Ժողովրդավարական երկրներում պետության սահմանադրական պարտականությունների մեջ է մտնում ապահովել ընտրությունների օրինական ընթացքը: Պետության իշխանական թեւերը, մասնավորապես՝ դատական ու գործադիր մարմինները պատասխանատու են դրա համար, իսկ երկրի նախագահը, իր հերթին, սահմանադրական կարգի պահպանման երաշխավորն է: Հաշվի առնելով, որ «օրինական» բառը մեր պետության մեջ դեռեւս ինչ-որ վերացական ու անհասկանալի ածական է, փորձենք համադրելով վերոհիշյալ բանական կանոնները, բնութագրել ՀՀ հերթական ընտրությունները: Արդյունքում կարելի է արձանագրել. ցավոք, պետական համակարգը հերթական անգամ իրեն դրսեւորեց անգրագետ խոհարարի մակարդակով: Այսինքն, կարծես ընտրությունների (ու ընդհանրապես ՀՀ-ում կատարվող մնացած բոլոր պրոցեսների) համար բոլոր անհրաժեշտ կոմպոնենտները, այդ թվում նաեւ՝ ընդդիմություն, առկա են (ինչպես աղցանի համար անհրաժեշտ բոլոր բանջարեղենները), եւ նույնիսկ ունենք արտերկրում պատվիրված «ֆիրմա» քվեատուփեր (ինչպես սալաթի համար անհրաժեշտ էկզոտիկ համեմունքները) ու «բարձր տեխնոլոգիաների» վերջին շնչին համապատասխան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայք, այնուամենայնիվ՝ սալաթը անհաջող էր: Դե, իշխանական թեւի ներկայացուցիչները (սալաթի հեղինակները) կպնդեն, որ սալաթը աննախադեպ համով է ստացվել: Ընդդիմությունը, բնականաբար, կվրդովվի, թե՝ «էս սալաթ չի, թանապուր ա», իսկ միջազգային կարգի խոհարարները (եվրոպական ու միջազգային դիտորդները) դիվանագիտորեն կարձանագրեն. «սալաթը ընդհանուր առմամբ սալաթ է, սակայն բենզինի հոտ է գալիս»: Փորձեմ կանխատեսել միջազգային դիտորդների գնահատականը. «հաշվի առնելով աննշան թերությունները, ՀՀ նախագահի ընտրությունները ընդհանուր առմամբ համապատասխանում են եվրոպական չափանիշներին (ուշադրություն՝ կախարդական ընդհանուր առմամբ բառակապակցության վրա) եւ մի քայլ առաջ են դեպի ժողովրդավարական ստանդարտներ»: Ամեն ինչ կարծես թե հիանալի է, եթե, իհարկե, չհետաքրքրվենք՝ «տեսնես մինչեւ էդ չարաբաստիկ ժողովրդավարական ստանդարտները քանի՞ քայլ է»: Դե, մենք հազարամյակներ գոյատեւած ժողովուրդ ենք՝ մի 500 քայլի եղածն ինչ է մեզ համար, որ…