Ձերբակալվել են Վանո Սիրադեղյանի հարազատները
Նոյեմբերյան քաղաքում լուրեր տարածվեցին, թե «Ոսկանանց Յուրիկին բռնել են»: Յուրիկ Մամյանը Վանո Սիրադեղյանի քրոջ՝ Սոնայի ամուսինն է, Նոյեմբերյանի անտառտնտեսությունում անտառապահ է աշխատում: Յուրիկը մշտապես հեռու է եղել քաղաքականությունից: Իսկ նրա 2 տղաները՝ Սուրիկն ու Վահեն, փաստացի ղեկավարում էին Լեւոն Տեր-Պետրոսյանի Նոյեմբերյան քաղաքի նախընտրական շտաբը: Ընտրությունների օրը Սուրիկը, որպես վստահված անձ, քվեարկությանը հետեւում էր Նոյեմբերյանի մշակույթի տանը տեղակայված 40/01 ընտրական տեղամասում: Փետրվարի 21-ին Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց բողոքի քննարկման ժամանակ, որպես բողոքարկող կողմի ներկայացուցիչ, ներկա էր Վահե Մամյանը:
Հիմա Սուրիկն ու Վահեն Երեւանի Ազատության հրապարակում են, հանրահավաքի են մասնակցում: Ազգային անվտանգության եւ ոստիկանության աշխատակիցները Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 1943 թ. ծնված Յուրիկ Մամյանին ձերբակալել են փետրվարի լույս 26-ի գիշերը, ժ. 5-ի սահմաններում: Վանո Սիրադեղյանի քույրը՝ Սոնան, այդ օրը աղջկա տանն է գիշերել, իր տնից մոտ 500մ հեռավորությամբ: Գիշերվա 2-ին վատ կանխազգացումով արթնացել է, մոմեր վառել: Մտածում էր, թե Երեւանի Ազատության հրապարակում կարող էր ինչ-որ բան պատահել: Երկու ժամ անց տնից զանգահարել են, թե խուզարկություն է ընթանում: Նա շտապել է տուն:
«Փոքրիկ թոռներս՝ Վահեի երեխաները, շատ էին վախեցել ներխուժումից: Դողդողում էին ու ինձ հարցնում՝ պապիկին ո՞ւր են տանում: Ես էլ եկածներին հարցրի՝ դուք երեխաներ չունե՞ք, ո՞նց եք վերադասի այս դաժան հրամանները կատարում»,- պատմում է Սոնա Սիրադեղյանը:
Կարդացեք նաև
Խուզարկել են նաեւ տան տանիքը: Յուրիկ Մամյանի տան խուզարկողներից մեկը, խավարի մեջ անհաջող դնելով ոտքը, գլխիվայր կախվել է տանիքից: Ի վերջո, նրա գործընկերները փրկել են ձախորդ խուզարկուին: Իրավապահները տան նկուղում գտնվող սնդուկում, փոքրիկ մետաղյա արկղի մեջ, ինքնաձիգի փամփուշտներ են հայտնաբերել: «Յուրիկը, ես, Վահեն անխելք չենք, մենք գիտենք, որ քաղաքական հետապնդման ենք ենթարկվում: Եթե մեր նկուղում փամփուշտներ լինեին, այգում վաղուց թաղած կլինեինք: Նրանք իսկույն գտան՝ ինչ-որ փնտրում էին, հետո սկսեցին ողջ տունը խուզարկել»,- ասում է տիկին Սոնան:
Վահեի կինը՝ Լորետան, ասել է, որ հնոտիքով լի այդ սնդուկը մի քանի օր առաջ մաքրել է, սակայն այնտեղ փամփուշտներ չեն եղել: «Ամուսինս զայրացած դիմում էր ազգային անվտանգության եւ ոստիկանության աշխատակիցներին՝ դուք եք դրել այս փամփուշտները: Նա հրաժարվեց ստորագրել խուզարկության արձանագրությունը,- վկայում է տիկին Սոնան:- Ես էլ ասացի, որ սա Ռոբերտ Քոչարյանի ձեռագիրն է»: «Յուրիկը կյանքում իր ձեռքը ո՛չ հրազեն, ո՛չ էլ փամփուշտ է վերցրել»,- վկայում է նրա հորեղբորորդի Ֆրունզիկը:
Իմ այցի ժամանակ Սոնա Սիրադեղյանը դարձյալ աղջկա տանն էր: Միասին գնացինք իրենց տուն: Տան դռները կողպված չէին, թեեւ հարսը՝ Լորետան, երեխաների հետ գնացել էր հորական տուն: Մամյանների ընտանիքը դռները փակելու սովորություն չունի: Նկուղը, որտեղ հայտնաբերել էին փամփուշտները, նույնպես կողպված չէր: Ավելին, նկուղի պատուհանը փակված էր տախտակներով, որոնց արանքի մեծ ճեղքից ցանկացած մարդ կարող էր մտնել ներս: Ինչպե՞ս կարող էր զինամթերքը նման պայմաններում թաքցվել:
Մամյանների տան խուզարկությանը զուգահեռ, գիշերով սահմանամերձ Կոթի գյուղում խուզարկել են Վանոյի եղբոր՝ Կոթի գյուղի 72-ամյա բնակիչ, կենսաթոշակառու Սերյոժա Սիրադեղյանի բնակարանը եւ հայտնաբերել «ՏՕԶ» տեսակի հրացան: Սոնա Սիրադեղյանի խոսքերով՝ իր եղբայրն օրինական գրանցված մի զենք ունի, չգիտի՝ դա հենց հայտնաբերվա՞ծն է, թե՞ ոչ: Սերյոժա Սիրադեղյանի 4 որդիներն ակտիվորեն մասնակցել են Արցախյան ազատամարտին, տղաներից Սամվելը մարտնչել է Ղարաբաղում: Նա զենքի անհաջող փորձարկումից կորցրել է դեմքի կեսը, դարձել ցմահ հաշմանդամ: Սերյոժայի թոռները մեծացել են ադրբեջանական ռմբակոծություններից պատսպարվելու համար կառուցված նկուղ-ռմբապաստարանում: Նրա տունը սահմանից, ադրբեջանական խրամատներից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա է գտնվում: Ադրբեջանի հետ 38 կմ սահման ունեցող Կոթի գյուղում վերջին տարիներին անասունների եւ նույնիսկ մարդկանց առեւանգման բազմաթիվ դեպքեր են եղել, որոնց հետքերը տարել են Ադրբեջան: Այնտեղ՝ սահմանին մոտ ապրողները իրենց ապահով չեն զգում:
Եղբոր եւ ամուսնու ձերբակալությունից հետո տիկին Սոնան գնացել է Նոյեմբերյանի ոստիկանություն, որտեղ նրան հավաստիացրել են, թե շուտով Սերյոժային եւ Յուրիկին ազատ կարձակեն: Սակայն նրանց տեղափոխել են Երեւան՝ Ազգային անվտանգության ծառայության մեկուսարան: Ներկայումս Վանո Սիրադեղյանի՝ Երեւանում բնակվող եղբայրը՝ Սեյրան Սիրադեղյանը, փաստաբան է վարձել եղբոր եւ փեսայի շահերը պաշտպանելու համար:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ