Լրահոս
Օրվա լրահոսը

ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ «ՀԻՆ ԷՐԻՎԱՆԻ» ՎՐԱ

Փետրվար 28,2008 00:00

Ազատության հրապարակում բողոքի ցույցեր անող Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհները ցանկանում էին պատառոտել Սերժ Սարգսյանի պլակատը:

\"\"«Փետրվարի 26-ին Ազատության հրապարակի հանրահավաքը վերածվեց անձնական հաշվեհարդարի, քանի որ այնտեղ հավաքվածների մեծ մասը երեկոյան ժամը 20:30-ին հարձակվեց «Հին Էրիվանի» շենքի վրա եւ բարձրաձայն կոչերով պահանջեց հանել մեզ մոտ փակցված Սերժ Սարգսյանի պլակատը: Պլակատը չափերով բավականին մեծ է, կարծում եմ՝ հենց այդ է պատճառը, որ նրանք վրդովվել են: Հարձակվողներից մի քանիսը փորձում էին անձրեւատար խողովակների օգնությամբ բարձրանալ երկրորդ հարկի պատշգամբ ու պոկել այդ պաստառը՝ այդպիսով ապացուցելով, թե իրենք ամեն ինչ կանեն իրենց թեկնածուի համար»,- երեկ մեզ հետ զրույցում այսպես ներկայացրեց 2 օր առաջ տեղի ունեցած միջադեպը «Հին Էրիվան» հոլդինգի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը:

\"\"Այդ միջադեպի ժամանակ նրան հատկապես անհանգստացրել է իր աշխատակիցների վիճակը, որոնք 42-ն են եւ չափազանց վախեցած էին. «Մարդիկ եկել են իրենց սովորական աշխատանքին, ոչ թե պատերազմի, ինչո՞ւ պետք է տուժեն, չէ՞ որ ես եմ նրանց համար պատասխանատվություն կրում, ի՞նչ պետք է ասեի նրանց ընտանիքի անդամներին, եթե իմ աշխատողներից որեւէ մեկին բան պատահեր: Նրանց ընտանիքի անդամները նրանց աշխատանքի էին ճանապարհել՝ գումար վաստակելու, այլ ոչ թե պատերազմելու մեր հասարակության մի քանի հազար անդամների հետ: Ես մի պահ ուզում էի միջամտել, քանի որ բոլորի հայացքները ինձ էին ուղղված, եւ ես էի նրանց պատասխանատուն, սակայն հասկացա, որ այդ պահին ճիշտը ոստիկաններին դիմելն է: Ես համոզված եմ, որ ընդամենը մազ էր մնում, որ այդ միջադեպը վերածվեր մասսայական արյունահեղության, եթե նրանք ներս գային, կլխճեին բոլորին, սակայն ի շնորհիվ ոստիկանության կենտրոնական բաժնի պետ Արթուր Մեհրաբյանի, որը շատ արագ արձագանքեց իմ զանգին, քանի որ մի քանի րոպեից ոստիկաններն արդեն այստեղ էին ու շարասյուն էին կազմել մեր շենքի դիմաց, կարելի է համարել՝ դա էլ փրկեց մեզ»: Ամբոխը տեսնելով, որ չի կարողանում հաղթահարել ստեղծված խոչընդոտները, սկսել է ձվեր նետել ռեստորանային համալիրի ապակեպատ պատերի ու Ս. Սարգսյանի պլակատի ուղղությամբ: Պարոն Տեր-Առաքելյանի խոսքերով՝ մեր երկրի բոլոր քաղաքացիներն էլ իրավունք ունեն իրենց կամքն արտահայտելու ու յուրաքանչյուր հարցի վերաբերյալ ունենալու իրենց կարծիքը, սակայն դա չի նշանակում, որ կարելի է հակառակ դիրքորոշում ունեցող մարդու վրա հարձակվել. «Եթե Ազատության հրապարակում հավաքվածները այսօր սատարում են Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ կանգնում են նրա կողքին, իրենց ոչ ոք նեղություն չի տալիս: Կարծում եմ, որ ոչ մեկը բարոյական իրավունք չունի անձնական հաշվեհարդար տեսնել պլակատի, հիմնարկի կամ մեր գույքի նկատմամբ, սա պայքարի միջոց չէ: Այդ մարդիկ արդեն բոլոր թույլատրելի սահմաններն անցել են, ու նրանց զոմբիացրել են: Ասեմ նաեւ, որ Սերժ Սարգսյանը այդ պլակատով չէր Սերժ Սարգսյան, բացի նրանից՝ ոչ մեկը չի կարող ինձ ասել, որ ես այն հանեմ իմ հիմնարկի վրայից: Այսպիսի միջադեպերով տուժում է մեր տնտեսությունը, եթե 8-րդ օրն են այդպիսի բաներ անում, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կանեն 18-րդ օրը: Չէ՞ որ նրանք իրենց աշխատանքին էլ չեն գնում, դրանով էլ են մեր երկրի տնտեսությանը մեծ վնաս տալիս, իսկ այդ վնասները վաղը ազդելու են մեզ վրա, մեր երեխաների վրա, մենք ենք այդ ամենը ստիպված լինելու կրկին հաղթահարել»: «Հին Էրիվան» հոլդինգի սեփականատերը համոզված է, որ այս միջադեպը հրահրված է հանրահավաքի կազմակերպիչների կողմից, քանի որ ոչ մեկը իր կամքով չի գնա ու հաշվեհարդար տեսնի պլակատի հետ, պլակատը ոչ մի վտանգ չի պարունակում: «Պատկերացնո՞ւմ եք, եթե նրանք ձվերից հետո կամ դրանց փոխարեն սկսեին քարեր նետել, ինչ կկատարվեր այստեղ, արյունահեղությունը անխուսափելի կլիներ, ոչ թե ես կանեի դա, այլ հենց իրենք»,- ասաց նա: Այդ միջադեպի ժամանակ ռեստորանային համալիրում եղել է ընդամենը 8 հաճախորդ, որոնց շատ արագ, իրենց իսկ անվտանգությունից ելնելով, դուրս են տարել:

Ցուցարարների շուրջօրյա հավաքները վախի մթնոլորտ են ստեղծում նաեւ մեր քաղաքացիների շրջանում եւ հսկայական տնտեսական վնասներ են հասցնում Օպերայի շրջակայքում գտնվող հիմնարկ-ձեռնարկություններին: Մ. Տեր-Առաքելյանի ներկայացմամբ՝ նա եւ իր ամբողջ կոլեկտիվը աղոթում են, որ այս հանրահավաքներն ու անկարգությունները ժամ առաջ վերջանան, որպեսզի բոլորը վերադառնան իրենց առօրյա աշխատանքին. «Ցուցարարները ուղղակիորեն ազդում են իմ հաճախորդների վրա, քանի որ դեռ 15-20 օր առաջ պատվիրված 50-100 հոգանոց խնջույքներին գալիս են 15-30 հոգի, բոլորը վախենում են, մեր ռեստորանային համալիրն էլ գտնվում է հենց այդ բողոքական գործողությունների կիզակետում, եւ դա բերել է նրան, որ մեր հաճախորդների հաճախելիությունը նվազել է 80%-ով: Հարսանիքներ ենք ունենում, որոնք մեր քաղաքացիները տոնում են քաղաքի ամենալավ ռեստորանում, որտեղից լավ տեսարան է բացվում Օպերայի հրապարակ, սակայն այս մթնոլորտում նորմալ տոնել չի լինում, հյուրերից շատերը չեն գալիս: Իսկ ամուսնությունը կյանքում լինում է մեկ անգամ, ո՞րն է այս մարդկանց մեղքը, որ իրենց հարսանիքը խափանում են նման ագրեսիվ գործողությունների ու ցույցերի պատճառով»: Ամեն դեպքում, պարոն Տեր-Առաքելյանը պատրաստ է մի քիչ էլ դիմանալ, սակայն՝ ոչ նյութական վնասների գնով, այսինքն՝ շենքի, պլակատի, գույքի ու մարդկանց վրա հարձակումների գնով ու սպառնալիքներ լսելով:

«Հին Էրիվանի» վրա հարձակված ամբոխը այդ թեժ պահին նաեւ անձնական վիրավորանքներ է հղել սեփականատիրոջ հասցեին, ինչ է թե՝ վերջինս չի հանում Սերժ Սարգսյանի պլակատը: «Այդ ամբոխին առաջնորդողներից մի քանիսը միջադեպի նախորդ օրը ինձ խոստանում էին ազգային հերոս դարձնել, բայց դրա փոխարեն ես պետք է հանեի պլակատը, ես մերժեցի, քանի որ դեռ վաղուց եմ ասել, որ սատարում եմ Սերժ Սարգսյանին, եւ դա ոչ մեկի համար էլ գաղտնիք չի եղել, նրանք էլ այսպիսի պատասխան տվեցին: Ինձ համար անգամ այդ առաջարկությունն էր վիրավորական, նման խոսակցությունները եւ առաջարկությունները մերժելու համար էլ սա եղավ: Նրանք տեսան, որ ես իրենց հետ չեմ համագործակցում, սկսեցին ամոթանք տալ՝ ինձ վրա ուղարկած ամբոխի միջոցով: Պետք է նշել, որ իրենք չեն իմ հեղինակությունը վաստակել, որպեսզի կարողանան ինձանից այն խլել կամ էլ ինձ ամոթանք տալ: Իրենց մերժելու համար ես դեռ սպասում եմ ավելիին եւ այսօր այդ միջադեպի մասին խոսում եմ, որպեսզի վաղվա արածները կարողանամ կապել սրա հետ»,- ներկայացրեց Մ. Տեր-Առաքելյանը:

Պարոն Տեր-Առաքելյանը պլակատի չհանելը պայմանավորեց նաեւ նրանով, որ այն Ս. Սարգսյանի քարոզարշավի ժամանակ եղած PR պլակատներից չէ. «Դա նկարել է իմ անձնական լուսանկարիչը բանակի օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետության հրապարակում կազմակերպված տոնախմբության ժամանակ, եւ այս պլակատը փակցնելը իմ անձնական նախաձեռնությունն է»: Որպես բիզնեսմեն՝ «Հին Էրիվանի» սեփականատերը ցանկանում է, որ մեր երկրում խաղաղություն ու կայունություն լինի. «Ես իմ բիզնեսը սկսել եմ մի փոքրիկ համբուրգերի կրպակից եւ այսօր հասել եմ նրան, որ ունեմ 10 հարկանի ռեստորանային համալիր, ես այս ամենին հասել եմ մեր երկրի կայունության արդյունքում: Որպես գործարար՝ ինձ պետք է կայունություն՝ իմ հետագա ծրագրերը իրագործելու եւ աշխատատեղեր ստեղծելու համար: Ես համագործակցում եմ նաեւ արտասահմանյան ներդրողների հետ եւ չեմ ուզում նրանց առջեւ կարմրել մեր երկրում ստեղծված այսօրվա իրադրության համար: Իսկ ինչ վերաբերում է պլակատին՝ լուրեր են պտտվում, որ այս պլակատը փակցրել եմ պաշտոն ստանալու ակնկալիքով: Հավատացնում եմ ձեզ, որ ես նոր չպետք է ապացուցեմ իմ նվիրվածությունը եւ սատարելու գաղափարախոսությունը: Ես պետական պաշտոն չեմ զբաղեցրել ու չեմ զբաղեցնում, չեմ էլ ձգտում պաշտոնի, քանի որ իմ ստեղծած համալիրում ես ե՛ւ նախագահ եմ, ե՛ւ վարչապետ, ե՛ւ նախարար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել