Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա վերջն է, եղբայրասպան պատերազմ կլինի»

Փետրվար 27,2008 00:00

\"\"Երեկ գուժեց հոգեբան Կարինե Նալչաջյանը

«Հայացք» ակումբի երեկվա հյուրը հոգեբան Կարինե Նալչաջյանն էր, թեման՝ քաղաքական զարգացումների հետեւանքները հասարակության հոգեվիճակի վրա: Կ. Նալչաջյանի խոսքերով, ցանկացած քաղաքական ընտրություն՝ անկախ նրանից, թե ինչպես է ընթացել, արդեն իսկ սոցիալական ճգնաժամ է: «Հասարակության այսօրվա հոգեբանական ճգնաժամը շատ լավ մտածված մանիպուլյացիայի արդյունք է: Նրանք, ովքեր այսօր ստեղծում են հասարակական տրամադրություններ, շատ լավ զինված են հոգեբանական մանիպուլյացիայի տեխնոլոգիաների իմացությամբ»,- ասաց Սերժ Սարգսյանի հանդեպ իր համակրանքով հայտնի հոգեբանը, որը հանդիպման սկզբում ասաց, թե նրա կողմից ուղարկված չէ:

Ըստ Կ. Նալչաջյանի, հասարակության այն հատվածի համար, որին անընդհատ պահում են «կիսատության էֆեկտի մեջ», ընտրությունները դեռ ավարտված չեն, ու «որոշ քաղաքական ուժերի ձեռնտու է դա»:

Հոգեբանի գնահատմամբ՝ նախագահի ինը թեկնածուներից ամենից շատ սթրեսային վիճակում հայտնվածը Լեւոն Տեր-Պետրոսյանն է. «Նրա դաշտը գտնվում է ուժեղ լարվածության մեջ, ինչն էլ դրսեւորվում է որպես վարք: Նշեմ, որ լարվածություն կա ոչ միայն մնացած պարտվածների ճամբարներում, այլեւ անգամ հաղթողի՝ Սերժ Սարգսյանի: Պատճառն այն է, որ վերջինս չի կարողանում ճաշակել հաղթանակի բերկրանքը՝ երկրում տիրող լարվածության պատճառով»: Բանախոսի ձեւակերպմամբ, լարվածությունը կարող է տանել մինչեւ պոռթկումներ, հանգեցնել ուժեղ աֆեկտի. «Այն նվազեցնելու, հանրույթին դեպի ադապտացիա գնալու համար անհրաժեշտ է շատ արագ իրականացնել խելամիտ գործողություններ»:

Հոգեբանի խոսքերով, ՀՀ առաջին նախագահը հաճախ օգտագործում է «պիտակներ փակցնելու» մանիպուլյացիա. «Եթե մարդկանց ուզում ես համոզել քո՝ ճշմարիտ լինելու մեջ, ու ցանկանում ես, որ նրանք բռնեն քո ուղին՝ անպայման հակառակորդիդ պիտակներ ես փակցնում»:

Լրագրողի հարցին՝ մի՞թե Ս. Սարգսյանը չի օգտագործել այդ մանիպուլյացիան, Նալչաջյանը կարճ պատասխանեց. «Երեւի օգտագործած կլինի»: Նա նաեւ ասաց, որ երբ ինքը գնացել է Ազատության հրապարակ, հանդիպել է իր նշած մանիպուլյացիայի փայլուն ընդհանրացումներին:

Կ. Նալչաջյանի խոսքերով, այսօր «օդը շարժողը» Լ. Տեր-Պետրոսյանի շարժումն է: Ըստ նրա՝ «Հոգեբանական պատերազմի վիճակում ենք, ազգն էլ թուլացել է՝ իր հոգեբանական պաշտպանության տեսակետից: Մյուս կողմից էլ ո՞վ է ասել, որ ազգերը հավերժ են: Բազմաթիվ էթնոսներ եկել-գնացել են: Գուցե սա էլ մե՞ր վերջն է…»: Նալչաջյանը երեկ հայտարարեց. «Իշխանություններն ու հավաքված ամբոխը պետք է ի վերջո հասկանան, թե ժողովրդի մեջ ինչքան անթեղված ատելություն կա: Եթե դա հաշվի չառնեն, չփոխեն իրենց վարքը, գործելակերպը, այս հոսանքը բոլորին կտանի: Ժողովուրդը իր ֆունկցիան կատարեց, հարկավոր է կանգ առնել, որովհետեւ հաջորդ քայլը եղբայրասպան արյունահեղությունը կլինի»:

«Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս պետք է դուրս գալ հոգեբանական ճգնաժամից, Կ. Նալչաջյանը պատասխանեց. «Նայած թե ում ես հանում ճգնաժամից: Եթե պետք է ճգնաժամից հանել մասսայական տրամադրությունների մեջ արդեն խեղված գիտակցությամբ մարդկանց՝ ուրեմն նրանց վրա այս պահին տրամաբանությունը չի ազդի»: Մեր մյուս հարցին էլ, թե ինը թեկնածուներից ո՞ւմ ելույթներն ու գործողություններն են ամենաշատն ազդել հանրության նյարդային համակարգի վրա, հոգեբանը պատասխանեց. «Բոլորն էլ ազդել են, նայած ում՝ ինչն է նյարդայնացրել: Իսկ, օրինակ, Արման Մելիքյանը, որ նոր է ի հայտ եկել, մարդկանց վրա ոչ մի կերպ չի ազդել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել