Լրահոս
Օրվա լրահոսը

«ՁԵՐ ԵՐԿՐԻ ՔԱՈՍՆ ԷԼ ԿԱՆՑՆԻ»

Փետրվար 29,2008 00:00

\"\"Ասում է գերմանացի դիրիժոր Յոնաս Ալբերը՝ զուգահեռ անցկացնելով Հայաստանի ներկայի եւ իր երկրի անցյալի միջեւ

Երեւանում է սիմֆոնիկ եւ օպերային ոլորտում ճանաչված անուն, գերմանացի դիրիժոր Յոնաս Ալբերը: Ֆիլհարմոնիկ նվագախումբը նրա ղեկավարությամբ «Ա. Խաչատրյան» համերգասրահում մարտի 1-ին կհնչեցնի Ռախմանինովի եւ Էլգարի ստեղծագործությունները: Ընդ որում, վերջինիս Ջութակի եւ նվագախմբի կոնցերտը Հայաստանում կկատարվի առաջին անգամ՝ կանադահայ ճանաչված ջութակահարուհի Քեթրին Մանուկյանի մեկնաբանությամբ:

Տեղեկացնենք, որ արվեստագետը ժամանակին ղեկավարել է հանրահայտ կոլեկտիվներ, այդ թվում՝ Բավարիայի ռադիոյի, Լայպցիգի, Դրեզդենի, Բելգիայի սիմֆոնիկ նվագախմբերը: Վերջիններիս հետ իրականացրած միայն ձայնագրությունների ցանկն ընդգրկուն է՝ Շումանի, Մենդելսոնի, Սիբելիուսի, Սեն-Սանսի, Ռավելի ստեղծագործությունների ընտրանիից մինչեւ բեթհովենյան հայտնի սիմֆոնիաներն ու նախերգանքները: Որպես օպերային դիրիժոր՝ հանդես է եկել Վիեննայում, Բրյուսելում, Ֆրանկֆուրտում, Բեռլինում եւ այլուր, ղեկավարելով բազմաթիվ բեմադրություններ Մոցարտից մինչեւ Պուչինի եւ Ռիխարդ Շտրաուս:

Յոնաս Ալբերը երեկ «Առավոտի» հետ զրույցի սկզբում հայտնեց, որ ինքը երեւանյան այցից մեկ օր առաջ է ընդամենն իմացել հայաստանյան ընտրությունների պատճառներով առաջացած քաոսի մասին: «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, դրա համար կան մասնագետներ, բայց հնարավորության դեպքում տեղեկացվում եմ աշխարհում կատարվող նաեւ քաղաքական անցուդարձից: Չէ՞ որ ցանկացած երկրում մշակույթը կղզիացած գոյություն ունենալ չի կարող եւ վերջինիս զարգացումը կամ նորմալ ընթացքը պայմանավորված է երկրի ներքաղաքական վիճակով»,- ասաց դիրիժորը: Շարունակելով խոսքը, նա հիշեց, որ Հայաստանը տասնամյակներ շարունակ ԽՍՀՄ-ի կազմում էր. «Եվ տաղանդավոր ռուս կոմպոզիտոր Ռախմանինովը, որ ծնվել ու մեծացել էր Ռուսաստանում, ստիպված էր լենինյան սկզբունքի, ուսմունքի, կարգերի պատճառով իր ստեղծագործական կյանքը շարունակել Ամերիկայում: Չնայած դրան՝ Ռախմանինովի բոլոր ստեղծագործությունները մինչեւ իր կյանքի ավարտը նվիրվեցին իր հայրենիքին՝ Ռուսաստանին: Գիտեմ, որ նույն խորհրդային կարգերի պատճառով հայաստանցի շատ տաղանդներ եւս այսօր ստեղծագործում են եվրոպաներում ու ամերիկաներում: Վստահ եմ՝ այսօրվա քաոսային վիճակն էլ կշտկվի… բարի ցանկությունս է, որ ձեր երկրում արվեստագետը լինի բավարարված»: Մենք էլ Յ. Ալբերին հիշեցրինք, որ ժամանակին, երբ Գերմանիան տրոհված էր երկու մասի, իր գործընկերներից շատերը զուտ ստեղծագործելու համար լքում էին Գերմանիայի դեմոկրատական մասը…: Չսպասելով հարցի ավարտին, մեր զրուցակիցը հաստատելով, որ իր երկրում եղել են նման ժամանակներ, հիշեցնելով 1989թ. բեռլինյան պատի քանդումը եւ երկու Գերմանիաների միացումը, ասաց. «Դրանից հետո իմ հայրենիքում այլ պատկեր է. անգամ հոլիվուդյան հայտնի դեմքեր են ԱՄՆ-ից գալիս ու առանձնատներ գնում Գերմանիայում: Օրինակ, իմ հարեւաններն են աշխարհահռչակ Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը, որոնց հետ բարեկամներ ենք դարձել: Այսօր Գերմանիայում գործում է շուրջ 80 սիմֆոնիկ նվագախումբ. այստեղից կարող եք դատել ամենագլխավորը՝ երկրիս ղեկավարների վերաբերմունքը դասական արվեստի հանդեպ… »:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել