Լրահոս
Օրվա լրահոսը

«1 անգամ դավաճանողը ընդունակ է դա անել 2-րդ, 3-րդ, 4-րդ անգամ»

Մարտ 01,2008 00:00

Սա Ռոբերտ Քոչարյանն ասել էր Արթուր Բաղդասարյանի մասին, որը ստանձնելու է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պարտականությունները:

Քաղաքականության մեջ չկան մշտական բարեկամներ ու թշնամիներ: Բայց այնուամենայնիվ՝ անհնար է չզարմանալ, թե մարդիկ ինչպես կարող են համագործակցության ձեռք մեկնել նրանց, ում մասին ոչ վաղ անցյալում արտահայտվում էին ամենակոշտ որակումներով: Խոսքը, բնականաբար, Արթուր Բաղդասարյանի մասին է, որը ողջ քարոզարշավի ընթացքում քննադատում էր իշխանությունների վարած քաղաքականությունը, փետրվարի 26-ի ասուլիսում վկայում լուրջ ընտրակեղծիքների մասին, ասում, թե այս ընտրությունների լեգիտիմությունը «խորը կասկածի տակ է», իսկ այժմ համագործակցության համաձայնագիր ստորագրեց այդ մեղադրանքների հասցեատիրոջ հետ:

Հիշեցնենք նաեւ, թե մյուս կողմն ինչպես էր արտահայտվում Արթուր Բաղդասարյանի մասին, որի հետ այժմ համագործակցելու են «պետության ռազմավարական ղեկավարման համակարգում»: 2007-ի ԱԺ ընտրություններից առաջ, երբ հրապարակվել էր ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ռիչարդ Հայդի հետ Արթուր Բաղդասարյանի զրույցի ձայնագրությունը՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 27-ին ասել էր. «Դժվար է պատկերացնել, որ նախկին խորհրդարանի նախագահը կարող է այդքան ցածր իջնել… Ինձ համար սա իսկապես դավաճանության դրսեւորում է: Իսկ այդ դրսեւորումը ավելի այլանդակ տեսք ունի այն պատճառով, որ սեփական նախաձեռնությամբ է դա արվում, ոչ թե բռնեցին, խոշտանգեցին, չգիտեմ ինչ առաջարկեցին… Ամեն մի ընտրող թող ինքը որոշի՝ իր քվեարկությամբ. արդյոք այդ ընտրողի համար հայրենասիրությունը եւ արժանապատվությունը արժե՞ք են, թե՞ չէ: Եթե չեն, ապա խնդրեմ՝ քվեարկեք: Բայց մտածեք, որ կա ԼՂ հարց, կա ցեղասպանության ճանաչման հարց: Մեկ անգամ դավաճանողը ընդունակ է դա անել 2-րդ, 3-րդ, 4-րդ անգամ»:

2008-ի փետրվարի 3-ի հանրահավաքում Արթուր Բաղդասարյանը հայտարարեց իր նկատմամբ ահաբեկչության սպառնալիքի մասին: Եվ ահա թե փետրվարի 8-ին ինչպես դրան արձագանքեց Ռոբերտ Քոչարյանը. «Հանրահավաքի ժամանակ այդ բազմությունը տեսնելով՝ երեւի հուզվել է ու որոշել օրիգինալ մի բան ասել… Լարված պայքար է ընթանում 2-րդ տեղի համար, ես դա հասկանում եմ: Նման դեպքերում հատկապես այն մարդիկ, ովքեր կյանքում մեծ դժվարություններ չեն ունեցել, կրիտիկական վիճակներում չեն եղել, կարող են նյարդերի առումով որոշակի խնդիրներ ունենալ»: Իսկ Սերժ Սարգսյանը փետրվարի 4-ին անդրադառնալով Արթուր Բաղդասարյանի հայտարարությանը՝ «Ես պատրաստ եմ զոհվել, զոհաբերել իմ կյանքը հանուն Հայաստանի»՝ հեգնել էր. «Հարց է առաջանում՝ իսկ երբ որ Հայաստանը, հայ ժողովուրդը այդպիսի մարդկանց կարիք ուներ՝ որտե՞ղ էր ինքը, թե՞ էն ժամանակ խելքը չի կտրել»:

Մեջբերումները կարող էինք եւ շարունակել: Բայց այսքանն էլ, կարծում ենք, բավարար է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել