Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՍԱԴՈՒԼ ՈՒ ԵՐԹ ՉԻ՛ ԵՂԵԼ

Փետրվար 27,2008 00:00

Պնդում են լսարանների դռները «ընդդիմադիր» ուսանողների վրա փակած բուհերի ղեկավարները

Փետրվարի 14-ին պետական բուհերի ռեկտորները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որը, բնականաբար, պիտի վերաբերեր Սերժ Սարգսյանին սատարելուն: Ըստ այդ հայտարարության, ռեկտորների համոզմամբ՝ միայն Սերժ Սարգսյանի ծրագրերն են առաջընթաց ապահովող քաղաքականության եւ երկրի կայուն զարգացման երաշխիքը: Հավանաբար, հենց այս տրամաբանությամբ էլ բուհերի ղեկավարներն ամեն գնով խոչընդոտել էին օրերս Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդեպ համակրանք ունեցող ուսանողների երթին ու դասադուլին: «Առավոտի» նախորդ համարում տեղեկացրել էինք, որ, ըստ Հայաստանի պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի, օրինակ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ուրբաթ օրը լսարանների դռներն էլ են փակել ու չեն թույլատրել ուսանողներին անգամ տարրական պետքերը հոգալ: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ էլ, ընդհարումներ էին եղել ոստիկանների եւ ուսանողների միջեւ՝ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում, Բժշկական համալսարանի ուսանողներ էին ձերբակալվել եւ այլն:

ՀՀԿ-ական ռեկտոր եւ Հանրապետական կուսակցության մինի-շտաբի վերածված ԵՊՀ-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Կարեն Գրիգորյանը, սովորության համաձայն, ասաց, որ ոչնչից տեղյակ չէ: Հետո էլ «Առավոտին» հայտնեց, որ իրենց բուհում երբեք դասադուլ չի եղել: Նա ասաց, որ ուսանողն իրավունք ունի պայքարի իր ուզած ձեւին դիմելու, բայց միայն դասերից հետո, որովհետեւ բուհի ղեկավարությունը ցանկացած բացակայություն համարում է անհարգելի: Նրա խոսքով, ուսանողը պարտավոր է դասերին ներկա գտնվել, ինչ վերաբերում է նրա քաղաքական հայացքներին ու համակրանքներին, Գրիգորյանի խոսքով, դրանց վրա բուհը երբեք չի բռնանում: Երբ հիշեցրինք ռադիոֆիզիկայի ֆակուլտետում ընդհարման մասին, նա կրկին ասաց, որ տեղյակ չէ, հետո էլ հավելեց, թե իջել տեսել է, որ նման բան չկա: Կ. Գրիգորյանն առաջարկեց ոստիկանության լրատվականից ճշտել՝ միջադեպ եղե՞լ է, թե՝ ոչ:

Գյուղատնտեսական ակադեմիայի ուսումնական գծով պրոռեկտոր Յուրի Մարմարյանը «Առավոտին» ասաց. «Մենք ո՛չ դասադուլի խնդիր ունենք, ո՛չ էլ այն խոչընդոտելու: Ով ում ընտրել է՝ իրեն հալալ լինի: Բուհը ծրագիր ունի ուսումնական, ուսանողի գործը այն հասցնելն է: Ինչ վերաբերում է դասադուլին, ոչ ոք պարանով կապված չի եղել: Բայց կրկնում եմ, ե՛ւ ուսանողի, ե՛ւ դասախոսի տեղը լսարանն է, ոչ թե փողոցը»: Մեր այն դիտարկմանն էլ, որ իրենց բուհի ռեկտորը սատարում է Սերժ Սարգսյանին, հավանաբար դա է պատճառը, որ իրենք խոչընդոտել են դասադուլին, պրն Մարմարյանը պատասխանեց. «Ամեն ոք իր ձայնի տերն է, ով ում է ընտել՝ իր գործն է, կրկնում եմ՝ կարեւորը ուսումնական պրոցեսը դրանից չտուժի»:

Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը հայտնեց, որ իրենց բուհում ոչ մի դասադուլ էլ չի եղել. «Դասադուլ որպես այդպիսին չի եղել, ոչ էլ ես խոչընդոտել եմ: Մեր բուհում միշտ դաս է եղել, բացի ամսի 19-ից, հիմա էլ դասերն անցնում են նորմալ, չկան կազմակերպչական օջախներ, ինչ-ինչ ազդեցություններ, աշխատանքային մթնոլորտ է…»: Մեր հարցին՝ արդյո՞ք դա նրանից է, որ մանկավարժականի ռեկտորի եւ այդ բուհի ուսանողների քաղաքական նախասիրությունները համընկնում են, պրն Ղուկասյանը պատասխանեց. «Չեմ կարծում…դա ընդամենը ուսանողների խոհեմ, քաղաքակիրթ պահվածքն է: Իսկ մենք երբեք չենք բռնանում որեւէ մեկի իրավունքների վրա»:

Տնտեսագիտական համալսարանի ուսումնական հարցերով պրոռեկտոր Վարդան Սարգսյանը «Առավոտին» ասաց, որ նոր է վերադարձել արտերկրյա գործուղումից, հետեւաբար ոչնչից տեղյակ չէ: Հարցրինք՝ ուսանողն իրավունք ունի՞ դասադուլի, որը նույնպես պայքարի ձեւ է: «Ես կարծում եմ, որ դասադուլը միշտ էլ անընդունելի է… Իսկ կոնկրետ դեպքերի մասին ճշգրիտ տեղեկություններ ռեկտորից ստացեք»,- ասաց նա:

Բժշկական համալսարանի պրոռեկտոր Վլադիմիր Շեկոյանը մեր թերթին փոխանցեց, որ իրենք բացարձակ չեն խոչընդոտել ուսանողների երթին եւ դասադուլին. «Ուսանողներ կան, որ դասից հետո գնում են հանրահավաքի, իրենց ցանկությունն է: Իսկ դասադուլ մեր բուհում ընդհանրապես չի եղել: Անհատը կարող է գնալ, կրկնում եմ՝ իր իրավունքն է: Երկու տարի է՝ բացակայությունների հանդեպ Բժշկական համալսարանում շատ խիստ մոտեցում է ցուցաբերվում, դրա համար էլ մեր ուսանողները գիտակցաբար են մոտենում հարցին: Նրանք գիտեն նաեւ, որ դա քաղաքական իրադրության հետ ամենեւին կապ չունի, ուղղակի բացակայելը լավ չէ, քանի որ հեռակա ուսուցմամբ բժիշկ չեն դառնում: Դասերից հետո ով ուր գնում է՝ թող գնա, ոչ մի արգելք չկա, իսկ դասերը խափանելը, իհարկե, սխալ է»: Պրոռեկտորից հետաքրքրվեցինք Բժշկականի ձերբակալված ու բաց թողնված ուսանողով. «Ասում են՝ եղել է այդպիսի մեկը, իսկ թե ինչո՞ւ էին ձերբակալել, իրավապահ մարմիններից տեղեկացեք: Կոնկրետ մեր բուհում քաղաքական հայացքների, համոզմունքների համար չեն հետապնդվում»:

Նշենք, որ երեկ բոլոր բուհերի մուտքերի մոտ էլ ոստիկաններ էին խմբված, բայց դա չէր խանգարել, որ շատ ուսանողներ մասնակցեն հանրահավաքին: Երիտասարդները հայտնեցին, որ բուհերի «գրպանային» ուսխորհուրդները ռեկտորների հրահանգով այս օրերին զբաղված են նշումներ կատարելով ու զեկուցելով, թե որ ուսանողին որ ժամին որտեղ են տեսել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել