Համագործակցելու մասին Սերժ Սարգսյանի առաջարկի վերաբերյալ այսպես արտահայտվեց ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը:
«Հայելի» ակումբի երեկվա հյուրը 2008թ. նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանն էր, թեման՝ հետընտրական զարգացումները: Տ. Կարապետյանը հայտնեց, որ դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան (ՍԴ)՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ու նախագահական ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով: «Ընտրությունների խախտումների մասին մենք մտադրված ենք հրապարակայնորեն բարձրաձայնել… Իշխանությունը գովաբանում էր անգլիական «Պոպուլուսին», ըստ որի, ես երեք տոկոս ձայն եմ հավաքել: Եթե այդպես է՝ ո՞ւր են երեք տոկոս ձայներս: Խորհրդարանականի ժամանակ չդիմեցի ՍԴ, բայց հիմա երկրի նախագահ ենք ընտրում… Իսկ ինչ վերաբերում է նախագահի մյուս թեկնածուների կողմից ՍԴ դիմելու փաստին, նրանցից մեկին ինչքան հարցնում են, տաս օր է՝ ասում է՝ երկու օրից: Էդ երկու օրը չպրծա՞վ, սպասում է իր հաշվի վրա մի 20 մլն նստի, նո՞ր, մյուսն էլ պաշտոնի է սպասում…»,- ասաց Կարապետիչը: Նրա ձեւակերպմամբ, ընտրությունները վերածվել են շուկայական հարաբերությունների, բիզնես-ծրագրերի:
Տ. Կարապետյանը անբարոյական է որակում խախտումներով ձեռք բերված ցանկացած հաղթանակ: Ըստ նրա, դիտորդներն ամեն ինչ չէ, որ գիտեն. «Նրանք տեղյակ չեն եղել, որ համատարած ընտրակաշառք է բաժանվել: Իսկ իշխանությունը անչափ շատ է բաժանել, ինչը չի համեմատվի մյուսների բաժանածի հետ»: Անդրադառնալով ընտրություններին դիտորդների տված գնահատականին, Տ. Կարապետյանը փաստեց, որ նրանց արձանագրություններում մասնավորապես ասվել է, որ ընտրությունների ժամանակ եղել են ընտրակաշառք, ճնշումներ, օգտագործվել են իշխանական լծակները. «Մինչդեռ նախագահը պետք է ընտրվի բացառիկ արդար հիմունքներով: Իսկ որ ասում են՝ մի քիչ կեղծիքներ են եղել, դա չեմ հասկանում: Մի քիչ կեղծիքը ո՞րն է, ոնց որ ասեն՝ մի քիչ կույս, կամ մի քիչ հղի…»: Դառնալով հաղթած թեկնածու Ս. Սարգսյանի՝ թեկնածուների հետ համագործակցելու առաջարկին, ԺԿ նախագահն ասաց. «Այդ կոչը նման է հետընտրական ընտրակաշառքի: Եթե այդ առաջարկը իսկապես լուրջ է, ապա դա տեղի կունենա ոչ միայն այս սրված ժամանակաշրջանում, ինչի համար ես միայն ուրախ կլինեմ: Չնայած նշեմ, որ անձամբ ես՝ ոչ մի առաջարկ չեմ ստացել ու չեմ էլ ուզում: Կարծում եմ, այսօր ով էլ ընդունի այն, դա ուրիշ կերպ կդիտվի»: Հետընտրական լարվածությունը մեղմելու հետ կապված տարբերակների մասին խոսելիս էլ Տ. Կարապետյանը նշեց. «Ուրախ եմ, որ առայսօր երկուստեք ձգտում են, որ բախումներ չլինեն: Եթե այսպես շարունակվի ու սադրանք չձեւավորվի, ապա բանակցությունների միջոցով ամեն ինչ կհարթվի: Միաժամանակ, կարծում եմ, որ չպետք է այնպես լինի, որ կրկին իշխանական թեւը հաղթի: Այդ ո՞նց է լինում, որ միշտ իրենք են հաղթում: Սերն էլ է իրենցը, փողն էլ, լծակներն էլ…: Ես ուրախ եմ, որ այսօր կա ուժեղ ընդդիմություն, որը կարող է ազդել կարեւոր որոշումների վրա: Իսկ դա մենք արդեն տեսնում ենք: Ի դեպ, Սերժ Սարգսյանի հնչեցրած համագործակցության կոչը եւս եղել է ընդդիմության ազդեցությունից»:
Տ. Կարապետյանի խոսքերով, մեր ժողովրդի մեջ կան ակտիվ քաղաքացիներ, որոնք, չնայած, հնարավոր է ընտրել են Սերժ Սարգսյանին, բայց այսօր ըմբոստացել- գնացել են հրապարակ, կանգնել Լ. Տեր-Պետրոսյանի կողքին. «Չպետք է անձերին պաշտել կամ հայհոյել, որովհետեւ մեկ էլ տեսնում ես այդ հայհոյողը սիրահարվում է՝ էն էլ շատ թունդ… վաղուց ժամանակն է, որ կերտենք քաղաքացիական հասարակություն, որովհետեւ մերը հիվանդ հասարակություն է»: Տ. Կարապետյանը երեկ ձեռքի հետ էլ մի քիչ հաճոյախոսեց ՀՅԴ-ին, ասելով, որ մեկ-մեկ քննադատել է, սակայն հիմա լավ է վերաբերվում, որովհետեւ դաշնակցությունը սկզբունքային կուսակցություն է: