Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորը՝ հեռուստաաշտարակի վրա

Փետրվար 28,2008 00:00

Փորձում են հեռուստաաշտարակը խլել անկախ լրատվական ալիքի ձեռքից

Արդեն երրորդ օրն է, ինչ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է հասարակական հնչեղություն ունեցող դատավարությունը՝ հեռուստաաշտարակի շուրջ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության ու Գյումրիի քաղաքապետարանի վիճաբանությունը: Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ցուցադրելուց հետո իշխանությունները «ԳԱԼԱ»-ին ծնկի բերելու անպատվաբեր գործի մեջ ընդգրկեցին նաեւ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Վերջինս էլ ստիպված եղավ հապշտապ սեփականության վկայական հանել ու տեր կանգնել «ԳԱԼԱ»-ի զբաղեցրած տիրազուրկ հեռուստաաշտարակին: Քաղաքապետի «ուսերին դրվեց» նաեւ հեռուստաաշտարակը հեռուստաընկերության ձեռքից խլելու հանձնարարականը, ուստիեւ վերջինս նախագահական ընտրություններից երկու ամիս առաջ դատի տվեց Գյումրու լրատվական ալիքին՝ պահանջելով անհապաղ ազատել տարածքը: «ԳԱԼԱ»-ն էլ իր հերթին դատի տվեց քաղաքապետարանին՝ հարկադիր սերվիտուտ սահմանելու, այն է՝ հեռուստաաշտարակի օգտագործման պահանջով: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում միաժամանակ քննվում են թե՛ քաղաքապետարանի եւ թե՛ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության ներկայացրած հայցերը: «ԳԱԼԱ»-ի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Թումանյանը բացարկ հայտնեց դատավոր Արմեն Խաչատրյանին, քանի որ նա քաղաքապետարանի իրավաբան Արա Սարգսյանի պահանջով մերժում էր հեռուստաընկերության փաստաբանի բոլոր միջնորդությունները: Կարեն Թումանյանը դատավորի դիրքորոշումը գնահատեց կողմնակալ: «ԳԱԼԱ»-ի փաստաբանը հարկադրված եղավ դատարանի դահլիճում կրկնել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝ օրերս Գյումրիի Թատերական հրապարակում հնչեցրած այն միտքը, թե «Գյումրիում երկու քաղմաս է մնացել, դա «ԳԱԼԱ-քաղմասն» է, մեկն էլ՝ «Ասպարեզ-քաղմասը», որոնցից ժողովուրդը զզվում է եւ որոնք գիշեր-ցերեկ գովերգում են Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ ՀՀՇ-ի գումարներով, վերջապես դրանք էլ մի քիչ պետք է զգաստանան»: Իսկ Գյումրիի քաղաքապետարանը հեռուստաաշտարակը «ԳԱԼԱ»-ին վարձով տալու ցանկություն չունի: Քաղաքապետարանի իրավաբանին հետաքրքրում էր, թե ինչո՞ւ «ԳԱԼԱ»-ն չի ցանկանում հեռուստաաշտարակում տեղադրված սարքավորումները տեղափոխել այլ շինություն, որին ի պատասխան «ԳԱԼԱ»-ի ներկայացուցիչը զարմանում էր. «Գյումրիում դուք երկնաքերեր ունե՞ք, որ եթեր ապահովեք»: Ի դեպ, «ԳԱԼԱ»-ի փաստաբանի միջնորդություններից բավարարվեց միայն մեկը՝ հեռուստաընկերության զբաղեցրած «հեռուստաաշտարակը տեղում զննելու եւ հետազոտելու» փորձաքննություն նշանակելը, որն էլ զայրացրեց քաղաքապետարանի ներկայացուցիչ Արա Սարգսյանին: «Իմ միջնորդությունը բաղկացած է երեք հիմնական կետից, հետազոտել հեռուստաաշտարակի հողատարածքը, ապահովել վիճաբանող կողմերի եւ նրա ներկայացուցիչների ներկայությունը, ինչպես նաեւ ՀՌԱՀ-ի մասնագետների, եւ երրորդը՝ տեսաձայնագրել, լուսանկարահանել, որպեսզի դրանք կցվեն գործին որպես իրեղեն ապացույց»,- ասաց «ԳԱԼԱ»-ի փաստաբանը: Երեկ տեղի ունեցավ հեռուստաաշտարակի տեղատեսություն եւ հայտնի դարձավ, որ դատարանը չի ապահովել ՀՌԱՀ-ի մասնագետների ներկայությունը, իսկ դա կարեւոր էր այն իմաստով, որ կապուղին տրամադրողը հենց ՀՌԱՀ-ն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել