Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մարիաննային» է՞լ կխեղճացնեն

Փետրվար 29,2008 00:00

Ըստ լուրերի, հարկայինը պատրաստվում է «հյուր գնալ» «Մարիաննա» ընկերություն՝ պատժելու հանրահավաքի մասնակիցներին բաժանած կաթնամթերքի համար:

Բացի այն, որ հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող կուսակցությունների ներկայացուցիչներին ու հանրահավաքի մասնակիցներին ահաբեկում, հալածում ու ձերբակալում են, իշխանությունների «նշանակետում» են հայտնվել նաեւ բոլոր այն գործարարները, որոնք որեւէ կերպ աջակցում են միտինգավորներին: Հայտնի է, որ «վերեւներն» առանձնահատուկ ուշադրություն են դարձնում այն գործարարներին, որոնք արդեն հայտարարել են, որ սատարում են Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ավելին, նույնիսկ նրանք, որոնք թեկուզ նեղ ընկերական շրջապատում Սերժ Սարգսյանի հասցեին որեւէ թթու, կծու, աղի խոսք են ասում կամ Լեւոն Տեր-Պետրոսյանի այս կամ այն ելույթի մասին դրական են արտահայտվում, «ծիտիկն» այդ լուրը շատ օպերատիվ հասցնում է իշխանության համապատասխան մարմիններին, առաջին հերթին՝ Հարկային պետական ծառայությանը: Իսկ մեր երկրում չկա մի գործարար, որի համար հարկայինի անսպասելի ստուգումները ցանկալի լինեն եւ ավարտվեն հօգուտ տնտեսվարողի:

Վերջին օրերին հարկայինի հետ խնդիրներ են ունենում ոչ միայն «լեւոնական» գործարարները, այլեւ նրանք, որոնց ընկերությունների արտադրած մթերքից օգտվում են Ազատության հրապարակում գիշերող բազմահազար մարդիկ: Մասնավորապես, օրեր առաջ նստացույցի մասնակիցների համար «Մարիաննա» ապրանքանիշը կրող կաթնամթերքի բավականին մեծ քանակություն է բերվել: Մեր տեղեկություններով, ներկայումս Հարկային պետական ծառայության աշխատակիցները պատրաստվում են ստուգումներ իրականացնել Տիգրան Վարդանյանին պատկանող «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ում: Պաշտոնապես այդ ստուգումները, բնականաբար, պլանային կկոչվեն, իսկ իրականում հարկային տեսուչները կփորձեն պարզել, թե՝ ա) հանրահավաքի մասնակիցներն ինչո՞ւ են կերել հատկապես «Մարիաննայի» կաթնամթերքը, բ) «Մարիաննայի» տնօրե՞նն է այն անվճար բաժանել, թե՞ ինչ-որ մեկը գնել է, գ) եթե գնել են, կոնկրետ ո՞վ է այդ բարեգործության հեղինակը:

Այս առնչությամբ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի փոխտնօրեն Տաթեւիկ Հակոբյանն «Առավոտին» պարզաբանեց, որ ներկայումս իրենք հարկայինի հետ ոչ մի խնդիր չունեն: «Մարիաննայից» նաեւ վստահեցրին, որ իրենց ընկերությունը հանրահավաքի մասնակիցներին ուղղակի կերպով կաթնամթերք չի տրամադրել: Տ. Հակոբյանի խոսքերով՝ «Վերջին օրերի ընթացքում մենք մեր արտադրանքը վաճառել ենք միայն խանութներին: Թե նրանք ում եւ ինչ քանակով են իրացրել այն՝ մենք այդ մասին ոչ մի տեղեկություն չունենք»:

Նկատենք, որ առաջին անգամ չէ, որ հարկայինի աշխատակիցները ստուգումների անվան տակ, շատ հաճախ առանց հանձնարարականի, ներխուժում են այս կամ այն ձեռնարկություն: Օրինակ, անմիջապես այն բանից հետո, երբ հայտնի գործարար, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին, հարկային, մաքսային ու ոստիկանական համակարգերի ներկայացուցիչները սկսեցին հատուկ ուշադրություն ցուցաբերել Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Սիլ կոնցեռնի» ձեռնարկությունների հանդեպ: Ամիսներ շարունակ նրանք ուսումնասիրում էին «Բջնի հանքային ջրերի» գործարանի եւ «Պիցցա դի Ռոմայի» հաշվապահական փաստաթղթերը, պահեստներն ու գույքը:

Մտավախություն կա, որ եթե իսկապես հարկայինը սկսի կաթնամթերք բաժանելու համար «խեղճացնել» նաեւ «Մարիաննա» ընկերությանը, ապա առաջիկա օրերին հանրահավաքի մասնակիցները ստիպված պետք է լինեն բավարարվել միայն Խաչատուր Սուքիասյանի բաժանած պիցցաներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել