Երեկ այսպես գնահատեց հայաստանյան ընտրություններին տրված եվրոպացի դիտորդների գնահատականը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ընթացքում արձանագրված զանգվածային բռնությունների, ընտրակեղծիքների, ընտրակաշառքի եւ այլ օրինախախտումների, ինչպես նաեւ ընտրություններից հետո մեր երկրում սկսված քաղաքական հետապնդումների՝ ձերբակալություններ, ահաբեկումներ եւ այլն, դեմ բողոքի ակցիաները շարունակվել են ոչ միայն Երեւանի Ազատության հրապարակում, այլեւ Վանաձորի Արցախի պուրակում եւ Նոյեմբերյանի Ազատության հրապարակում:
Մայրաքաղաքում արդեն 10-րդ օրը շարունակվող հանրահավաքում ՀՀ առաջին նախագահն առիթ ունեցավ երկրորդ անգամ անդրադառնալ հայաստանյան ընտրություններին միջազգային հանրության եւ դիտորդական առաքելությունների գործունեությանը: Բայց մինչ այդ նա ընդգծեց, որ Հայաստանում սկսված համաժողովրդական շարժումը հասել է կարեւոր հանգրվանի եւ վերածվել միջազգային քաղաքական գործոնի: Ըստ նրա, շարժումը նվաճել է մի բնագիծ, որը Հայաստանի տիպի բոլոր այլ երկրների համար օրինակ է ծառայելու՝ թե ինչպես ժողովուրդը կարող է համախմբվել եւ հակադրվել կոռումպացված, բռնապետական եւ ավազակապետական ռեժիմներին եւ քշել նրանց երկրից: Լ. Տեր-Պետրոսյանն անդրադարձավ ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ երեկ Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում տեղի ունեցած քննարկմանն ու դրա ընթացքում ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցչի արած եւ իշխանություններին ուղղված խիստ քննադատություն եւ ընտրություններին առնչվող կոշտ գնահատականներ պարունակող այն հայտարարությանը, որն ավելի վաղ Ազատության հրապարակում հրապարակել էր Լեւոն Զուրաբյանը: Սա, ըստ Տեր-Պետրոսյանի, վկայում է, որ ԱՄՆ-ն չի հավատում Հայաստանում կայացած ընտրություններին. «Սա այնպիսի գործոն է, որ Հայաստանի իշխանիկները չեն կարող անտեսել»: Նրա դիտարկմամբ, ԵԱՀԿ-ում եւ ԵԽ-ում նույնպիսի լրջություն, ինչպիսին դրսեւորում է ԱՄՆ-ն, ինքը չի նկատում, եւ այդ երկրների դիտորդները ճիշտ չեն գնահատում այն, ինչ կատարվել է հայաստանյան ընտրությունների ողջ ընթացքում: Առաջին նախագահի ասելով, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը այսօր ճգնաժամ է ապրում, եւ դա զգացվել է ոչ միայն Հայաստանում, այլեւ Վրաստանում: «Այսօր միջազգային դիտորդական առաքելություններից դժգոհում է ժողովուրդը, ընդդիմությունը, դժգոհում է ժողովրդավարությունը»,- հայտարարեց Տեր-Պետրոսյանը՝ ԵԱՀԿ եւ ԵԽ դիտորդների գնահատականները, ըստ էության, որակելով որպես փարիսեցիություն: «Ի՞նչ ընտրությունների մասին կարող է խոսք լինել, երբ հոկտեմբերի 23-ից սկսած՝ հազարավոր իմ կողմնակիցներ բերվել են ոստիկանատներ, ԱԱԾ բաժանմունքներ, բոլորին ահաբեկել են, վախեցրել, որ չմասնակցեն իմ հանրահավաքներին, մի մասին գործից են ազատել, մի մասի հարազատների բիզնեսին են խփել, մի մասին ձերբակալել են: Ընտրությունների օրը 200-ից ավելի վստահված անձինք, դիտորդներ, իմ կողմնակիցներ ծեծի, ջարդի եւ ձերբակալությունների են ենթարկվել: 200-ից ավելի այդպիսի փաստ է դրված այդ դիտորդների առջեւ, իսկ իրենք խոսում են ինչ-որ թղթերից, իրավունքներից: Եվ այս ամենը տեղի է ունենում ԵՄ դեսպանների, դիտորդների աչքի առջեւ: Եթե այսպիսի փաստերից մեկը լիներ իրենց երկրներից մեկում եւ որեւէ թեկնածուի կողմնակիցների հրավիրեին ոստիկանատներ եւ ձերբակալեին, այդ երկրում նոր ֆրանսիական հեղափոխություն կծագեր: Ուրեմն, իրենց դա չի կարելի, իսկ մեր երկրներին կարելի է հանդուրժել: Դա ռասիզմի երեւույթ է, երկակի ստանդարտի կիրառում»,- գնահատեց Տեր-Պետրոսյանը: Նրա դիտարկմամբ, այն, ինչ եվրոպական երկրներում համարվում է անբարոյական, անօրինական, այստեղ նրանք համարում են բարոյական եւ կարող են աչք փակել դրանց վրա:
Երեկ ընդդիմությունն անդրադարձավ նաեւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ ՀՀ նախագահ հռչակված Սերժ Սարգսյանի միջեւ կոալիցիոն համաձայնագրի կնքմանն ու Ա. Բաղդասարյանին Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելու փաստին: Նախ՝ Ն. Փաշինյանն ասաց, որ ՕԵԿ նախագահը երկու տարի շարունակ զբաղված է եղել ժողովրդին եւ իր անդամներին խաբելով: Որպես դրա ապացույց՝ հարթակ բարձրացավ ՕԵԿ անդամ Համլետ Գրիգորյանն ու հայտարարեց, որ այդ լուրն իմանալուց հետո ինքը պատրաստ է հրապարակայնորեն այրել իր ՕԵԿ-ի անդամատոմսը: Տեր-Պետրոսյանը, սակայն, դա թույլ չտվեց անել: Երեկ Ազատության հրապարակում եւս երկու ՕԵԿ-ականներ հրաժարվեցին իրենց անդամատոմսերից:
Տեր-Պետրոսյանն անդրադառնալով, իր ձեւակերպմամբ՝ «այսօրվա գլխավոր խայտառակ իրադարձությանը», հայտարարեց. «Ես նրա գործունեությունը չեմ մեկնաբանելու: Պարզապես նա մի մարդ էր, որը դավաճանեց իր ազգին եւ կանգնեց «Թոխմախի Մհերի» եւ «Նեմեց Ռուբոյի» կողքին»: Երեկ նաեւ ավանդական եւ բազմահազարանոց երթ տեղի ունեցավ: