Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ հասցեն ոչ տուն է, ոչ փողոց»

Մարտ 01,2008 00:00

«Լենտա.ռու» ռուսական ինտերնետային կայքը երեկ հերթական անգամ անդրադարձել է հայաստանյան ընտրություններին:

«Իմ հասցեն ոչ տուն է, ոչ փողոց» վերնագրով հոդվածում Միխայիլ Տիշչենկոն գրում է. «Փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրեց նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները: Ուժերի դասավորությունը մնացել է նույնը՝ Սերժ Սարգսյանը՝ առաջին, Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ երկրորդ տեղերում: Մի քանի տեղամասերում կատարված վերահաշվարկը, ըստ էության, ոչինչ չփոխեց: Ճիշտ է, վեճերն այն մասին, թե ով, ի վերջո, կզբաղեցնի նախագահական նստավայրը, չավարտվեցին: Տեր-Պետրոսյանին, որն արդեն Երեւանի Ազատության հրապարակը վեր է ածել «Մայդանի», չհամոզեցին ոչ ԿԸՀ-ի տվյալները, ոչ դիտորդների զեկույցները եւ ոչ էլ այլ երկրների նախագահների շնորհավորանքները, որոնք Սարգսյանը շարունակում է ստանալ: Նախկին նախագահն իր հաշվարկներն է կատարել եւ շարունակում է պնդել, որ ընտրություններում հաղթել է ինքը»:

Այնուհետեւ հեղինակը որոշում է գովերգել հայկական իշխանությունների «համբերատարությունը». «Այն բանին, որ Երեւանի կենտրոնում տեղավորվել է ինքնահռչակ նախագահ՝ իր հավատարիմ ենթականերով, որոնք գիշերները Ազատության հրապարակում խարույկներ են վառում, իսկ ցերեկները երթ են անում կենտրոնական փողոցներով, իշխանությունները մինչ այժմ մոտեցել են բավականին համբերատարորեն»: Հաջորդ նախադասության մեջ Տիշչենկոն ի ցույց է դնում հայաստանյան օրենքների իր չիմացությունը, մասնավորապես, գրելով. «Թեեւ հանրահավաքներն արտոնված չէին, ուժային կառույցները նախընտրում են չգնալ կոնֆլիկտների»:

Ապա հեղինակը գրում է. «Իշխանությունների ռեակցիան եղավ այն բանից հետո, երբ Տեր-Պետրոսյանի հանրահավաքներում հնչեցին հայտարարություններ այն մասին, որ բարձրաստիճան պաշտոնյաներ անցել են ընդդիմության կողմը: Ճիշտ է, նրանցից ոչ բոլորը եկան «Մայդան», որպեսզի անձամբ դա հաստատեն: Պաշտպանության երկու փոխնախարարների աջակցության մասին, օրինակ, Տեր-Պետրոսյանն անձամբ հայտարարեց»:

Հոդվածում մանրամասն նկարագրվում է, թե ինչպես պաշտպանության նախարարն ու փոխնախարարները, ապա՝ յոթ պատգամավորները հրաժարվեցին իրենց վերագրված խոսքերից: «Զուգահեռաբար ընթանում էր իշխանության շարքերի մաքրում: Այն չինովնիկները, ովքեր իրականում անցել էին ընդդիմության կողմը, տեղում հեռացվեցին պաշտոններից»,- գրում է հեղինակը: Հոդվածի մեջ պատմվում է նաեւ ընդդիմության անդամների ձերբակալությունների մասին, որոնց բոլորի մոտ հայտնաբերվել է զենք, զինամթերք, եւ ի պատասխան՝ ընդդիմությունն ընդամենը բողոքի խաղաղ երթ է կազմակերպել: «Նախկին նախագահը հրաժարվում է իշխանությունների դեմ ուժային առճակատումից, երեւի հասկանալով, որ նույնիսկ տասնյակ հազարավոր կողմնակիցներով նա հաղթանակի քիչ շանսեր ունի»,- գրում է Տիշչենկոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել