Երեկ «Մալաթիա» տոնավաճառի առեւտրականներին նույնպես ստիպողաբար տարել են Սերժ Սարգսյանի պատվին կազմակերպված հանրահավաքին: Չնայած Ս. Սարգսյանի կողմնակիցների միտինգը նախատեսված էր ժամը 15-ին, սակայն տոնավաճառի տնօրինությունը արդեն ժամը մեկից սկսած՝ մարդկանց տոնավաճառից հանում էր: Ժամը 14-ի դրությամբ տոնավաճառի պատասխանատուները դարպասներն արդեն կողպում էին, որպեսզի ոչ ոք առեւտուրը շարունակելու համար հետ չգնա: Տոնավաճառ այցելած քաղաքացիները հնարավորություն չունեցան առեւտուր անելու, քանի որ այն փակ էր: Դարպասները կողպող աշխատակիցներից փորձեցինք ճշտել, թե ինչու են մարդկանց ստիպողաբար ուղարկում միտինգի, նրանցից մեկը, որն այդպես էլ չցանկացավ ներկայանալ, խիստ բորբոքված ասաց. «Չեք էլ ամաչում, այդ ինչ հարցեր եք տալիս: Մենք ո՞ւմ ենք այստեղից հանում, բոլորն էլ իրենց կամքով են գնում, դուք այստեղ կանգնած եք, նման բան տեսա՞ք»: Երբ մեր զրուցակցին խնդրեցինք ներկայանալ, ասաց՝ Ձմեռ պապիկ: Բացի այն, որ մարդկանց ցույցի ստիպողաբար են տարել, առեւտրականներից ոմանք մեզ հետ զրույցում պատմեցին, որ տոնավաճառի տնօրեն Ռադիկ Սարգսյանը անգամ տաղավարի այդ մեկ օրվա վարձը չի զիջել եւ ամեն օրվա նման 5-6 հազար դրամ գանձել է: Երբ մենք լուսանկարում էինք տոնավաճառի տարածքը, տեղի աշխատողներից մի քանիսը կարծելով, թե Ս. Սարգսյանի թիմակիցներից ենք եւ եկել ենք ստուգելու, թե միտինգի գնացել են, մոտեցան մեզ եւ սկսեցին բղավել. «Առաջ, Հայաստան, մենք Սերժ Սարգսյանին ենք ընտրել, հիմա գնում ենք Հանրապետության հրապարակ մեր ընտրած թեկնածուին պաշտպանելու»: Սակայն երբ տեղեկացան, որ լրագրող ենք՝ պատմեցին, որ իրենց իրոք ստիպողաբար են տանում ցույցի. «Սենց են անում, էլի, որ գնում ենք ընտրության եւ, միեւնույն է, Սերժ Սարգսյանի օգտին չենք քվեարկում, այլ ընդդեմ նրա: Հակառակ նրան՝ ընտրում ենք Լեւոն Տեր-Պետրոսյանին»: Առեւտրականներից մեկը, որը գլխի գալիքն իմանալով՝ չցանկացավ ներկայանալ, մեզ հետ զրույցում պատմեց. «Մարդիկ վախեցած են, ոչ մեկն էլ չի ցանկանում գնալ ցույցի, ինչո՞ւ գնան, հենա կկանգնեն այստեղ՝ մի երկու կոպեկ ավել գումար կվաստակեն: Տոնավաճառի տերը՝ Ռադիկ Սարգսյանը, առաջիններից է, որ գնում է Սերժ Սարգսյանի ցույցերին: Նա ստիպում է, որպեսզի ցույցի հրապարակում վաճառականները հերթով մոտենան ու իր ձեռքը սեղմեն, որպեսզի, այսպես ասած, ներկա-բացակա անի ու համոզվի, որ բոլորն են եկել: Նա իր բոլոր աշխատակիցներին եւ առեւտրականներին մեկ առ մեկ ճանաչում է եւ եթե որեւէ մեկը համարձակվի չգնալ՝ իր տաղավարից կզրկվի: Ո՞վ կցանկանա մի օրվա համար իր տեղից զրկվել, մանավանդ որ 30-40 հազար դոլարի պարտքեր ունեն: Թեկուզ իրենց կամքին հակառակ՝ կգնան»: «Մալաթիա» տոնավաճառ եկած գնորդներից մեկի՝ Լյուդմիլա Կիրակոսյանի խոսքերով էլ. «Ամոթ է մեզ, ինչո՞ւ են ժողովրդին իրար դեմ հանում: Ով աշխատանք ունի՝ գնում է Սերժ Սարգսյանի միտինգին, որ այդ աշխատանքից չզրկվի, շեֆերն են այդպես ուզում, ով չունի՝ գնում է Լեւոն Տեր-Պետրոսյանի միտինգին, որ հետո աշխատանք ունենա: Այդ խեղճ ու կրակ առեւտրականներին էլ զոռով տանում են, ինչ է թե՝ Մալաթիա-Սեբաստիայի թաղային հեղինակությունները ամոթով չմնան ու նորմալ մարդաքանակ ապահովեն վարչապետի միտինգին»: