Լրահոս
Օրվա լրահոսը

«ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐ ՊԱՀԸ»

Մարտ 01,2008 00:00

«Այդ համագործակցությունն արդեն տասը տարվա պատմություն ունի, եւ ինձ համար զարմանալի չէ: Արթուր Բաղդասարյանի ծնվելը, որպես քաղաքական գործիչ եւ կուսակցություն՝ մի օր պիտի օգտագործվեր. հիմա նրան օգտագործելու ամենահարմար պահն էր»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ՕԵԿ նախագահի եւ Սերժ Սարգսյանի նորագույն համագործակցության մասին ասաց Հայաստանի ազատական-առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Մեր զրուցակիցը «աբսուրդ» է համարում ՀՀԿ-ի պահվածքը, որը խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունենալով եւ «իրենց ասելով՝ նախագահական ընտրություններում բացարձակ հաղթանակ տանելով»՝ փորձում է կոալիցիա ստեղծել: «Հանուն ինչի՞: Եթե իրենք այդքան հզոր են, խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունեն, ընտրություններում էլ հաղթել են… Քառակողմ կոալիցիայի ստեղծումը՝ ՀՀԿ, Արթուրիկ Բաղդասարյան, ՀՅԴ, «Բարգավաճ Հայաստան», խոսում է մի բանի մասին՝ իրենք վստահ չեն իրենց գործողությունների վրա, հաստատ համոզված են, որ իրենք չեն հաղթել եւ այդ կերպ փորձում են շեղել մարդկանց ուշադրությունը»,- ասում է Հովհաննես Հովհաննիսյանը եւ համոզմունք հայտնում, որ այդ փորձերը ի չիք կդառնան, քանի որ կառավարման այդ սխեման Հայաստանում չի աշխատի: Հովհաննես Հովհաննիսյանը նաեւ տեղեկացրեց, որ ՕԵԿ-ականների մեծամասնությունը համամիտ չէ առաջնորդի որոշման հետ, եւ մոտ օրերս այդ կուսակցության մի ստվար հատվածը կլքի ճամբարը՝ համալրելով Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհների շարքերը: «Դա ակնհայտ է, որովհետեւ Արթուր Բաղդասարյանը շատ կոպտորեն եւ անազնիվ խաբեց ընտրազանգվածին՝ ընդդիմադիր դիմակ հագնելով: Հիշեք նրա մի քանի օր առաջվա ելույթները՝ փետրվարի 16-ի, 17-ի, երբ նա կուրծք էր ծեծում, թե ինքը ընդդիմադիր է եւ ոչ մի դեպքում Սերժի խաղը չի խաղում: Բայց ամեն ինչ ժամանակի մեջ պարզ դարձավ: Ես կարծում եմ, որ նա իր պահվածքով կորցրեց ոչ միայն ընդդիմադիրների համակրանքը կամ իր կուսակիցների աջակցությունը, այլեւ՝ արժանացավ ամբողջ ժողովրդի քամահրանքին: Իր խնդիրն է, ինքը որոշեց իր ճակատագիրը: Լավ ապրելու զգացողությունն իրեն բաց չի թողնում, արդեն սովորել է: Մնացածները՝ Գեղամյանը կամ մյուսը, ավելի ազնիվ էին, քան Արթուրը: Նա ավելի անազնիվ գտնվեց»,- կարծում է մեր զրուցակիցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել