Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԾԻ ՏԵՐԵՐԻՆ ԿԱՐԳԻ ԿԲԵՐԵ՞Ն

Մարտ 01,2008 00:00

\"\"Միջմարզային երթուղայինները սպասարկող գծի տերերը, հանուն Սերժ Ազատիչի, գերադասում են մի քանի օր շահույթ չստանալ եւ ցույցերին մասնակցել ցանկացող մարզերի բնակիչներին մայրաքաղաք չբերել:

Ինչ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում հանրահավաքներ է կազմակերպում, հանրապետության մի շարք միջմարզային երթուղագծեր իշխանությունների հրահանգով պարապուրդի են մատնվել: Որպեսզի մարդիկ գոնե մարզերից չգան մայրաքաղաք՝ ցույցերին մասնակցելու, գծի տերերը, չնայած զրկվում են հսկայական եկամուտներից, Սերժ Սարգսյանին ծառայություն մատուցելու համար ստիպված գծերը չեն շահագործում:

Օրինակ, արդեն 10 օր է՝ անկանոն ռեժիմով են աշխատում Երեւան-Էջմիածին, Երեւան-Արմավիր ուղղությունները սպասարկող ավտոբուսներն ու երթուղային տաքսիները: Քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքները սկսվում են ժամը 15-ին, այս երկու երթուղիները սպասարկում են մինչեւ ժամը 14-ը: Ժամը 15-ի սահմաններում մարզերից Երեւան եւ հակառակ ուղղությամբ ոչ մի հասարակական ուղեւորափոխադրող մեքենա չի աշխատում: Եթե նույնիսկ մարզի բնակիչները վաղ առավոտյան գան մայրաքաղաք՝ ստիպված պետք է մնան քաղաքում:

Այս օրերին Ամիրյան փողոցում՝ Էջմիածին գնացող ավտոբուսների եւ միկրոավտոբուսների կանգառում, կեսօրից հետո մարդկանց մեծ կուտակումներ են լինում: Երթուղու վատ սպասարկման պատճառով երեկ «Առավոտի» թղթակիցը նույնպես չի կարողացել գալ աշխատանքի:

«Առավոտի» հետ զրույցում միկրոավտոբուսների վարորդներն էլ նշեցին, որ իրենց հանձնարարված է աշխատել մինչեւ ժամը 14-ը, որից հետո պիտի վերադառնան իրենց հիմնական կայանատեղը: «Մենք էլ ենք տուն պահում, ինչքա՞ն կարելի է այդպես աշխատել: Հազիվ կարողանում ենք 2-3 ռեյս անել, որից հետո ամբողջ օրը պարապ ենք»,- դժգոհեցին վարորդները:

Նշենք, որ Երեւան-Էջմիածին գիծը պատկանում է ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանին, որը գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին է: Նա Հանրապետական կուսակցության անդամ է եւ նախագահական ընտրություններին սատարում էր Սերժ Սարգսյանին: Ուստի այդ ժամերին ուղեւորափոխադրումը դադարեցնելով՝ պատգամավորը փորձում է կանխել էջմիածինցիների ներկայությունը հանրահավաքին: Գիծը սպասարկող ընկերության՝ «Էջմիածնի ԲՈՒԱՏ»-ի տնօրեն Մանվել Վարդանյանը հերքեց, որ հանրահավաքը գծի սպասարկման գրաֆիկի վրա ինչ-որ կերպ անդրադարձել է: Նա խնդիրը բարդեց վարորդների վրա՝ ասելով, թե վերջիններս լավ չեն աշխատում. «Արդեն դիսպետչերներ ենք նշանակել, որ հսկեն վարորդների բնականոն աշխատանքը: Վարորդներին էլ հանձնարարված է, որ գիծը նորմալ սպասարկեն: Հենց ավտոբուսը մի քիչ ուշանում է, մարդիկ դա քաղաքականացնում եւ կապում են հանրահավաքների հետ: Միանշանակ ասում եմ, որ դրա հետ ոչ մի կապ չունի»: Մեր այն հարցին, թե ինչո՞ւ է հենց հետընտրական շրջանում այս անկանոն վիճակը ստեղծվել, պարոն Վարդանյանը նշեց. «Դա պատահականություն է: Երեւի ավտոբուսներն են փչանում: Մնացածներն էլ չեն հասցնում ուղեւորներին սպասարկել»: Սակայն նշենք, որ Մ. Վարդանյանի նշած դիսպետչերները վաղուց նշանակված էին: Նրանց գործը ոչ թե վարորդներին ժամանակացույցի մեջ տեղավորելն է եղել, այլ՝ ուղեւորների թվաքանակը հաշվառելը:

Նշենք, որ էջմիածինցիները, երբ տրանսպորտ չի լինում, ստիպված մի քանի անգամ ավելի են վճարում եւ օգտվում տաքսիներից: Էջմիածին-Երեւան երթուղայինների նույն կայանատեղիում կանգնում են «Քարավան» տաքսիները, որոնք էլ 2000 դրամով ուղեւորներին հասցնում են Էջմիածին: Հաշվի առնելով, որ Երեւան-Էջմիածին միկրոավտոբուսների տոմսի արժեքը 250 դրամ է, տաքսիներով երթեւեկելը անհամեմատ ավելի թանկ է նստում էջմիածինցիների վրա: Հատկապես ուսանողները ստիպված են լինում օրերով դասի չգնալ: Ի դեպ, «Քարավան» տաքսիները նույնպես Հրանտ Գրիգորյանին են պատկանում: Այնպես որ, երթուղայինի գծի տերը, Սերժ Սարգսյանին ծառայություն մատուցելով՝ բոլորովին չի տուժում, նույնիսկ օգտվում է:

Բացի Էջմիածին-Երեւան երթուղուց, ուղեւորները դժգոհում են նաեւ Աբովյան-Երեւան երթուղին սպասարկող թիվ 262 միկրոավտոբուսներից: Այս գիծը սպասարկողները, ուղեւորների իրավունքները ոտնահարելով՝ հանրահավաքների լարված օրերին իրենց քեֆով են աշխատել: Ուղեւորների հավաստմամբ՝ մոտ երեք օր թիվ 262 միկրոավտոբուսները գիծ դուրս չեն եկել:

Բազմաթիվ դժգոհություններ կան նաեւ Աշտարակ-Երեւան երթուղու սպասարկման հետ կապված: Ըստ աշտարակցիների, մինչ ընտրությունները գիծը նորմալ աշխատել է, սակայն հանրահավաքի օրերին իրենք չեն կարողանում մայրաքաղաք գալ:

Միջմարզային երթուղագծերի վերահսկող մարմինը տրանսպորտի եւ կապի նախարարությունն է: Թե ինչու են գծի տերերը պետական երթուղին սպասարկում իրենց քմահաճույքով՝ նախարարության լրատվականից պարզաբանեցին, որ իրենք որեւէ ուղեւորից նման բողոք չեն ստացել. «Եթե բողոք լինի՝ պատրաստ ենք ուսումնասիրել եւ արձագանքել»: Նկատենք, որ հանրահավաքները դեռ շարունակվում են եւ այս օրերին էլ մարդիկ հնարավորություն չեն ունենում լիարժեք օգտվել միջմարզային երթուղայիններից, ուստի նախարարությունը հիմա էլ կարող է մոնիտորինգ անցկացնել եւ գծատերերին կարգի հրավիրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել