Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Փետրվար 29,2008 00:00

ՀՀ նախագահի 2008 թ. ընտրությունների արդյունքում առաջացած հակասությունը մտել է դիմակայության փուլ:

Ցավոք, ներկա ընդդիմությունը, ցուցաբերելով քաղաքական անհեռատեսություն, ընդունելով իշխանությունների խաղի կանոնները եւ մասնակցելով խորհրդարանի ու նախագահի վերջին ընտրություններին, ակամա մասնակից դարձավ իշխանությունների վերարտադրությանը:

Միաժամանակ, ընտրությունների արդյունքներն անընդունելի են հասարակության բացարձակ մեծամասնության համար, ինչն առաջ է բերել նրա ցասումն ու համախմբումը Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ: Զանգվածային ցույցերը ցնցում են իրեն իշխանություն հռչակած կլանի հիմքերը:

Ներկա իշխանությունները, հենվելով հայ հասարակության հետադիմական խավերի՝ ձեռնասուն մտավորականության, կղերական վերնախավի, ընչաքաղց թշվառների, հանցագործ աշխարհի եւ դավաճան տականքի վրա, դիմել են կործանվող ռեժիմին բնորոշ հուսահատ քայլերի՝ հրապարակելով ընտրությունների ոչ մի կերպ չհիմնավորված արդյունքներ, իրականացնելով առաջատար գործիչների ձերբակալություններ, հրահրելով չարտոնված եւ սադրիչ հանրահավաքներ ու երթեր, կոծկելով իրականությունը՝ տարածում են ստահոդ լուրեր:

Կլանի նման պահվածքը հղի է աղետալի հետեւանքներով: Դրանք են՝

1. հասարակության պառակտում,

2. բախումներ ճամբարների միջեւ,

3. կարող ուժերի զանգվածային արտագաղթ,

4. Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի միջազգային վարկի անկում,

5. տնտեսական հետընթաց,

6. Ղարաբաղի կորուստ,

7. Հայաստանի ինքնիշխանության կորուստ:

«Ժողովրդավարական Հայաստան» միավորումն իր պարտքն է համարում ի լուր հայ ժողովրդի եւ գալիք սերունդների հայտարարել, որ դիմակայության հետագա խորացման, դեպքերի անցանկալի ընթացքի եւ դրա արդյունքում սպասվելիք աղետի ողջ պատասխանատվությունը ընկնում է ներկա իշխանությունների վրա՝ ի դեմս Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել