Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՇԱՁՈՂՆ ԱՅՍՔԱՆ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԻՋԵՑՆԵԼ

Մարտ 01,2008 00:00

Այս հորդորը երեկ հնչեց խորհրդարանական

ճեպազրույցների ժամանակ

«Ժառանգությունը» հիշեցնում է

Երեկ ԱԺ ճեպազրույցների ընթացքում դեռ հայտնի չէր Սերժ Սարգսյանի եւ Արթուր Բաղդասարյանի միջեւ կնքված «Քաղաքական համագործակցության համաձայնագրի» մասին: Սակայն թերեւս ինչ-որ մի նման բան կանխատեսում էր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, քանի որ խոսելով Սերժ Սարգսյանի առաջարկների մասին՝ ասաց. «Դժվարանում եմ ասել, թե վարչապետի առաջարկած համագործակցությունն ընդդիմության ո՛ր մասին է ուղղված», եւ հիշեցրեց փետրվարի 10-ին Սերժ Սարգսյանի ասածը. «Մենք մեր հաճախորդներին գիտենք»:

Անդրադառնալով այն հավանականությանը, թե Ազատության հրապարակում հավաքվածների դեմ կարող են գործադրվել նույն ուժային միջոցները, ինչ 2004-ի ապրիլի 12-ին Բաղրամյան պողոտայում հավաքվածների նկատմամբ՝ «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանն ասաց. «Սերժ Սարգսյանն ավելի քիչ է հակված կոշտ մեթոդներով կանգնեցնելու, դադարեցնելու, քան դա տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի ժամանակ»: Լարիսա Ալավերդյանը նաեւ կոչ արեց իշխանություններին զերծ մնալ «չարտոնված հանրահավաք» որակումից՝ հիշեցնելով, որ նման հասկացություն չկա ՀՀ օրենսդրության մեջ. «Սա ռուդիմենտ է»: Եվ հիշեցրեց, որ խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելը սահմանադրական իրավունք է:

ՀՅԴ-ն սպասում է պատասխանի

ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը ճեպազրույցում հայտնեց, որ սպասում են ներքաղաքական լարվածությունը լիցքաթափելու վերաբերյալ Վահան Հովհաննիսյանի առաջարկների պատասխաններին: «Առավոտը» հետաքրքրվեց՝ իրոք կարծում են, թե առաջարկած այդ լուծումները համարժե՞ք են ստեղծված իրավիճակին՝ ընդդիմադիրները բողոքում են ընտրությունները կեղծելու դեմ, իսկ ՀՅԴ-ն առաջարկում է նրանց ՀՌԱՀ-ի եւ Հանրային հեռուստատեսության ղեկավարության ձեւավորման մեջ մասնակցություն ունենալ կամ ԱԺ կանոնակարգում փոփոխություններ անել եւ նրանց հատկացնել ԱԺ որոշ հանձնաժողովների ղեկավարների պաշտոնները: Ճգնաժամը հաղթահարելու իրենց այս յուրօրինակ լուծումների առնչությամբ Հրայր Կարապետյանն ասաց. «Մենք կարծում ենք, որ ինչ-որ տեղից պետք է սկսել: Դուք մեջբերեցիք մեր առաջարկների երկրորդ մասը, բայց մենք սկսել ենք հենց ընտրական համակարգից: Եթե ընտրությունները կեղծվել են՝ կեղծվելու է նաեւ վաղը, եթե մնա այս ընտրական համակարգը: Եթե չեն ուզում, որ կեղծվի՝ ուրեմն, եկեք փոխենք միասին: Միգուցե քննարկման ընթացքում դրանց միանա եւս 10 պայման, բայց ինչ-որ մեկից կամ երեքից պիտի սկսեն: Կարեւորն այստեղ այն է, որ առանձնացնենք լուրջ խնդիրներ, որոնք իսկապես պատճառ են հանդիսացել այս իրավիճակի, եւ սկսենք միասին հաղթահարել այդ խնդիրները: Մենք այդ կամքն ենք ուզում տեսնել ընդդիմության եւ բոլորի՝ նաեւ իշխանության մոտ»:

ՀՀԿ անդամը դատապարտում է

«Վահան Հովհաննիսյանի 3 առաջարկների մեջ, կարծում եմ, տրամաբանություն կա եւ քննարկման տեղ»,- ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Ընդդիմության հետ բանակցությունների կապակցությամբ նա հետեւյալ զուգահեռն արեց. «Մենք, որ տարիներ շարունակ Ադրբեջանի հետ փաստորեն պատերազմական իրավիճակում ենք եղել, երկու կողմից էլ կորուստներ ունենք՝ վերջին հաշվով եկել ենք այն ճշմարիտ համոզման, որ պիտի բանակցենք: Ասածիս իմաստն այն է, որ ցանկացած լարումների պարագայում բանակցությունները դառնում են անհրաժեշտություն՝ նույնիսկ թշնամի պետություններն են իրար հետ բանակցում, որպեսզի ելք գտնեն: Մենք մեր երկրի ներսում, բնականաբար, երկփեղկված չենք կարող մնալ եւ բանակցությունների ճանապարհով պիտի գնանք քաղաքական լարվածությունը մեղմելու»:

«Առավոտը» խնդրեց Մկրտիչ Մինասյանին անդրադառնալ այն իրողությանը, որ հեռուստաընկերություններն այս օրերին եթեր են սփռում Լեւոն Տեր-Պետրոսյանի առանձնատան դիմաց ցույց անողների անգամ այս կարգի արտահայտությունները՝ «Տականք, ռադդ քաշիր ստեղից», «Կլոուն՝ գնա ցիրկ» եւ այլն: Մկրտիչ Մինասյանն ասաց. «Բացասաբար եմ վերաբերվում: Հնարավոր է, որ այդ մարդիկ այդ մակարդակն ունեն, բայց, իմ կարծիքով՝ հեռուստաընկերությունները պիտի նման բաները զտեն եւ հասարակությանը ցույց չտան, քանի որ դա ինքնին կարող է ունենալ հակառակ ազդեցությունը»:

Ըստ նրա, ընդհանրապես քաղաքականության մեջ նշաձող պիտի լինի, որը չի կարելի իջեցնել. «Ծայրահեղական մոտեցումները, ոչ հարգի քաղաքական կատեգորիաներով խոսակցությունն անընդունելի՛ են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել