Եղեռնագործության 20-ամյակի առիթով Ծիծեռնակաբերդում կազմակերպվել էր հանրահավաք
Երեկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ տեղի ունեցավ սումգայիթյան զոհերի հիշատակի 20-ամյակին նվիրված ավանդական սգո հանրահավաք: Մասնակցում էին հասարակական, քաղաքական գործիչներ, 1988-ին Սումգայիթում տեղի ունեցած ոճրագործության ականատեսներ: Ինչպես տեղեկացրեց Միգրացիայի եւ փախստականների հարցերով վարչության պետ Գագիկ Եգանյանը, 1997-ի տվյալներով՝ Ադրբեջանից Հայաստան են բռնագաղթել շուրջ 311.000 հայեր: Նրանցից 80.000-ը արդեն ՀՀ քաղաքացիներ են. «Գուցե ուշացած համարեն, բայց այդ բռնագաղթած անձանց բնակարանների գնման ծրագրերն արդեն ավարտվել են մարզերում եւ այս տարվանից կսկսեն իրականացվել Երեւանում: Հեռու չէ այն օրը, երբ բոլոր փախստականները ապահովված կլինեն բնակարաններով ու շատերին տհաճ այդ տերմինը շուտով կվերանա մեր բառապաշարից»: ՀՀ վարչապետի խորհրդական Վլադիրմիր Մովսիսյանն էլ նկատեց. «20 տարի առաջ Ադրբեջանը վայրագությամբ նահատակեց իր իսկ քաղաքացիներին՝ միայն նրա համար, որ ազգությամբ հայ էին: Ադրբեջանցիներն այս 20 տարիների ընթացքում ցանկանում են նույն զեղծարարությամբ կեղծել պատմությունը եւ աստիճանաբար դահիճի որակից իջնել զոհի մակարդակի: Նրանք, որոնց ձեռքերի վրա դեռ չեն չորացել մեր ազգի արյան հետքերը, այսօր դատապարտում են իբր Խոջալուում տեղի ունեցած ցեղասպանությունը: Սա անբարոյականության եւ անպատկառության ամենավառ օրինակն է»: ԱԺ դաշնակցական պատգամավոր Արտաշես Շահբազյանն էլ փաստեց. «Ցավոք, աշխարհը եւ միջազգային հանրությունը այս եղեռնագործության արժանի գնահատականը դեռ չի տվել: Կրկին բախվում ենք այն երեւույթի հետ, երբ գործում են երկակի ստանդարտներ: Սակայն դրանք դժբախտաբար գործում են ի վնաս մեզ: Ադրբեջանի հորինովի հեքիաթների կողքին կարող ենք դնել Ջուղայի խաչքարերի ոչնչացման հարցը: ԵԽ-ն իբր որոշում կայացրեց, որ ուսումնասիրությունների համար հանձնաժողով գա տարածաշրջան, սակայն դա այդպես էլ չեղավ: Սրա մի պատճառն էլ գուցե այն է, որ մենք մոռանում ենք եւ մեր հիշողությունը վարժվել է այսպիսի երեւույթներին»: Իսկ գրող, հրապարակախոս Զորի Բալայանը հայտարարեց, որ այս կապակցությամբ հռչակագիր է պատրաստվել եւ այն հատկապես ուղղվելու է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին. «Ամեն օր, ամեն տարի սպասում ենք, թե կլուծեն Ղարաբաղի հարցը: Սակայն ոչ ոք ինֆորմացիա չունի, թե ինչ բանաձեւեր կան, ինչպես է այն լուծվելու: Իսկ բանակցությունների սեղանին են նստում զոհն ու դահիճը: Ու այդ գործընթացն ընթանում է այն ժամանակ, երբ մի կողմը հայտարարում է սարսափելի պատերազմ մեր ժողովրդի դեմ եւ սպառնալիքներ հնչեցնում, որոնք այդպես էլ անպատիժ են մնում»:
«Առավոտը» երեկ զրուցեց նաեւ սումգայիթյան եղեռնագործության ականատեսների հետ: Յուրի Հակոբյանը, որն այժմ բնակվում է Սեւանում եւ աշխատում Երեւանում, պատմեց. «1988-ի փետրվարի 14-ին երեխաս էր ծնվել: Որոշել էի հրավիրել հարեւաններիս (թուրք, ռուս), բարեկամներիս, որ նշենք: Հանկարծ իմացա, որ հայերին ադրբեջանցիները կոտորում են: Չէի հավատում, բայց հայերին կտրտելով, տանջելով էին սպանում: Մենք գիտեինք, որ տեղի քաղսովետի նախագահն էր այդպիսի հրաման տվել: Հիշում եմ նաեւ, թե ինչպես էին հայերին քարշ տալիս Սումգայիթի հրապարակ: Այդ դեպքերից հետո՝ մարտին եկել եմ Աղվերան, 9 ամիս ապրել պետության հաշվին, որից հետո ինքս եմ պահում ընտանիքս: Շատ եմ սիրում իմ ժողովրդին, նրա համար կյանքս էլ կտամ»: Սումգայիթի հայերի իրավունքները պաշտպանող նախաձեռնող խմբի ղեկավար Ռոման Ղամբարյանն էլ «Առավոտի» հետ զրույցում փաստեց. «Ադրբեջանցիներն առաջինը մեր բնակարանի վրա հարձակվեցին, եւ հայրս՝ Ալեքսանդր Ղամբարյանը, սպանվեց: Ժողովրդին թալանում էին, սպանում, խայտառակում: Սումգայիթի ղեկավարները դա իրականացնում էին ԽՍՀՄ-ի թույլտվությամբ, այնինչ, ապրելով այդ պետության կազմում, մարդիկ կարծում էին, որ պաշտպանված են, ասում էին՝ սովետ կա, ղեկավարություն: Իսկ ադրբեջանցիները նույնիսկ հատուկ ցուցակներ ունեին, հայերի մասին նախօրոք տվյալներ էին հավաքել: Օրինակ՝ գիտեին, թե որոնք են որսորդների բնակարանները, դրանց վրա չհարձակվեցին՝ զենքից վախենալով: Ըստ պաշտոնական տվյալների՝ զոհերի թիվը ընդամենը 30-40 հոգի է, մինչդեռ նրանք իրականում շատ ավելի էին»: