Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱԿԻՍՏԱՆԻՑ ՀԵՏԱՄՆԱՑ, ՍՍՀՄ-ԻՆ ՀԻՇԵՑՆՈՂ

Փետրվար 27,2008 00:00

Հայաստանի վիճակը կփոխվի՞

Ռազմական հեղաշրջման արդյունքում ժամանակին իշխանությունը գրաված Պակիստանի ղեկավարությունը կարող է կազմակերպել արդար եւ ազատ ընտրություններ մի երկրում, որտեղ միայն վերջերս դաժանաբար սպանվեց նախկին վարչապետը եւ ընդդիմադիր կուսակցության ղեկավարը: (Գործող նախագահի կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքում զբաղեցրեց ընդամենը երրորդ տեղը): Իսկ մենք՝ չենք կարող: Հայաստանում ընտրության ճանապարհով իշխանություն փոխելն ուտոպիա է դառնում: Հանցավոր տարրերի հետ սերտաճած իշխանության վերարտադրությունը դրվել է պաշտոնական հիմքերի վրա, որի գագաթում պետության ղեկավարներն են՝ նախագահը, վարչապետը եւ ԱԺ նախագահը՝ պետական այրեր, որոնք ի պաշտոնե պարտավոր են Սահմանադրության երաշխավորները լինել:

Մեր պետությունը գնալով ավելի է հիշեցնում Խորհրդային Միությունը: Զուգահեռները բազմաթիվ են: Անկախ եւ ազատ հեռուստատեսության բացակայություն. բոլոր հեռուստաալիքները քարոզչամեքենայի հլու կամակատարներն են: «Հայլուր»-ական տեղեկատվական անսանձ տեռորը գերազանցել է 80-ականների վերջի «Վրեմյա»-ի կողմից սահմանված կեղծիքի ու ապատեղեկատվության բոլոր ռեկորդները: Գնում է մարդկանց ուղեղների լվացման ապաշնորհ գործընթաց: Բարեբախտաբար, մարդիկ են ուրիշ եւ ազատության համը մեկ անգամ զգացողն արդեն ստրկության մեջ ապրելու հետ դժվար թե համակերպվի: Ռադիոլրատվական դաշտը կրկին իշխանության հսկողության տակ է, բացառությամբ «Ազատություն» ռադիոկայանի, որի մեկժամյա թողարկումներին մարդիկ սպասում են տեղեկատվական ծարավը հագեցնելու համար: Ինչ խոսք, ազատ տպագիր եւ էլեկտրոնային մամուլի առկայությունն էլ տարբերությունների շարքում է, բայց արի տես, թե բնակչության որ հատվածին են հասանելի սահմանափակ տպաքանակով թերթերն ու ինտերնետը:

Բայց ամենակարեւորն այն է, որ ներկայիս Հայաստանում մենք ապրում ենք վախի, փոքրոգության, անսկզբունքայնության ու ծախվածության անտանելի մթնոլորտում, երբ մարդու արժեքների բնական համակարգը հետեւողականորեն խաթարվում եւ դեֆորմացվում է իշխանությունների կողմից, մարդիկ վախենում են իրենց միտքը բարձրաձայնել: Բռնազավթված է մարդու գլխավոր՝ ազատության իրավունքը: Փորձ է արվում ստեղծել հասարակաքաղաքական հարաբերությունների համակարգ, որը բնորոշ է ստրկատիրական կամ ճորտատիրական կարգերին: Այդ նորաստեղծ հիբրիդի ճարտարապետները չեն հասկանում, որ մարդու ազատության բռնազավթումը եւ հայ սուբյեկտի զոմբիացմանն ուղղված ճիգերը հղի են անկանխատեսելի հետեւանքներով:

Սրանք իրենց թալանած ավարն անժամկետ վայելելու եւ բազմապատկելու համար պատրաստ են զոհաբերել մի ողջ երկիր: Ստացվում է, որ առնվազն ամեն երկրորդն իր ձայնը տվել է Ս. Սարգսյանին: Ամենահասարակ հետաքրքրությունը մեր շրջապատում, բնակավայրում կամ աշխատավայրում բոլորիս միանշանակ կբերի այն համոզման, որ դա անհնարին է: Բացառված է, որ մեր երկրում վարչակրիմինալային տարրն ընտրազանգվածի մեծամասնությունը կազմի. դրա պոտենցիալն առավելագույնս 20% է՝ իր բոլոր հնարավոր ճյուղավորումներով:

Երբեւէ չէի քվեարկել Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին, ոչ 1991-ին, ոչ 1996-ին: Ավելին, մշտապես եղել եմ նրա անհաշտ քննադատողը: Բայց այս անգամ ձայնս տվել եմ ՀՀ առաջին նախագահին, որովհետեւ նա պետք է նախ իր պարտքը վերադարձնի ժողովրդին եւ անձամբ ուղղի իր սխալը՝ բռնապետական զույգին իշխանության բերելը: 8 թեկնածուներից միայն նա է ընդունակ ընտրվելու դեպքում (որի կայացած լինելը կասկածից վեր է) մաքրել ավգյան ախոռները եւ կազմաքանդել ավազակապետական համակարգի հիմքերը: Դա կարծես հասկացել է մեր ժողովրդի մեծամասնությունը, որի կամքի դրսեւորումը կրկին հարվածի տակ է: Այս կիսակրիմինալ իշխանության վերարտադրման մեխանիզմը չխաթարելու, մեր քվեներին տեր չկանգնելու դեպքում դատապարտված ենք մեղավոր լինել մեր սերունդների ապագայի, նահատակների շիրիմների եւ սեփական խղճի առջեւ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել