյումրիի անկախ լրատվական ալիքը հալածում են՝ ելնելով քաղաքական նկատառումներից, եւ զգուշացրել էր, թե այդ ալիքն էլ մի քիչ պետք է զգաստանա: «Գյումրիում մնացել է երկու քաղմաս, մեկը ԳԱԼԱ քաղմասն է, մյուսը՝ Ասպարեզ քաղմասը, որից ժողովուրդը զզվում է, եւ որոնք Լեւոն Տեր-Պետրոսյանին են գովերգում ՀՀՇ-ի փողերով, սրանք էլ վերջապես մի քիչ պետք է զգաստանան»,- բառացիորեն ասաց քաղաքապետը: Այսինքն՝ նա անկեղծորեն բարձրաձայնեց այն, ինչը ամիսներ շարունակ փորձում էին թաքցնել երկրի բարձրաստիճան պաշտոնյաները՝ նախագահ Քոչարյանը, վարչապետ Սերժ Սարգսյանը, ովքեր մշտապես համոզում էին, որ ԳԱԼԱ-ի շուրջ ծավալված իրադարձությունները ոչ թե քաղաքական են, այլ տնտեսական:
«Սույն դատաքննությունը Հայաստանի Հանրապետության ներկայիս իրավիճակի հստակ արտահայտումն է, ես գիտեի, որ բացառվելու էր հաշտության կնքումը: Կողմը ընդհանրապես չի ցանկանում էդ հեռուստաաշտարակը որեւէ կերպ տրամադրել ԳԱԼԱ-ին, ես համոզված եմ, որ այս պահին ամենանվազագույն գումարով կարող է տրամադրվել ինձ կամ ձեզ, օրինակ՝ վերեւը ինչ-որ բան սարքելու, բայց ոչ հեռուստաընկերությանը: Յուրաքանչյուր խնդիր ունի իր իրավական եւ բարոյական կողմերը: Իրավական կողմին ես անդրադարձել եմ, իրավական կողմով պետք է սահմանվեր սերվիտուտ, որովհետեւ դա համանքային նշանակության գույք է, որովհետեւ դրա վրա կա կապուղի, եւ օրենքը թույլ է տալիս հարկադիր սերվիտուտ սահմանել դրա մի մասի նկատմամբ: Բարոյական առումով ես տեղյակ եմ, որ այս պահին ԳԱԼԱ-ն Հայաստանի միակ հեռուստաընկերությունն է, որը հնարավորություն է տալիս հասարակությանը տրամադրել օբյեկտիվ տեղեկություններ երկրում կատարվող իրադարձությունների մասին»,- իր տպավորությունները հայտնեց ԳԱԼԱ-ի փաստաբան Կարեն Թումանյանը, որի բոլոր միջնորդությունները առանց ծանրութեթեւ անելու՝ դատարանը մերժում էր: ԳԱԼԱ հեռուստաընկերության ու ազատ խոսքի շտաբի պատասխանատու Լեւոն Բարսեղյանի կարծիքով էլ. «Դատավորը կաշկանդված էր, աչառու էր, նա իր բոլոր գործողություններով ապացուցեց, որ ավելի արագ դատաքննություն բնության մեջ չի էլ պատահում, վճիռը հրապարակելու համար օրենքը թույլ է տալիս մինչեւ 15 օրվա ժամկետ, դատավորը որոշեց, որ հրապարակելու է 27 ժամ հետո, ես չդիմացա, նիստը փակվելուց հետո մոտեցա եւ ասի՝ ինչո՞ւ ոչ քսան րոպե հետո, դատավորն ապրած կենա: Թեեւ ասեմ, որ ԳԱԼԱ հեռուստաընկերությունը երբեք չի եթերազրկվելու, որքան էլ դա կամենա Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Բոլոր նրանք, ովքեր մասնակցել են խոսքի ազատության դեմ էս այլանդակ պայքարին, պատժվելու են Աստծո անեծքով, օրենքի ամբողջ զորությամբ, մի միլիմետր անգամ չեմ կասկածում, իրենք թող չմտածեն, թե էսօր անտենան հանեցին, ուրեմն մյուս օրը քեֆ են անելու, մատաղ են անելու՝ բաժանեն իրենց փոքրաթիվ կողմնակիցներին, մենք կդիմենք ընդհուպ մինչեւ եվրոդատարան»: