Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԲ ԵՐԿՐՈՒՄ ԿԱ ԵՐԿՈՒ ՆԱԽԱԳԱՀ

Մարտ 01,2008 00:00

\"\"«Առավոտի» հեռախոսային հարցախույզը

Երեկ «Առավոտը» հեռախոսային հարցախույզ անցկացրեց: 60 քաղաքացիների տրվել էր հետեւյալ հարցը. «Ի՞նչ ելք եք տեսնում ներքաղաքական լարված իրավիճակից դուրս գալու համար»: Նրանք բոլորը զգուշացվեցին, որ անանուն են տպագրվելու պատասխանները: Նրանցից 30-ը իգական սեռի ներկայացուցիչներ էին, մյուս կեսը՝ արական: 45-ը «Առավոտին» ներկայացան, որ ունեն միջնակարգ կրթություն: 15-ն ունեին բարձրագույն կրթություն: Նրանցից չէին աշխատում 32-ը: Առավել ուշագրավ պատասխանները տպագրում ենք առանց միջամտության:

– Մտածում եմ, որ երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմի ՀՀ սահմանադրական դատարան եւ ստանա մերժում՝ կերեւա ելքը: Ազատության հրապարակում կազմակերպված նրա կողմնակիցների ցույցերն էլ կամաց-կամաց կմարեն:

– Թողեք, որ ջուրն իր հոսանքով գնա: Արհեստական միջամտություններ չլինեն:

– Ընտրությունները պետք է ճանաչվեն չկայացած: Դա նշանակում է, որ հաշվարկներ կարվեն ու կպարզվի, թե ձայների ճնշող մեծամասնությամբ ով է հաղթել:

– Չէի ուզի, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը խորանար «Պայքար, պայքար մինչեւ վերջի մեջ»: Ինքն այդ պահը բաց է թողել: Չեմ հավատում, որ 52 տոկոս ձայներ հնարավոր է կեղծել: Լեւոնը գրագետ մարդ է, բայց իրեն սպառել է: Եվ նա պետք է շնորհավորելու քաջություն ունենա հաղթողին:

– ՀՀ նախագահ ընտրված Սերժ Սարգսյանի եւ իրեն 65 տոկոս ձայնով հաղթող նախագահ համարող Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ բանակցությունները բացառվում են: Պետք է գտնվի մի երրորդ քաղաքական ուժը, որը երկուսին էլ իր տեղը դնի:

– Ներքաղաքական լարվածությունն այնքան մեծ չէ, որքան ներկայացվում է: Արհեստական է նաեւ այն, որ հասարակությունը բաժանված է «սերժականների» ու «լեւոնականների», կամ որ հանրապետությունում գործող երկու նախագահ կա՝ Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանը: Հասարակական ըմբոստությունը սկսվել է այն պահից, երբ անհավասար մրցակցային պայմաններ ստեղծվեցին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվածների համար: Հասարակությունը ընտրություններից առաջ բաժանվեց արտոնյալների ու ոչ արտոնյալների: Հետընտրական գործընթացների ժամանակ էլ եղան ձերբակալություններ: Մասնավորապես, Սիրադեղյանի 73-ամյա, չգործող որսորդական հրացանով մերձավորը, որին մեղադրանք առաջադրվեց պետական հեղաշրջման կամ թե իշխանությունը յուրացնելու համար:

– Ինձ թվում է, որ Տեր-Պետրոսյանը չի գնա բանակցությունների: Այստեղ անհատի հարց այլեւս չկա, կա ժողովրդի շարժում: Ժողովուրդը պիտի սիրի ու հավատա իր ղեկավարին: Իսկ ժողովուրդն արթնացել է: Ընտրություններից հետո վաղաժամ պաշտոն տալն ավելի կգրգռի ժողովրդին: Հիմա ինչ պիտի ասի Հեղինե Բիշարյանը, երբ Արթուր Բաղդասարյանը իր «մրցակցի» մոտ աշխատանքի է մեկնում: Չէ՞ որ ընտրական լարվածություն ստեղծողներից մեկն էլ նա էր: Պիտի ասի՞ Արթուրիկ Բաղդասարյանը, թե իր ձայները ում գրպանի հաշվին մեծացան:

– Հանրահավաքները կշարունակվեն: Ժողովրդի ինչ-որ մաս իր բողոքն արտահայտում է այդպես: Ասես նույն իրավիճակը լինի, ինչ ստեղծվեց 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո: Ներքաղաքական լարված իրավիճակից դուրս գալու համար սկսվեց ստվերային մրցույթ՝ թափուր մնացած պաշտոնների համար: Ու հաջողվեց: Անթաղ դիակների կողքին: Հիմա անթաղ քվեաթերթիկների ֆոնի վրա նույն բանն է արվում:Նոր ընտրությունները կփոխեն իրավիճակը:

– Վիճակը կմնա լարված այնքան ժամանակ, քանի դեռ խորհրդարանում կան Ալվարդ Պետրոսյանի մակարդակի պատգամավորներ, որոնք եթերով հայտնում են, թե հաճույքով բռունցքով կխփեն Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխին: Ելք չեմ տեսնում:

– Ռոբերտ Քոչարյանի լիազորությունները դեռ չեն ավարտվել: Նա գործող նախագահն է եւ կարող է շտկել իրավիճակը: Մասնավորապես, ապահովելով ՀՀ նախագահի նախկին թեկնածուների հետ ուղիղ հեռուստաեթերով կլոր սեղան: Կլսվեն, թե ինչի շուրջ է, ի վերջո, ընթանալու բանակցային գործընթացը: Եթե ազերիների հետ կարողանում են բանակցել, ապա որեւէ դժվարություն չկա, մինչ արյուն հեղելը, հանդիպել միմյանց հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել