Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՈՐ ԼԱՎ ԲԱՆ ԵՆՔ ԱՐԵԼ»

Մարտ 01,2008 00:00

\"\"Արթուր Բաղդասարյանի հետ համաձայնագիր ստորագրելուց հետո Սերժ Սարգսյանն ասաց՝ ուրախ է, որ Արթուր Բաղդասարյանն արձագանքեց իր կոչին՝ համատեղ ուժերով ղեկավարել մեր երկիրը:

«Կարեւորելով ՀՀ քաղաքական համակարգի զարգացման արդիականացման, երկրի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրավերները հաղթահարելու, կոռուպցիայի եւ ստվերային տնտեսության դեմ պայքարի, երկրում անվտանգության համակարգի ամրապնդման հրամայականները» եւ էլի մի շարք այս կարգի հարցեր՝ երեկ համատեղ աշխատելու համաձայնագիր ստորագրեցին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը եւ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը այսուհետեւ կտնօրինի ՕԵԿ նախագահը, եւ, ըստ վարչապետի, «առաջին անգամ հնարավորություն կունենանք ձեւավորել Անվտանգության խորհուրդ՝ իր ապարատով, իր ողջ լիազորություններով, ինչը, անշուշտ, շատ դրական ազդեցություն կունենա մեր պետական, հասարակական, քաղաքական կյանքում»: Սերժ Սարգսյանը փաստեց, որ ՕԵԿ-ը եւ ՀՀԿ-ն այսուհետեւ կոալիցիոն գործընկերն են ԲՀԿ-ի հետ, եւ չբացառեց, որ այս կոալիցիային կմիանա նաեւ Դաշնակցությունը. «Կարծում եմ, մենք պաշտոնապես Դաշնակցությունից էլ կստանանք պատասխան, եւ այն ժամանակ, շատ հնարավոր է, եւ շատ ուրախ կլինեմ, որ կոալիցիան լինի քառակողմ»:

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն ասաց, որ իր եւ Սերժ Սարգսյանի հավաքած ձայները կազմում են ընտրողների ձայների շուրջ 70 տոկոսը (1 միլիոն 150 հազար մարդ), իսկ սա «նշանակում է՝ պատկառելի վստահություն Հայաստանի ապագա քաղաքական իշխանությանը»: Ասաց, որ իր համար շատ կարեւոր բացահայտում եղավ այն, որ «կա լուրջ պատրաստակամություն, վճռականություն՝ համադրելու մեր նախընտրական ծրագրերը, երկրում իրականացնել դրական փոփոխություններ»: Ասաց նաեւ, որ կուսակցության ղեկավար կառույցների կողմից այս քայլը 100 տոկոսանոց հավանության է արժանացել, եւ իրենք մեկնած ձեռքը սեղմում են արժանապատվորեն:

Թերեւս արմատական ընդդիմության եւ Ազատության հրապարակի վերաբերմունքը պարոն Բաղդասարյանի այս քայլին կանխատեսելի էր (կարդացեք էջ 2): Սակայն «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչ են այս քայլի մասին մտածում իշխանության համակրող գործիչները: Մեզնից առաջին անգամ լսելով Արթուր Բաղդասարյանի եւ Սերժ Սարգսյանի միանալու մասին՝ ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանն անմիջապես արձագանքեց. «Բրավո, Արթուր»: Սերժ Սարգսյանի հանդուրժողականության կոչը եւ քաղաքական համագործակցության առաջարկը գնահատելով որպես «հանրային կյանքում ձեռքբերումները պահպանելու եւ զարգացնելու պատրաստակամություն», պարոն Հարությունյանն ասաց. «Ես ուրախ եմ եւ Արթուր Բաղդասարյանի այս քայլը դիտում եմ որպես քաղաքական պատասխանատվության եւ ողջամտության դրսեւորում»: Ըստ մեր զրուցակցի, այս քայլին պետք է հետեւեն «բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, որովհետեւ մենք այսօր ունենք գործնական կատարյալ հնարավորություն պետական կառավարման համակարգում ընդդիմությանը լրջագույն ազդեցություն ունեցող հնարավորություններ ընձեռելու տեսակետից: Չօգտվել այդ հնարավորությունից, նշանակում է չկարեւորել պահը, չկարեւորել վաղվա օրվա հաջողությունները»: Մեր հարցին՝ այս միացումը արդյոք որեւէ ազդեցություն կունենա՞ Ազատության հրապարակում հավաքված քաղաքական ուժերի վրա, պարոն Հարությունյանն այսպես պատասխանեց. «Դժվար է ենթադրել: Մի բան պարզ է, որ այն կորակվի այնտեղ հավաքվածների կողմից որպես ժողովրդի շահերին դավաճանություն, իրենց տրամաբանությամբ ամենատարբեր պիտակավորումները կտան: Մենք այդ կարծիքին չենք, մենք վստահ ենք, որ հանրության ճնշող մեծամասնությունը կայունության կողմնակից է: Կայունության կողմնակից են ե՛ւ Արթուր Բաղդասարյանի ընտրազանգվածը, ե՛ւ Դաշնակցության ընտրազանգվածը, ե՛ւ Սերժ Սարգսյանինը: Հետեւաբար, Արթուր Բաղդասարյանի այս քայլն ուղղված է այդ կայունությունը բնական զարգացման հուն տեղափոխելուն»:

Քաղաքագետ Սուրեն Զոլյանը եւս ողջունեց Արթուր Բաղդասարյանի քայլը. «Արթուր Բաղդասարյանը շատ մեծ ակտիվություն դրսեւորող քաղաքական գործիչ է, նա բավականին մեծ էներգիա ունի եւ իրեն պետք էր տալ մի աշխատանք, որտեղ նա կկարողանա իր էներգիան ի նպաստ դնել, այլապես ուղղակի ափսոս է, որ վերջին մեկ տարում մենք չտեսանք իր գործունեության արդյունքը»: Մեր հարցին՝ արդյոք սա հենց ա՞յդ պաշտոնն է, պարոն Զոլյանը պատասխանեց. «Դժվարանում եմ ասել, իրոք, կարծես իրեն կարելի էր պատկերացնել մի փոքր այլ ոլորտում, բայց, անկախ պաշտոնի բնույթից, Արթուր Բաղդասարյանը շատ լավ համակարգող կլինի»: Սուրեն Զոլյանը նաեւ նկատեց, որ Արթուր Բաղդասարյանը ունի իր կայուն էլեկտորատը՝ «որը հրապարակում չէ: Իսկ նրանք, ովքեր հրապարակում են, ապա Արթուր Բաղդասարյանի հետ չեն»: Ըստ Սուրեն Զոլյանի եւս, Ազատության հրապարակում հավաքված ուժերի արձագանքը այս քայլին կլինի բացասական, «որովհետեւ այն որակումները, որ նրանք օգտագործում են՝ ով մեզ հետ չէ, նա տականք է եւ դավաճան, շատ կանխատեսելի է, որ կկրկնվեն նաեւ այժմ»: Փորձեցինք հստակեցնել, իսկ եթե ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանը իրեն չմիանալու պատճառով Արթուր Բաղդասարյանի հասցեին կտրուկ գնահատականներ չտար, հնարավո՞ր է, որ ՕԵԿ նախագահն այսօր լիներ նրա կողքին եւ ոչ թե Սերժ Սարգսյանի: Պարոն Զոլյանի դիտարկումն այս կապակցությամբ սա էր. «Կարծում եմ, դրանք տարբեր բաներ են, որովհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ հետեւողական է, այսինքն՝ ինքը ոչ թե հատուկ վերաբերմունք է դրսեւորել Արթուր Բաղդասարյանի հանդեպ, այլ դա եղել է նրա քաղաքականության գիծը»:

 Հ. Գ. Ըստ ՕԵԿ մամուլի ծառայության, երեկ Ազատության հրապարակում երկու քաղաքացիներ ելույթ են ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության անունից՝ ի ցույց դնելով անդամատոմսերը: Անհրաժեշտ ենք համարում հասարակությանը իրազեկել, որ դրանք ՕԵԿ անդամներ չեն, քանի որ ՕԵԿ անդամատոմսերի հին նմուշները դեռեւս Արթուր Բաղդասարյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվելուց հետո ճանաչվել են անվավեր, իսկ նոր նմուշի կուսակցական տոմսեր ստացել են առայժմ միայն վարչության անդամները: Դատապարտում ենք հերթական անգամ կեղծիքի եւ շանտաժի քաղաքականության կիրառումը՝ հիշեցնելով, որ այն չի կարող հաջողություն ունենալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել