Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄԵՆ ՄԱՐԴ ՉԻ ԿԱՐԱ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԴԱՌՆԱ»

Փետրվար 29,2008 00:00

\"\"Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքի մասնակիցները հավաստիացնում են, որ նրան սատարելու համար գործատուներն իրենցից շատերին աշխատանքից ազատել են, գործատուներն էլ վստահեցնում են՝ «մարդս մարդ լինի, լեւոնականն ու սերժականն ի՞նչ կապ ունի»:

Այս օրերին պարբերաբար ականատես ենք լինում, թե Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող քաղաքացիները իշխանությունների կողմից ինչ ճնշումների ու հալածանքների են ենթարկվում: Բացի այն, որ ոստիկանության աշխատակիցները ներխուժում են մարդկանց բնակարանները, տակնուվրա անում ու այլ իրերի հետ միասին առգրավվում նաեւ նրանց անձնագրերը, որպեսզի վերջիններիս մտքով հանկարծ չանցնի հանրապետությունից բացակայել ու առանց պատժի մնալ, հանրապետական գործատուները ՀՀ առաջին նախագահի հանրահավաքին մասնակցող իրենց աշխատակիցներին գործից ազատում են: Երեկ «Առավոտում» անդրադարձել էինք մի քանի դեպքերի, երբ մարզերի գործատուներն ու պետական գերատեսչությունների ղեկավարները աշխատողներին ազատել էին գործից: Մարդկանց զրկել էին անգամ թոշակներից ու «Փարոսի» նպաստից: Մասնավորապես, Վարդենիս քաղաքի բնակիչ Սմբատ Շաբոյանին ազատել էին «Հայջրմուղկոյուղի» ընկերությունում հսկիչ-գործակալի աշխատանքից: Նրան զգուշացրել են, որ եթե հանրապետական չդառնա, նույնիսկ նրա քրոջը կազատեն աշխատանքից: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքներին ակտիվորեն մասնակցած նույն քաղաքի բնակիչ Մհեր Մուրադյանին զրկել էին «Փարոսից»:

Այս առնչությամբ երեկ փորձեցինք պարզաբանումներ ստանալ մի քանի հիմնարկների տնօրեններից, որոնք մարդկանց պետական աշխատանքի ընդունում կամ ազատում են՝ ելնելով նրանց քաղաքական կողմնորոշումներից:

«Առավոտի» այն հարցին, թե ինչո՞ւ են Սմբատ Շաբոյանին ազատել աշխատանքից, «Հայջրմուղկոյուղի» ընկերության Վարդենիսի մասնաճյուղի տնօրեն Տիգրան Շաբոյանը պատասխանեց. «Մենք ընդամենը ջրմուղի տեղամաս ենք ու աշխատող ընդունելու եւ ազատելու հետ ոչ մի կապ չունենք: Հրամանը վերեւից ա եկել: Ինչ վերաբերում է Սմբատին, ապա նա շատ դժգոհ մարդ է ու շատ վատ բնավորություն ունի: Նա նույնիսկ իրա կնոջ հետ յոլա չի գնում: Իսկ աշխատավայրում որպես տեսուչ նա ուներ պլանային առաջադրանքներ: 1 միլիոն դրամի հասույթի դիմաց նա պարբերաբար հավաքել է ընդամենը 40-ից 50 հազար, լավագույն դեպքում՝ 90 հազար դրամ: Իր պլանային առաջադրանքը չկատարելու համար միշտ գրավոր եւ բանավոր զգուշացում եմ տվել նրան: Բայց նա չի կարողանում նորմալ աշխատել, քանի որ ոչ կրթական մակարդակ ունի, ոչ էլ մարդկանց հետ շփվելու կուլտուրա: Իսկ երբ զգուշացրել եմ, որ եթե շարունակի պլանները չկատարել՝ գործից կազատեն, շատ արհամարհական պատասխանել է՝ ազատում են, թող ազատեն: Այսինքն, նրան աշխատանքից ազատելն իր քաղաքական գաղափարների հետ ոչ մի կապ չունի»: Իսկ իր մասին պարոն Շաբոյանն ասաց, որ ինքը ճիշտ է հանրապետական է, բայց մաքուր է ու Սերժ Սարգսյանի օգտին որեւէ անգամ քարոզչություն չի տարել:

Մեզ հետ զրույցում վարդենիսցիներն ասում էին, որ «լեւոնականներին» հիմնականում հալածում ու ճնշում է իրենց քաղաքի ակտիվ հանրապետական, Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրեն Սամվել Խաչատրյանը, որը նաեւ հանրապետական կուսակցության տարածքային մասնաճյուղի ղեկավարն է: Ըստ վարդենիսցիների, վերջինս տարբեր պաշտոններ խոստանալով ու հազար տեսակի խոստումներ տալով, բոլորին հորդորում է իրենց կուսակցության շարքերն անցնել, քանի որ նրա վրա «վերեւներից» պլան է դրված, որ Վարդենիսում մինիմում 1000 մարդ պետք է հանրապետական լինի: Այս առնչությամբ Ս. Խաչատրյանը «Առավոտին» պարզաբանեց. «Ամեն մարդ չի կարա հանրապետական դառնա, հո ամեն մի բոմժի մեր կուսակցության շարքերը չե՞նք ընդունելու: Դեռ պետք ա մեզ դիմում տան, մենք էդ դիմումը ուսումնասիրենք, նոր որոշենք՝ ինքը կարա՞ հանրապետական լինի, թե՝ ոչ: Դեռ պետք ա երաշխավորագիր լինի, աշխատավայրից բնութագիր լինի»: Ինչ վերաբերում է նրան, որ նա մարդկանց ակտիվորեն քարոզում է Սերժ Սարգսյանի օգտին ու շատերին սպառնում վնասել նրանց ընտանիքի անդամներին ու անգամ Սմբատ Շաբոյանին էլ իր հրամանով են ազատել «Հայջրմուղկոյուղուց», Ս. Խաչատրյանը պատասխանեց. «Էդ Սմբատը խմող, անբարոյական եւ այլանդակ կերպարով մարդ ա: Իսկ իրա աղջիկն էլ դիմում ա տվել, որ Հանրապետական կուսակցության անդամ դառնա: Իսկ ինչ վերաբերում է նրա քրոջը, որը մեր ինտերնատի լվացքատանն է աշխատում, ապա նա իր եղբոր արարքների համար պատասխանատու չէ»: Մեզ հաջողվեց խոսել նաեւ Վարդենիսի տուն-ինտերնատում աշխատող Սմբատ Շաբոյանի քրոջ՝ Կարինե Շաբոյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն աշխատավայրում ոչ մի խնդիր չունի, իսկ եղբորն էլ որակեց ստախոս: Ու քանի որ մեր հեռախոսազրույցը տեղի էր ունենում նրա տնօրենի՝ Սամվել Խաչատրյանի ներկայությամբ, Կարինեն անընդհատ ասում էր. «Ես հանրապետական եմ ու իմ կամքով եմ հանրապետական դարձել»:

Ինչ վերաբերում է այն տասնյակ վարդենիսցիներին, որոնք մեզ հետ զրույցում հավաստում էին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքին մասնակցելու նպատակով իրենք զրկվել են «Փարոսի» նպաստից, ապա Վարդենիսի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Արամ Հարությունյանը խորհուրդ տվեց այդ մարդկանց գալ ու անձամբ իր դեմ կանգնած ասել այդ ամենի մասին: Նրա խոսքերով. «Եթե էդպիսի բան լիներ, իրենք ոչ թե ձեզ կասեին, այլ մի տասը անգամ դատախազություն կդիմեին: Իսկ քաղաքացին կարող է զրկվել «Փարոսից» տարբեր պատճառներով, օրինակ՝ կարող ա ժամանակին փաստաթուղթ չներկայացնի կամ պարզվի, որ նա աշխատում է, կամ ինչ-որ մի տեղ փայատեր ա: Իսկ որ ցույցերի հետ կապված նման խնդիրներ լինեն՝ դա արդեն բացառվում ա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել