Լրահոս
Օրվա լրահոսը

2006-Ի ԶԵԿՈՒՅՑԸ՝ 2008-ԻՆ

Փետրվար 29,2008 00:00

2008 թվականի փետրվարի 28-ի երեկոյան նիստում ԱԺ-ում ներկա սակավաթիվ պատգամավորներին ներկայացվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2006թ. տարեկան զեկույցը՝ «2006-ի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին»: Այն պետք է քննարկվեր դեռ ԱԺ 2007-ի գարնանային նստաշրջանի ընթացքում: Եվ բնական էր, որ երեկվա ժամկետանց քննարկման ընթացքում «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն առավել անդրադարձան ոչ թե 2006-ի իրողություններին, այլ այս օրերին մարդու իրավունքների խախտումներին եւ հետընտրական զարգացումներին: «Այո, լավ կլիներ, որ այս զարգացումները չլինեին, սակայն ես կարող եմ բերել բազմաթիվ օրինակներ շատ ավելի հին ժողովրդավարություն ունեցող երկրներից, որտեղ հետընտրական գործընթացները նման զարգացումներ են ունեցել»,- այս կապակցությամբ իր արտահերթ ելույթում հայտարարեց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն իր ելույթում կարծիք հայտնեց, որ մարդու իրավունքների պաշտպանը պետք է իրավական գնահատական տա սահմանադրական հանրաքվեին, խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին: Պաշտպան Արմեն Հարությունյանը տեղեկացրեց, որ իր ղեկավարած գրասենյակի արագ արձագանքման խումբը օպերատիվ կերպով հետամուտ է լինում նախագահական ընտրությունների եւ դրան հաջորդած ժամանակաշրջանում ստացված ահազանգերի ուսումնասիրությանը, հատկապես կապված խոսքի ազատության եւ մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի հետ:

Արմեն Հարությունյանը հայտնեց, որ առաջիկա 3-4 շաբաթվա ընթացքում ԱԺ-ին կներկայացնի արդեն 2007-ի գործունեության վերաբերյալ իր զեկույցը:

Իսկ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանը խոստացավ, որ հանձնաժողովը կկազմակերպի քննարկումներ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ Պաշտպանի մասնակցությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել