Ընտրությունների մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը՝ գնահատականներ տալով միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհներին:
«Հայացք» ակումբի երեկվա հյուրը քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն էր, թեման` այս օրերին մոդայիկ հետընտրական զարգացումները: Սերժ Սարգսյանի հանդեպ իր համակրանքով հայտնի այս քաղաքագետն ասաց, որ Հայաստանում անցկացված նախագահական ընտրություններին ինքը չի կարող որեւէ գնահատական տալ, որովհետեւ իրավասու չէ. «Գնահատականները տրվել են միջազգային դիտորդների կողմից, որոնց կարծիքով ընտրություններն անցել են թափանցիկ, եվրոպական չափանիշներին համապատասխան»:
Դառնալով հետընտրական գործընթացներին, պրն Մանասյանն ասաց, որ վերջինս կարելի է գնահատել հոգեբանության եւ քաղաքագիտության տեսակետից, իսկ քաղաքագիտական գնահատականները տանում են դեպի անցյալը, որի արդյունքն էլ այսօրվա իրադրությունն է: Ա. Մինասյանի խոսքերով, այսօր գործ ունենք քաղաքական մշակույթի կայացման գործընթացի հետ. «Դա դժվարին գործընթաց է, որովհետեւ հետխորհրդային 70-ամյա քաղաքական համակարգից անցնում ենք մի նոր իրավիճակի: Ինչ-որ տեղ բնական է, որ մեր քաղաքական կուսակցությունները ստեղծվել են արեւմուտքից վերցված ցուցանակների միջոցով, դրա համար էլ 17 տարիների ընթացքում մեզանում բացակայել է այն, ինչը հատուկ է կայացած քաղաքական մշակույթ ունեցող երկրներին: Հայաստանում, օրինակ, բացակայում է քաղաքական երկխոսությունը, որի պատճառը ե՛ւ կուսակցությունների չկայացած լինելն է, ե՛ւ ազգային խառնվածքին բնորոշ գծերը՝ պոռթկումը, հուզականությունը»: Բանախոսի խոսքերով, ժամանակը գնում է, ու մենք պետք է անցնենք նոր որակի. «Թե չէ՝ հայտնվել ենք մեզ համար անծանոթ իրավիճակում, որովհետեւ կուսակցությունները իրական գաղափարախոսության կրողներ չեն ու չունեն իրական կյանքի, քաղաքական գործընթացների հետ ռեալ կապեր: Մեզ համար նախընտրելի է խաղաղ, կայուն զարգացումը: Թող այն լինի դանդաղ, բայց առանց ցնցումների, հակառակ դեպքում՝ դրանք չգիտես ուր կտանեն»:
Ա. Մանասյանի ձեւակերպմամբ, մեզանում բացակայում է նաեւ քաղաքագիտական միտքը, այդ պատճառով էլ հրապարակում հայտնվել են զուտ ամբոխավարական եւ հուզական ալիքի վրա ստեղծված կարգախոսներ: Ըստ նրա, Ազատության հրապարակում իրենց կամքից անկախ հայտնված քաղաքական գործիչները կարող են ստեղծել անկառավարելի եւ ագրեսիվ ամբոխ, ինչը վտանգավոր հետեւանքների կբերի. «Ելքը երկխոսությունն է, ինչից խուսափելը ագրեսիվության նշան է: Երկխոսությունը ճշմարտության հայտնաբերման միակ ճանապարհն է: Իսկ ճշմարտությունը ծնվում է բանավեճում»: Անընդհատ քննադատելով Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհներին, սերժական քաղաքագետը հավելեց. «ՀՀՇ-ի գաղափարախոսները պետք է բանակցեն, բանավիճեն մյուս կողմի հետ: Ցանկանում են նրանք դա, թե՝ ոչ, չգիտեմ, բայց ընթացքը ցույց է տալիս, որ խուսափում են: Հրապարակից հնչող կարգախոսների մեջ քաղաքական ամբողջական ուղեգծի մասին կոնկրետ խոսք չկա: Կան միայն գայթակղիչ անիրական խոստումներ, ընդդիմախոսներին վարկաբեկող արտահայտություններ»: Ա. Մանասյանը պատմեց, որ Ազատության հրապարակում ականատես է եղել երկու երիտասարդների վեճի. «Երիտասարդը, որը վիճում էր Սերժի ընտրողի հետ, ասում էր, թե մեր մասին ամբողջ Եվրոպան է խոսում: Հետո՞ ինչ, իսկ մի՞թե Եվրոպայի համար ենք ընտրություն անում, երկի՛ր կառուցում… Ցավոք, այսօր հրապարակում կանգնածներն ուզում են ստանալ ամեն ինչ, իսկ դա իրավական չէ, ճիշտ չէ»: