Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՄԵԿ ՈՒՐԻՇԻ ԳԵՐԻՆ ՉԷ»

Փետրվար 29,2008 00:00

\"\"ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ասում է, որ որպես ԱԺ նախագահ՝ ինքը 131 պատգամավորներից որեւէ մեկին չի միջնորդել օրինական զենք ստանալու համար:

– Ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը ինչպե՞ս եք պատկերացնում, արդյոք ուժային մեթոդներո՞վ պետք է փորձեք ցրել Ազատության հրապարակում հավաքված մարդկանց, թե՞ հնարավոր եք համարում երկխոսությունը, թեպետ արդեն իսկ երկխոսության առաջարկն իրենք մերժեցին:

– Իրենք ընդհանրապես ամեն ինչ մերժում են, մերժում են ընտրության արդյունքները, մերժում են օրենքը, կարգն ու կանոնը, Սահմանադրությունը, ողջամտությունը, անկեղծությունը, շիտակությունը, բոլոր բաները մերժում են, սա հայտնի է, ես կարծում եմ՝ այս ամբողջ ընթացքը ցույց է տալիս, որ իշխանությունը համբերատար է, զուսպ է, հանդուրժող է, եւ ամեն ինչ արվելու է, որ հետագայում էլ դա պահպանվի: Բայց կա նաեւ մյուս կողմը՝ չի կարելի այդ ամենը չարաշահել, որեւէ մեկը մեկ ուրիշի գերին չէ, ո՛չ այս երկրի քաղաքացիները, ո՛չ մայրաքաղաքի բնակիչները: Ի վերջո, եթե մարդիկ իրենց դուրս են դնում Սահմանադրությունից եւ օրենքներից, հասարակության առաջ պետք է պատասխան տան:

– Հնարավո՞ր է, որ ձեզնից որեւէ մեկն անձամբ գնա Ազատության հրապարակ եւ փորձի բանակցել:

– Բայց դո՛ւք ասացիք, որ իրենք երկխոսությունը մերժում են: Երկրորդ՝ բանակցելու խնդրին անդրադառնալուց առաջ պետք է ճշտել, թե ինչի՞ մասին պետք է բանակցել: Ես կարծում եմ, որեւէ մեկը իրավունք չունի ոտնահարել երկրի Սահմանադրությունը, «Ընտրական օրենսգիրքը», մյուս օրենքները: Ընտրության արդյունքները հրապարակվել են մեր օրենսդրության պահանջներին համապատասխան, եւ որեւէ մեկը մինչեւ հիմա այդ արդյունքները ժխտող որեւէ փաստարկ չի ներկայացրել, եւ ընտրության արդյունքները չեն կարող սակարկության առարկա դառնալ: Այլ որեւէ բան քննարկելը, կարծում եմ, իրենց պարզապես չի հետաքրքրում: Իրենք հայտարարել են՝ կամ պիտի գնան նախագահական նստավայր, կամ էլ՝ չգիտեմ ուր:

– Բա՞նտը նկատի ունեք:

– Ոչ, ես կարծում եմ, եթե խնդիր ունեն, լավ կլինի գնան դատարան:

– Սակայն արդեն մի քանի մարդկանց ուղարկել եք բանտ:

– Եթե մարդիկ կարգուկանոն են խախտում, ցանկացած մարդ՝ անկախ իր կուսակցական պատկանելությունից, անկախ, թե որ հրապարակի որ հանրահավաքին է մասնակցել, պիտի պատասխանատվության ենթարկվի: Մարդկանց թվում է, թե օրենքները ընտրական շրջանում պետք է դնել մի կողմ եւ բոլորովին այլ կանոններով պետք է առաջնորդվել:

– Բայց ընդդիմության գործողությունները տեղավորվում են օրենքի շրջանակներում:

– Զենքե՞րը, զենք պահե՞լը:

– Բայց ո՞ւմ հայտնի չէր, որ Գագիկ Ջհանգիրյանը զենք ունի, հենց որ կանգնեց Ազատության հրապարակում՝ իմացա՞ք:

– Ես այդ հարցադրումը չեմ ընդունում: Նախ, մի օր անպայման պիտի դա արվեր, եւ մարդիկ պիտի ուրախանան, որ այդ օրը եկել է: Մարդիկ, որ միշտ դժգոհ են նման երեւույթներից, պիտի ուրախանան, որ այդ օրը եկել է, եւ միանգամայն իրավացիորեն հետամուտ լինեն, որ նման մոտեցումները հետեւողականորեն կիրառվեն բոլորի նկատմամբ: Այո, Հայաստանում որեւէ մեկը ապօրինի զենքով չպիտի շրջի:

– Ձեզ, որպես ԱԺ նախագահի, առաջարկում եմ հենց հիմա ստուգենք նույն Հանրապետական խմբակցության բազմաթիվ պատգամավորների մեքենաները, կտեսնեք, որ իրենց օրինական զենքից բացի, նրանց մեքենաներում կգտնվեն շատ ավելի մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք, քան նույն Ջհանգիրյանի մեքենայում էր:

– Նախ, մի շարք պատգամավորներ եւ անցած տարի, եւ հիմա դիմել են ինձ զենք ստանալու միջնորդության խնդրանքով: Ես ասել եմ, որ որեւէ մեկի համար չեմ միջնորդելու զենք ստանալու համար: Եթե որեւէ մեկի կյանքին վտանգ է սպառնում եւ պաշտպանվելու կարիք կա, թող դիմեն իրավապահ մարմիններին, նրանք էլ կորոշեն պաշտպանելու ձեւը:

– Իմ դիտարկումը անօրինական զենքի մասին էր:

– Կարծում եմ, հարցադրումը պիտի ուղղեք իրավապահ մարմիններին, եւ եթե հիշում եք, Հանրապետության հրապարակում Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ չեն լինելու երկրում մաուզերիստներ, չի լինելու ապօրինի զենք կրող մարդ:

– Երբ ապօրինի զենքի որոնումներ սկսվեն, սկսելո՞ւ եք ձերոնցից:

– Մերոնք-ձերոնք չկան, մեր երկրի բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել