Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈԱԼԻՑԻՈՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈ՞ՒՆ Է ԿԱԶՄԱՎՈՐՎԵԼՈՒ

Փետրվար 28,2008 00:00

\"\"Վարչապետ Սերժ Սարգսյանը վստահեցնում է, թե աճպարարություն չեն համագործակցության վերաբերյալ իր կոչերը:

Հ1-ին փետրվարի 26-ին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել էր. «Երբ կձեւավորվի նոր կառավարություն՝ մարդիկ կտեսնեն, որ հաղթող նախագահը պատրաստակամություն ունի կառավարության գործունեության մեջ ներգրավել ավելի լայն շրջանակ եւ ոչ միայն՝ ՀՀԿ-ն կամ ԲՀԿ-ն»: Իսկ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում նույն օրը հայտարարել էր. «Ես այս բարձր ամբիոնից դիմում եմ նախկին թեկնածուներին եւ նրանց սատարած քաղաքական ուժերին. եկե՛ք համագործակցենք: Ընդհուպ մինչեւ կոալիցիոն կառավարության ձեւավորում»: Հետո հավելել էր. «Ես համագործակցության կոչ եմ անում երկրի բոլոր քաղաքական ուժերին ու հասարակական միավորումներին: Նորից ու նորից կրկնում եմ՝ իշխանությունը պատրաստ է համագործակցելու ընդդիմադիր բոլոր ուժերի հետ»:

Երեկ կառավարության հետ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը վարչապետից հետաքրքրվեց, թե ինչ գործողություններ է ենթադրում այդ համագործակցությունը՝ նշելով, թե բարձր է գնահատում նրա ելույթը եւ հատկապես վերոհիշյալ հատվածը: Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Իմ ելույթում ասել եմ, թե ինչպիսի համագործակցություն եմ առաջարկում՝ ընդհուպ մինչեւ կոալիցիոն կառավարության ձեւավորում: Չեմ կարծում, որ խորհրդարանի ամբիոնն այն ամբիոնն է, որտեղից պետք է մանրամասներ քննարկել: Խնդրեմ, ովքեր պատրաստ են համագործակցության, պատրաստ են արձագանքելու այդ կոչին՝ մենք գործնական հարթություն կբերենք, կսկսենք գործնականում քննարկել»: Հավելեց. «Ես երբեք որեւէ մեկին առիթ չեմ տվել, որպեսզի մտածեն, թե ես աճպարարությամբ եմ զբաղվում: Արդեն արձագանքներ կան ընդդիմության կողմից համագործակցելու: Մենք արդեն այսօրվանից աշխատում ենք: Կլինի ձեր արձագանքը՝ ձեզ հետ էլ կաշխատենք, հաճույքով»:

Հիշեցնենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Արման Մուսինյանն անմիջապես էր լրագրողներին հայտնել, թե մերժում են Սերժ Սարգսյանի համագործակցության առաջարկը: Կառավարության հետ հարցուպատասխանից հետո լրագրողները փորձեցին պարզել, թե ովքեր են արձագանքել իր կոչին, եւ Սերժ Սարգսյանը ասաց. «Ես չէի ուզենա հիմա ասել, թե ովքեր: Բայց ձեզ պիտի ուրախացնեմ՝ իրոք, արձագանքողներ եղել են ե՛ւ թեկնածուներից, ե՛ւ արտախորհրդարանական ուժերից: Իրենք կասեն դրա մասին»:

Իսկ նիստի ընթացքում «Ժառանգություն» խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ Արմեն Մարտիրոսյանի հարցն էլ էր վերաբերում ընտրական իրողություններին. «Ընտրությունների ընթացքում պատգամավորների նկատմամբ իրականացվել են բռնություններ: Վերջին մի քանի օրերի ընթացքում քաղաքական հետապնդումների զոհ են դարձել մի քանի քաղաքական, հասարակական գործիչներ, հասարակ քաղաքացիներ եւ ուսանողներ, ձերբակալվել են տարբեր հիմնավորումներով՝ ապօրինի զենք կրելուց մինչեւ հակասահմանադրական կոչեր հնչեցնելը»: Արմեն Մարտիրոսյանը նշեց, թե հետապնդումներն ընտրովի են իրականացվում: Վարչապետն ի պատասխան ասաց. «Ինձ համար անօրինական զենքն անօրինական զենք է համարվում, անկախ նրանից՝ գտնվում է քաղաքակա՞ն գործչի մոտ, պատգամավորի՞ մոտ, երկրապահ կամավորական միության անդամի՞, թե՞ ում մոտ: Եվ այդ անօրինական զենքը մշտապես առգրավվել է, հիմա դրա ծավալները մեծանում են: Եվ ես պետք է ձեզ խոստանամ, որ գնալով մեր երկրում պիտի իսպառ բացառենք անօրինական զենքի առկայությունը»:

Եթե հավատանք Սերժ Սարգսյանի պատասխանի շարունակությանը՝ նա տեղեկություն չուներ փետրվարի 23-ին Դավիթաշեն համայնքի թիվ 5 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստում մի քանի տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկի ժամանակ կատարվածի մասին: Հիշեցնենք, որ գլխավոր դատախազությանը «Ժառանգության» պատգամավորների ներկայացրած հաղորդման համաձայն՝ «Տեղամաս ներխուժեցին 50-ից ավելի սափրագլուխներ՝ ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի եւ ՀՀ նախագահի թեկնածու, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի օգնական Լեւոն Մարտիրոսյանի գլխավորությամբ: Սափրագլուխները սկսեցին ծեծի ենթարկել լրագրողներին, դիտորդներին, հանձնաժողովի անդամներին, վստահված անձանց»:

Սերժ Սարգսյանն ասաց. «Ես գոնե տեղեկություն չունեմ որեւէ պատգամավորի նկատմամբ իրականացված բռնության մասին, իրավապահ մարմիններ դիմելու փաստ չունեմ: Ես չգիտեմ՝ ո՞ւմ նկատմամբ է բռնություն իրականացվել: Երբ որ կլինեն այդպիսի փաստեր, մենք անպայման իրավապահ մարմիններից կպահանջենք, որպեսզի ընթացք տրվեն»: Ու նաեւ նշեց. «Ինչ վերաբերում է Ձեր ասած քաղաքական գործիչների ձերբակալություններին՝ ինձ համար Ջհանգիրյանը քաղաքական գործիչ չի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել