Ռամկավարական մոտեցում ներկայիս իրավիճակին
Ռամկավար-ազատական կուսակցության սփյուռքի տարբեր հատվածները ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ իրարամերժ դիրքորոշումներ որդեգրեցին: Դեռ նախագահական ընտրություններից առաջ Հյուսիսային Ամերիկայի ռամկավարական կառույցը հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին, իսկ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ՌԱԿ կենտրոնական վարչությունը՝ Մայք Խարապեանի գլխավորությամբ, շնորհավորեց «վսեմաշուք, վսեմափայլ ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին»: Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցությունը, ինչպես հայտնի է, լոյալ վերաբերմունք արտահայտեց նախագահական ընտրությունների առիթով՝ ասելով, որ իրենք առավել կարեւոր խնդրով են զբաղված. խոսքը «Դաշինք» եւ «Ազգային վերածնունդ» (բազեյանական թեւի) կուսակցությունների միավորման գործընթացի մասին է: Հետընտրական զարգացումները ՀՌԱԿ դիրքորոշման մեջ փոփոխություններ չեն մտցրել, համենայնդեպս, ատենապետ Հարություն Առաքելյանն ասում է, որ շարունակում է կարեւորել իրենց սկսած գործն ավարտին հասցնելը, իսկ Սամվել Բաբայանը եւ Ալբերտ Բազեյանն առայժմ ձեռնպահ են մնում լրագրողների հետ շփումներից:
«Առավոտի» հետ զրույցում իրավաբանական առումով դեռեւս «Դաշինքի» քաղաքական խորհրդի անդամ Գնել Ղլեչյանը դատապարտեց, այսպես ասած, դրսի ռամկավարների պահվածքը, դա բացատրեց կուսակցությունների վերամիավորման թոհուբոհով եւ խոստացավ, որ գործընթացի ավարտից հետո, երբ ՀՌԱԿ-ն արդեն ուժեղ կլինի՝ այդ հարցերին իրենք կանդրադառնան, մանավանդ, որ ՀՀ օրենսդրությունը սահմանափակում է ոչ ՀՀ քաղաքացիների այս կամ այն կերպ մասնակցությունը ընտրական գործընթացներին:
Իսկ ստեղծված ներքաղաքական իրավիճակի առումով մեր զրուցակցի մոտեցումն այսպիսին է. «Հույս ունենք, որ այս լարված վիճակը կողմերը կկարողանան հաղթահարել քաղաքակիրթ ճանապարհով: Ուժ կիրառելու երկկողմանի ցանկությունները, հուսով ենք, ցանկություն էլ կմնան: Լուծումը բանակցությունների միջոցով պետք է գտնել»: Ներքաղաքական իրավիճակի մասին պաշտոնական հայտարարություն ՀՌԱԿ-ը չի անի: «Մեզ համար անընդունելի է, երբ ընդդիմությունը քաղաքական զարգացումների մեջ է փորձում ներքաշել զանազան ուժային կառույցների, եւ նույնքան անընդունելի է, երբ իշխանությունները ընդդիմադիր գործիչների նկատմամբ ուժ են կիրառում, ձերբակալում են: Այդ ամենը հաստատ չի ուժեղացնում իշխանությանը եւ հաստատ չի թուլացնում ընդդիմությանը»,- ասում է Գնել Ղլեչյանը եւ հավելում, որ երբ հայտարարում են չեզոքության մասին, բնավ էլ չի նշանակում, որ չեն հետեւում իրադարձությունների զարգացմանը:
Տարբեր կուսակցականներ, նաեւ մեր զրուցակիցը լինում են Ազատության հրապարակում: Նրա տպավորությամբ՝ «Ազատության հրապարակում, իմ գնահատմամբ, հավաքված է մեր ժողովրդի այն հատվածը, որը շատ դժգոհ է իշխանություններից, բայց դա ապագաղափարական զանգված է, քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանի այս շարժումը չի կրում որոշակի գաղափարախոսություն: Առաջին նախագահին սատարում են տարբեր քաղաքական, գաղափարական հոսանքների դավանող մարդիկ, եւ այնտեղ հավաքված ժողովուրդը նույնպես տարբեր գաղափարախոսության կրողներ են: Նաեւ՝ շարժումն իր մեջ բարություն չի կրում, ի տարբերություն 1988-ի, երբ շարժման քաղաքական կոդը միմյանց հանդեպ բարությունն էր: Իսկ հիմա Ազատության հրապարակի ժողովուրդը բարությամբ չի լցված, այլ՝ չարությամբ. այնտեղ չեն պայքարում հանուն ինչ-որ բանի, այլ՝ ընդդեմ այս իշխանությունների: 1988-ի չորրորդական խնդիրը՝ ով է լինելու նախագահը, այսօր դարձել է առաջնային»: Մեր զրուցակցին մտահոգում է առաջին նախագահի կողքը կանգնած դիվանագետների ճակատագիրը. նա ցավով է ընդունում, որ մեր արտաքին գերատեսչությունը զրկվում է նման որակյալ մասնագետներից: «Ավելի մտահոգիչ էր ուժային կառույցների պահվածքը. չեմ ուզում մեկնաբանել, թե իրականում ինչ էր եղել, հետո ի՞նչ հայտարարեցին, բայց իրական զինվորականությունը երբեւէ իրավունք չպիտի ունենա որեւէ կերպ խառնվելու քաղաքական իրադարձություններին: Նրանց քաղաքականության մեջ ներքաշելով՝ առաջին նախագահին սատարող ուժերը թուլացրին ե՛ւ Հայաստանը, ե՛ւ իրենց»,- կարծում է ՀՌԱԿ ներկայացուցիչը: