Երբ շրջանառության մեջ մտավ ընտրության թեման, դրանից անբաժան էր ընտրակեղծիքների, ընտրակաշառքների վարկածների քննարկումը:
Այդ մտածելակերպը հենց այնպես չի ծնվել, նախորդ բոլոր մակարդակների ընտրությունների հետեւանքն է, որ, ամեն անգամ կրկնվելով, ամրապնդել է այս մտածելակերպը:
«Մենք տրամադրված ենք անցկացնել իսկապես լավ ընտրություններ»,- ասաց ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը, ընդունելով ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի դիտորդական խմբին: Ի՞նչ է նշանակում «լավ ընտրություններ»՝ ըստ Քոչարյանի. լավ ընթացքո՞վ, թեկնածուների լավ ելույթներո՞վ, բարեկիրթ պահվածքո՞վ, ժողովրդի աշխույժ մասնակցությա՞մբ, թե՞ նախագահի՝ իրեն ցանկալի թեկնածու ընտրելով: Գուցե «լավ ընտրություններ» ասելով նա նկատի ունի, որ ընտրությունը պետք է ընթանա պահպանելով Սահմանադրությամբ ամրագրված կա՞րգը, օրե՞նքը, բոլոր թեկնածուների համար ընտրապայքարի հավասար պայմաններ ստեղծե՞լը, լրատվամիջոցների անաչառ վերաբերմո՞ւնքը: Սակայն անձնական պահվածքով արդեն երկրի նախագահը չկարողացավ կատարել ընտրության ընթացքում իր անկողմնակալ լինելու պայմանն ու հավասարապես սատար կանգնել բոլոր թեկնածուներին: Նա անթաքույց համակրանք ու հովանավորչություն էր արտահայտում՝ ի նպաստ Սերժ Սարգսյանի: Ընտրել Ս. Սարգսյանին, նշանակում է հաշտվել անհանդուրժելի իրավիճակին, ապրել սեփական երկրում մոռացված ու արհամարհվածի կարգավիճակով, մի քանի տարի եւս կքել հոգսերի ու անլուծելի խնդիրների բեռի տակ: Նշանակում է եւս մի քանի տարի ժողովրդի ճակատագիրը վստահել մի ուժի, որի ղեկավարած երկրում բնակչության 1/3-րդն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ, իսկ մյուս մասը պահպանում խղճուկ գոյություն: Օգտագործելով պետական քարոզչամեքենան, իշխանությունը փորձում է համոզել, որ կյանքը լավանում է, որ նախորդ տարիների համեմատ տնտեսական աճ կա, որ իշխանական համակարգը ժողովրդի համակրանքն է շահել, իսկ վերջինս չի ձգտում արմատական փոփոխության: Սակայն փաստ է, որ այդ աճը բնակչության կյանքի բարելավում չի գրանցել:
Ընտրել Լեւոն Տեր-Պետրոսյանին, նշանակում է ետ գնալ դեպի այն տարիները, որոնք ծնեցին ներկան: Օրենքով պաշտպանված չլինելու, ախպեր տղերքի կամայականություններով երկրի ճակատագիրը տնօրինելու իրավիճակը ու իշխանության սանձարձակ պահվածքն է, որը մարդկանց մի ստվար զանգվածի ստիպեց հայացքը ետ դարձնել դեպի Նախկինը: Բայց վերջինս գալիս է չարացած, անձնավորված ատելությամբ լի հայտարարություններով: Տեր-Պետրոսյանն իր շուրջն է համախմբել ներկայիս իշխանության կողմից մերժվածներին, նեղացածներին եւ հասարակության հուսահատ այն հատվածին, որն ասում է՝ ով ուզում է լինի, միայն թե սրանք չլինեն: Տարիներ առաջ այս նույն ժողովուրդը ձեռքերի վրա իշխանության բերեց Լ. Տեր-Պետրոսյանին, որի դիմաց նա ժողովրդից պահանջեց, որ «ըմբռնումով մոտենա», հարեւան-բարեկամներից պարտք վերցնի, տան կահկարասին վաճառելով դիմանա, մինչեւ ինքը եւ «շարժման տղերքը» «մեր դեմ խաղ չկա» արտահայտություններով յուրացնեն ու վաճառեն երկրի հարստությունը, «կազմաքանդեն» տնտեսությունը, զարկ տան արտագաղթին: Լ. Տեր-Պետրոսյանի քաղաքական ասպարեզ վերադառնալը գնահատելի մեկ կողմ ունի միայն. բնակչության քաղաքականապես գործուն մասը թմբիրից արթնացավ, նրանք, ովքեր իրենց վիճակին հարմարված կրում էին մատաղացու գառան ճակատագիրը, գիտակցեցին, որ ուժ են, որ պետք է պահանջել չոտնահարել իրենց իրավունքները եւ կարող են ազդել նախագահի ընտրության ընթացքին, տնօրինել իրենց ճակատագիրը: Դրանով ի չիք դարձավ Քոչարյան-Սարգսյան՝ նախագահի աթոռը փոխանցելու պարզ ծրագիրը, ըստ որի, նախագահն արդեն ընտրված էր եւ ընտրությունը ձեւական բնույթ էր կրելու:
Նախագահի աթոռի համար պայքարող թեկնածուներից մի քանիսը գիտեին, որ չունեն այն ժողովրդականությունը եւ ուժը, որ կարողանան իրագործել իրենց ցանկությունը, բայց շարունակեցին ճանապարհը: Նախագահի մյուս թեկնածուներն էլ ընտրությանը մասնակցեցին իրենց գոյությունը հիշեցնելու համար: Քարոզարշավն անցավ խիստ լարված պայմաններում՝ ահաբեկման, սպառնալիքի, ծեծկռտուքի մթնոլորտում: Թեկնածուներն էլ չզլացան իրագործելի ու անհավանական խոստումներ շռայլել: Այս խոստումներն այն պատճառով էին ընդունելի, որ փաստեցին՝ այդ բոլոր խնդիրներն առկա են: Նույնիսկ իշխանության թեկնածուն խոստովանեց բաներ, որոնք նախկինում մտքի ծայրով չէր անցկացնի, անգամ ներողություն խնդրեց իր եւ ուրիշների արարքների համար: Սույնով նա փաստեց, որ ՀՀ բնակիչները նվաստացուցիչ կարգավիճակում են եղել մինչ այժմ:
Հայտնվել ենք իրավիճակում, երբ մերժելով ներկան, անկարելի է նախկինի վերադարձը հանդուրժելը, բայց ակնհայտ է՝ քաղաքական ուժը, որ կարող է ստանձնել երկիրը զարգացնելու բեռը, դեռ ձեւավորված չէ: Բայց «ներքեւում» այլեւս չեն ուզում այսպես ապրել, իսկ «վերեւում» չեն կարող այսպես կառավարել: Կարեւորն ընտրությունը չէ, այլ՝ հաջորդող «վիճակները»: