Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությունները ժողովրդավարական չէին

Փետրվար 29,2008 00:00

Երեկ մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է:

«Մենք՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ ներքոստորագրյալ կազմակերպություններս, մեր խորին մտահոգությունն ենք հայտնում 2008 թ. փետրվարի 19-ի ՀՀ նախագահական ընտրությունների, նախընտրական շրջանի, ընտրարշավի եւ հետընտրական գործընթացների վերաբերյալ: Միջազգային դիտորդների գնահատականը, որը կառավարության եւ վերջինիս կողմից վերահսկվող լրատվամիջոցների կողմից փորձ է արվում ներկայացնել դրական լույսի ներքո, քննադատական էր: Սակայն զեկույցի առաջին երկու նախադասությունների եւ գնահատականի փաստերի միջեւ առկա այս ակնհայտ հակասության արդյունքը դարձավ այն, որ կառավարությունը մեջբերում է միջազգային դիտորդների գնահատականի միայն առաջին պարբերությունը՝ լեգիտիմիզացնելու ընտրության արդյունքները: Մինչդեռ միջազգային դիտորդները զեկույցում մատնանշել են լրատվության գրաքննության, ընտրողներին վախեցնելու, քվեներ գնելու, ինչպես նաեւ այլ փաստեր եւ իրենց այցելած 16 տոկոս ընտրատեղամասերի քվեների հաշվարկը անվանել են «վատ» կամ «շատ վատ»: Նման պրակտիկան որպես «մի քայլ առաջ» եւ «ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու պարտավորություններին համահունչ» որակելը հարցականի տակ է դնում ժողովրդավարության, ժողովրդավարական չափանիշների եւ սկզբունքների գաղափարը եւ ավելի է նվազեցնում ժողովրդավարական բարեփոխումների չափանիշները:

Ներքոստորագրյալ կազմակերպություններից մի քանիսը որպես դիտորդ են հանդես եկել ընտրության օրը եւ հետեւել են ընտրական գործընթացներին մինչ փետրվարի 19-ը, ինչպես նաեւ դրանից հետո ընկած ժամանակահատվածում: Այդ կազմակերպությունների զեկույցներում փաստագրված են բռնությունների բազմաթիվ դեպքեր եւ խախտումներ:

Մեզ համար առանձնահատուկ մտահոգություն են առաջացնում լրատվամիջոցների ազատության/լրատվության մատչելիության, բռնությունների, կոռուպցիայի եւ վարչական ռեսուրսների օգտագործման եւ հասարակական գործիչների ձերբակալության երեւույթները:

Ելնելով վերը նշվածից՝ մենք գտնում ենք, որ ընտրությունները չեն իրականացվել ժողովրդավարական արժեքների եւ գործընթացների վերաբերյալ մեր ունեցած պատկերացումներին համահունչ:

Մենք համոզված ենք, որ այն մոտեցումը, որն իշխանությունները կկիրառեն ընտրախախտումները հետաքննելիս, ցույց կտա վերջիններիս վճռականությունը՝ գործել ժողովրդավարական, ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու կանոնների համաձայն:

Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը դադարեցնել քաղաքական դրդապատճառներ ունեցող ձերբակալությունները: Սրանք անպատժելիության կոչեր չեն, այլ կոչ կառավարությանը՝ օրինակ ծառայել Հայաստանի ժողովրդին եւ գործել օրենքի շրջանակներում:

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը տեր կանգնել Հայաստանի կառավարության՝ ընթացակարգերին հետեւելու պարտականության կատարմանը եւ պահանջել հետաքննության հստակ փաստաթղթագրում եւ պատշաճ պատիժ օրենքը խախտողների նկատմամբ:

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը կատարել օբյեկտիվ եզրակացություններ՝ հիմնված սեփական փաստերի դիտարկումների վրա եւ չվարկաբեկել ժողովրդավարության գաղափարը, ժողովրդավարական չափանիշներն ու սկզբունքները, ինչպես նաեւ չպատվազրկել դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպությունները»:

Հայտարարությունը ստորագրել են «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, Հայաստանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Ինտերնյուս», Մամուլի աջակցության ՀԿ-ն, Մամուլի բազմազանության ինստիտուտը, Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ–Հայաստանը, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Երեւանի մամուլի ակումբը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել