Հանրահավաքի մասնակիցներն էլ պատասխանեցին
Երեկ ՀՀ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, թե՝ «արդեն յոթ օր է, ինչ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա կողմնակիցները, չնայած բազմաթիվ զգուշացումներին, շարունակում են չարտոնված հանրահավաքները, երթերն ու նստացույցը», եւ ցուցարարներին կոչ էր արել «դադարեցնել ապօրինի գործողությունները, չխախտել հասարակական կարգն ու քաղաքացիների անդորրը եւ չկազմալուծել մայրաքաղաքի բնականոն կենսագործունեությունը»։ Կրկնելով Ռոբերտ Քոչարյանին եւ ատամներ կրճտացնելով՝ ոստիկանությունը նաեւ հայտարարել էր, որ «վճռական է եւ օրենքով իրեն վերապահված իրավասությունների շրջանակում պաշտպանելու է երկրի սահմանադրական կարգն ու հասարակական անվտանգությունը»: Ի պատասխան սրա՝ երեկ էլ Ազատության հրապարակում հավաքվածները հաստատեցին, որ շարունակելու են բողոքի իրենց հանրահավաքներն ու մյուս միջոցառումները, քանի դեռ կատարված չէ իրենց պահանջը՝ չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները: Մի փոքր շեղվելով հանրահավաքային թեմայից՝ նշենք, որ երեկ ՀՀ ոստիկանության հայտարարությանը պատասխան հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ քաղաքացի Մեսրոպ Հարությունյանը: Նա նախ՝ հայրենի իրավապահներին խորհուրդ է տվել հայտարարություն անելուց առաջ օրենք կարդալ եւ տերմինները ճշտել, որովհետեւ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում չկա արտոնված կամ չարտոնված հանրահավաք հասկացությունը, ինչպես նաեւ չկա հրապարակային միջոցառումն արտոնելու կամ չարտոնելու պահանջ: Նա նաեւ հատուկ ոստիկանների համար մեջբերել է ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածը՝ «Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք»:
Դառնանք երեկվա հանրահավաքին, որտեղ ՀՀ առաջին նախագահն ու նաեւ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել են ե՛ւ Ռ. Քոչարյանի, ե՛ւ ՀՀ ԱԱԾ-ի վերջերս արած հայտարարություններին: Ն. Փաշինյանը, անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից հնչեցված այն մտքին, թե մեր երկրում պետական հեղաշրջում է կատարվում, ասաց. «Այո, կատարվում է պետական հեղաշրջում, եւ կատարվում է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմից, մենք էլ այստեղ հավաքվել ենք այդ հեղաշրջումը կանխելու համար»: Նրա դիտարկմամբ, Ռ. Քոչարյանը եւ Ս. Սարգսյանը ուզում են կրիմինալ հեղաշրջում կատարել, իսկ իրավապահները չեն կատարում իրենց՝ օրենքով վերապահված լիազորությունները, քանի որ գտնվում են մականունավոր պաշտոնյաների վերահսկողության տակ: Նա ասաց, թե իշխանության հույսն այն է, որ եւս մի քանի օր, եւ Ազատության հրապարակում մարդ չի մնա: Իշխանությունը, ըստ Փաշինյանի, Ս. Սարգսյանի տապալված հանրահավաքից հետո Ավանի ճանապարհին գտնվող «Հարսնաքար» ռեստորանում անգամ «դարդից մի լավ խմել է», ու նրանց վերջին կենացը եղել է այն բանի համար, որ վաղը հրապարակում մարդ չմնա: «Մարդիկ հրապարակում կմնան այնքան ժամանակ, քանի դեռ Ռ. Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն հեռացել»,- հավաստիացրեց Փաշինյանը:
«Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը առաջին իսկ օրվանից եղել է անօրինական»,- հայտարարեց Լ. Տեր-Պետրոսյանը՝ հիշեցնելով, որ օրենքից խոսող Ռ. Քոչարյանը, 1998-ից ի վեր խախտելով երկրի Սահմանադրությունը, առաջադրվեց որպես ՀՀ նախագահի թեկնածու, որ Ռ. Քոչարյանն այդ իրավունքը չուներ նաեւ 2003-ին: «Երբ նախագահն է Սահմանադրություն խախտում՝ սա պետության վերջն է, նախագահը Սահմանադրության առաջին եւ միակ երաշխավորն է»,- հիշեցրեց Տեր-Պետրոսյանը՝ մատնանշելով նաեւ նախկինում եւ վերջերս էլ նրա կողմից կատարված սահմանադրական այլ խախտումների մասին: Օրինակ՝ «նախագահը որեւէ նախարարի կարող է ազատել միայն այն ժամանակ, երբ նման առաջարկ է ստանում վարչապետից: Այդպիսի առաջարկ չստացած՝ Ռ. Քոչարյանը աշխատանքից հեռացրել է պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին», շարժմանը միացած մեր դիվանագետներին զրկել է դիվանագիտական, արտակարգ եւ լիազոր դեսպանի կոչումներից, թեեւ, Տեր-Պետրոսյանի մատուցմամբ՝ «մեր Սահմանադրությամբ այսպիսի իրավասություն նախագահը չունի»: «Հիմա այդ մարդը խոսում է ինչ-որ մարդկանց կողմից խուլիգանություններ անելու, չարտոնված միտինգներ անցկացնելու մասին: Նա, ով այդպիսի կոպտագույն կերպով խախտել է Սահմանադրությունը, ընդհանրապես որեւէ մեկին քննադատելու, մատ թափ տալու իրավունք չունի: Եթե մեր արածը խուլիգանություն է, նրա արածը հազարապատիկ խուլիգանություն է»,- նկատեց ՀՀ առաջին նախագահը: Տեր-Պետրոսյանի այս դիտարկմանը Ազատության հրապարակը արձագանքեց «ամոթ» վանկարկումներով:
Երեկ առաջին նախագահը, ի տարբերություն նախորդ օրերի, մոտ կես ժամանոց իր ելույթում խոսեց նաեւ Ղարաբաղի հիմնախնդրի, «Հոկտեմբերի 27»-ի, ՍԴ դիմելու իր մտադրության մասին, բայց նրա ելույթի առանցքը էլի ընտրություններն էին. «Մենք մի հարց ենք լուծում՝ այս երկրից կա՛մ Սերժ Սարգսյանն է հեռանում, կա՛մ ժողովուրդը»:
Երեկ էլ Տեր-Պետրոսյանի աջակիցները ավանդական երթ արեցին՝ ուղղվելով նախ՝ Հանրապետության հրապարակ, ապա նաեւ գլխավոր դատախազություն, եւ պահանջեցին իրենց զինակից ընկերներին ազատ արձակել:
Ինչպես նախորդ օրերին, երեկ էլ Ազատության հրապարակում երգում եւ պարում էին, պարեց նաեւ ՀՀ առաջին նախագահը՝ իր երկու թոռնիկների հետ: Հանրահավաքի ընթացքում ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանին խնդրեցինք մեկնաբանել վերջին երկու օրերին իշխանական ճամբարից, նաեւ տարբեր տրամաչափի հասարակական գործիչների եւ արտիստների, ՀՀ օմբուդսմենի եւ ԵԱՀԿ գործող նախագահի կողմից հնչող՝ իշխանությունների եւ ընդդիմության երկխոսության առաջարկները: Ա. Զուրաբյանն ասաց, թե երկխոսություն եւ փոխզիջում կարող է լինել միայն մեկ խնդրի շուրջ՝ չեղյալ համարել ընտրությունները եւ նշանակել նորը: ՀՀՇ վարչության նախագահը միաժամանակ նկատեց, թե այդպիսի երկխոսության միտում, ցավոք. իշխանության կողմից չի նկատվում: Երեկ ՀՀ վարչապետ Ս. Սարգսյանը հայտարարեց, թե ընդդիմադիր ճամբարում ոմանք ընդունել են համագործակցելու իր առաջարկը: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք խոսքը վերաբերո՞ւմ է նաեւ Տեր-Պետրոսյանին, Ն. Փաշինյանը դա բացառեց եւ հեգնանքով ասաց, որ Ս. Սարգսյանի առաջարկն ընդունած «ընդդիմությունը» Արտաշես Գեղամյանն է: