Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվար 28,2008 00:00

Քաղաքական լուծում է պետք

Ստեղծված ներքաղաքական իրավիճակից ճիշտ ելքը սա է համարում Հրանտ Խաչատրյանը

«Ես եղել եմ Ազատության հրապարակում. այսօր այնտեղ գտնվող մարդկանց որակը ոչնչով չի զիջում մինչ օրս այդ հրապարակում իրենց իրավունքները պաշտպանելու դուրս եկած մարդկանց որակին: Չի կարելի նրանց արեւածաղիկ կամ «պերաշկի» ուտող ներկայացնել, ինչպես անում են մեր պատասխանատու լրատվամիջոցները»,- երեկ «Հայացք» ակումբում հայտարարեց «Սահմանադրական իրավունք» միության նախագահ Հրանտ Խաչատրյանը: Պարոն Խաչատրյանին ոգեւորել է այն փաստը, որ այսօր Ազատության հրապարակում բազմաթիվ երիտասարդներ են հավաքվում: Սեփական իրավունքների համար նրանց ակտիվ պայքարը քաղաքական գործչին վաղվա օրվա հույս է ներշնչում, բայց նա վրդովված է, որ նույն «պատասխանատու լրատվամիջոցները՝ ի դեմս իշխանության, մեր անփորձ, առաջին քայլերն անող երեխաներին, նրանց ընկերներին մեղադրում են պետական դավաճանության մեջ: Դա նիհիլիզմի վերջն է»: Ինչ վերաբերում է ոստիկանության կողմից ցուցարարներին ներկայացվող ցույցերը դադարեցնելու պահանջներին, որովհետեւ խանգարում են տարածքի բնակիչների հանգիստը, կամ Երեւանի քաղաքապետարանի նախազգուշացումներին, թե՝ հանրահավաքներն արտոնված չեն, Հրանտ Խաչատրյանը դիմում է Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին. «1988-ից եթե չլինեին Ազատության հրապարակի հզոր ցույցերը՝ Արցախը ազատագրված կլինե՞ր: Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանն էլ էին շարժման մեջ, բոլորն էլ հիշողություն ունեն… Միշտ էլ կարելի է մի քանի բնակչից բողոք բերել, ի դեպ, դա միշտ էլ օգտագործվել է Հայաստանում՝ ցույցերը ճնշելու համար: Բացի այդ, 88-ին որոշվեց, որ Ազատության հրապարակը ազատ արտահայտվելու հրապարակ է, այնպես որ, արտոնումները անիմաստ են»:

Այս ամենում Հրանտ Խաչատրյանի համար կարեւորն այն չէ, թե ով կլինի հանրապետության նախագահը: Ավելի կարեւոր է ժողովրդի գիտակցությունը, որ ինքն է երկրի տերը: Օրինակ բերելով ԱՄՆ-ը՝ որ «Բուշի նման նախագահ ունեն», կամ Իրանը՝ «այդպիսի էքսցենտրիկ առաջնորդի գոյությունը», ասում է, որ մեծ հաշվով դա չի ազդում ժողովրդի վրա, որովհետեւ կա հստակ գործող համակարգ: «Թող ամեն մեկը մնա իր դիրքերում, ոչ մեկին չեմ ուզում մեղադրել անցյալի համար, ուղղակի կոչ եմ անում օգտագործել մտածելու ունակությունը եւ մտածել ապագայի համար»,- իշխանությանը եւ ռադիկալ ընդդիմությանը դիմում է ՍԻՄ նախագահը՝ պատրաստակամություն հայտնելով ստանձնել միջնորդի դեր եւ կողմերին հանգեցնել համախմբման՝ կառուցողական գործընթացների շուրջ, եւ գտնել քաղաքական լուծումներ: ՍԻՄ նախագահը կարծում է, որ դա է ստեղծված իրավիճակից ճիշտ ելքը: Հրանտ Խաչատրյանն այդքան էլ լավ չի պատկերացնում՝ թե ի՞նչ պետք է անել: Օրինակ է բերում քաղաքական խորհրդի ստեղծումը, որի նախադեպը, ի դեպ, Հայաստանում եղավ 1998-ին, բայց խորհուրդն ընդամենը երկու ամսվա կյանք ունեցավ: Ասում է, որ ցանկության դեպքում կարելի է մտածել եւ ձեւեր գտնել: Ի դեպ, նա այս առիթով զանգահարել է ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր թեւերի ներկայացուցիչներին: Առայժմ արձագանք չկա: Փոխարենը՝ Հրանտ Խաչատրյանը լավ գիտե, թե ինչ պետք չէ անել. «Եթե տղամարդն իրենից թույլի վրա ձեռք է բարձրացնում՝ չի կարելի նրան ուժեղ տղամարդ համարել»: Կենցաղային այս օրինակը քաղաքական դաշտում բանախոսն այսպես է մեկնաբանում. «Իշխանական ռեսուրսը չի կարելի օգտագործել խաղաղ ցուցարարների վրա»: Այս կոնտեքստում Հրանտ Խաչատրյանին Սերժ Սարգսյանի՝ Հանրապետության հրապարակում նախորդ օրն ունեցած ելույթը հուսադրել էր. «Վարչապետն ասաց, որ կողմ է խաղաղ ցույցերին եւ այլն՝ եթե… եթե այդ «եթե»-ները վերաբերում են տրամաբանական շարունակություններին՝ ապա դա ընդունելի է»: Փոխարենը՝ «Շատ ավելի կոշտ էր գործող նախագահի ելույթը: Նա առանց «եթե»-ների էր խոսում եւ խոսում էր նույն սխեմայով, ինչով ժամանակին խոսում էր առաջին նախագահը, հետո՝ ինքը, որից հետո կիրառվել են ուժային լուծումներ»: Արդյունքում, քանի որ իշխանական թեկնածուի նախորդ օրն անցկացրած հանրահավաքից հետո «ժողովրդի հետ եմ» արտահայտությունը, ըստ բանախոսի, այլեւս դավաճանություն չի համարվում, Հրանտ Խաչատրյանն ասում է, որ ՍԻՄ-ը ժողովրդի հետ է. «Այն ժողովրդի հետ, որն ունի խնդիրներ, որը բոլոր ինը թեկնածուների ոգեւորիչ ելույթներից ոգեւորված՝ փորձում է Հայաստանում իրականացնել համակարգային փոփոխություններ՝ անկախ նրանից, թե ով որ թեկնածուին է տեսնում այդ փոփոխություններն իրականացնող: Ես տագնապած եմ, բայց հուսահատ չեմ»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել