Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ 10 ՕՐ ԺԱՄԱՆԱԿ ՏՎԵՑ

Փետրվար 29,2008 00:00

\"\"Որոշելու համար՝ արդյոք այն ժողովրդավարության կողմնակի՞ց է

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին չի գոհացնում միջազգային դիտորդական առաքելությունների պահվածքը: «Այդ պահվածքը ֆորմալիստական պահվածք է: Նրանք զբաղված են ընդամենը թվաբանությամբ: Նրանք ընտրությունները չեն դիտում որպես մի համակարգ, համակարգ, որը սկսվել է հոկտեմբերի 23-ից՝ բռնություններից իմ կողմնակիցների նկատմամբ, համակարգ, որն այսօր էլ չի դադարել: Այսօրվա ձերբակալությունները, խուզարկությունները, ոստիկանության մանր, ԱԱԾ-ի մանր, Վանոյի լեզվով պիտի ասեմ՝ «մունդառությունները» ցույց են տալիս, որ այդ մարդիկ սխալ պատկերացումներ ունեն մեր ժողովրդի մասին: Եվս մեկ անգամ հաստատում են, որ իրենք օտար են»,- Ազատության հարթակից երեկ հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Բոլոր նրանց, ովքեր ասում են, որ ընտրությունների օրը շատ բան չենք տեսել, Տեր-Պետրոսյանը հիշեցրեց. «Ընտրությունը միայն ընտրությունների օրը չէր, այլ 4-ամսյա պրոցես էր: Մեր ընտրությունները պետք է դիտարկել 4-ամսյա կտրվածքով: Ընտրությունները պետք է դիտարկել նաեւ այսօրվա խուզարկություններով, ձերբակալություններով»:

Նա հիշեցրեց, որ փետրվարի 19-ին՝ ընտրությունների օրը, բռնություններ են եղել վստահված անձանց, դիտորդների նկատմամբ, նույնիսկ՝ միջազգային դիտորդների նկատմամբ: Ըստ նրա՝ չտեսնել այս ամենը ուղղակի խայտառակություն է: Տեր-Պետրոսյանը անդրադարձավ նաեւ ԵԱՀԿ-ին, որի դիտորդական առաքելությունն է դիտարկել ՀՀ նախագահի ընտրությունները:

«Որոշ պետությունների կողմից, մասնավորապես՝ ԱՊՀ-ի, լուրջ պրետենզիաներ կան ԵԱՀԿ-ին: Ես ցավում եմ, որ այդ պետությունների շարքին միացել է Հայաստանը՝ Ռոբերտ Քոչարյանի ստորագրությամբ: Պետությունները դժգոհ են ԵԱՀԿ-ից, ավելի շուտ՝ իշխանությունները, կառավարությունները դժգոհ են, եւ նույնիսկ պաշտոնական խնդիր են բարձրացրել ԵԱՀԿ-ի բարեփոխման մասին,- ասաց առաջին նախագահը:- Բայց ԵԱՀԿ-ն եւ նրա դիտորդական առաքելությունները ավելի շատ պետք է մտահոգվեն ոչ թե կառավարությունների դժգոհությունից, այլ ժողովրդի դժգոհությունից: Մեր դժգոհությունը կարող է ավելի մեծ լինել, եւ դա մեծապես կարող է հարվածել այդ դիտորդական առաքելությունների հեղինակությանը: Դիտորդական առաքելությունները, Արեւմուտքը այսօր ֆորմալ մոտեցում չպետք է ցույց տան այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ուննենում Հայաստանում»:

Տեր-Պետրոսյանը կարծում է,որ նրանց, այսինքն՝ ԱՄՆ-ի, Եվրոպական միության երկրների եւ եվրոպական կառույցների՝ ԵԽ, ԵԱՀԿ, եւ նրանց ներկայացուցիչը հանդիսացող դիտորդների ձեռքում է Հայաստանի ժողովրդավարության փաստը: «10 օրվա ընթացքում թվարկածս ուժերը, երկրները, կազմակերպությունները հնարավորություն ունեն Հայաստանում ունենալ կամ առնվազն Լիտվայի պես օրինական, քաղաքակիրթ, ժողովրդավարական, ազատ շուկայական տնտեսությամբ պետություն, կամ՝ Միջին Արեւելքի կամ Միջին Ասիայի տիպի ամենահետին պետություններից մեկը: Սա է այլընտրանքը,- հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:- Սա այնպիսի իրականություն է, որը կարող է շատ հեշտությամբ գործադրվել կամ հասնել նպատակին ընդամենը 10 օրվա ընթացքում: Դրա համար Արեւմուտքից պահանջվում է միայն հարգել այս ժողովրդին: Ուրեմն Արեւմուտքը, արեւմտաեվրոպական երկրները, որոնք միավորված են ԵՄ-ի մեջ, ԱՄՆ-ն, միջազգային կազմակերպությունները այսօր պետք է կատարեն հետեւյալ վճիռը՝ կամ Հայաստանի ժողովրդի հետ են, իսկ դա նշանակում է, որ ժողովրդավարության, ազատ շուկայական տնտեսության հետ են, կամ՝ Հայաստանի ավազակապետական, թաթար-մոնղոլական ռեժիմի հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել